Այսօր Գեղարքունիքի մարզ կատարած այցելության ժամանակ, լրագրողների հետ զրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի հայտնի նամակին՝ ուղղված իրեն: Ս.Սարգսյանը, ըստ tert.am-ի, ասել է. «Ցավոք սրտի, այդ հայտարարությունն արված է ոչ թե սրտի ցավով և ոչ թե նպատակ ունենալով բարելավել մեր դատական, մասնավորապես, ընտրական գործընթացները, այլ ուղղակի նպատակ ուներ վարկաբեկելու սկսված գործընթացը։ Մեր նպատակն է անցկացնել շատ լավ ընտրություններ։ Վերջին երկու ընտրությունները՝ թե նախագահական, թե խորհրդարանական, միջազգային դիտորդների կողմից գնահատվել են որպես միջազգային չափանիշներին հիմնականում համապատասխանող ընտրություններ։ Մեր նպատակն այն է, որ այդ «հիմնականում»-ը հանվի, այսինքն դառնա միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններ։ Այդ նպատակով մենք բազմաթիվ փոփոխություններ մտցրեցին Ընտրական օրենսգրքի մեջ, որոնք արժանացան մեր եվրոպական և բազմաթիվ այլ ընկերների հավանությանը։ Այսինքն մենք նաև կոնկրետ գործողություններ ենք կատարում, իսկ հայտարարության նպատակը ուղղակի սևացնել և մեր գործընթացին վնաս տալն էր։ Մեզ ոչինչ չի խանգարում։ Մենք հաստատուն քայլերով առաջ ենք շարժվում»: Բացի դա, նա նաեւ ասել է.«Անցկացնելու ենք ընտրություններ ազատ, հանգիստ, առանց ավելորդ աղմուկի, առանց ուշադրություն դարձնելու չարությամբ լցված մարդկանց, չասեմ գնահատականին, որովհետև նրանք իրավունք չունեն գնահատական տալու, կարծիք արտահայտելու, և մենք հաշվի չառնելով նրանց նպատակը, փորձելու ենք առաջ շարժվել։ Եվ բոլորը հնարավարություն կունենան դրանում համոզվել»։