Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Առաջ, դեպի անՍերժ Հայաստան»

Նոյեմբեր 26,2011 13:34

Այս կոչով երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանը փակեց տարեվերջյան հանրահավաքը

Հայ ազգային կոնգրեսի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա արդեն եկող տարի՝ փետրվարին, եթե, իհարկե, Ամանորի նախապատրաստությունները եւ տոնակատարությունները Հայաստանում չուղեկցվեն բուռն ներքաղաքական զարգացումներով: ՀԱԿ-ի հրավիրած երեկվա հանրահավաքն առանձնանում էր նրանով, որ այն առաջինն էր նոր ոստիկանապետի օրոք: Իսկ Վլադիմիր Գասպարյանը, ինչպես ասում են, փորձեց իր նախորդների արժանի հետնորդը լինել: Ի տարբերություն վերջին շրջանի հանրահավաքների՝ երեկ դարձյալ ոստիկանության աշխատակիցները ջանացին ամեն կերպ խոչընդոտել մարզերից Երեւան եկող մեքենաների եւ մարդկանց տեղաշարժը: Մարզերից ամենատարբեր ահազանգերն այն աստիճանի հասան, որ ՀԱԿ կենտրոնական գրասենյակը օրվա երկրորդ կե         սին ստիպված եղավ մարզերից դեպի Երեւան բերող ճանապարհների ուղղությամբ ուղարկել երիտթեւի ներկայացուցիչներին, որպեսզի վերջիններս տեղում ֆիքսելով իրավիճակը՝ արգելք հանդիսանային ոստիկանական անօրինական գործողություններին: Իսկ ՀԱԿ կենտրոնական գրասենյակն էլ հաղորդագրություն տարածեց, որում, մասնավորաբար, ասված էր. «Այսօր առավոտից ՀՀ Ոստիկանության եւ ԱԱԾ աշխատակիցները պաշարել են մարզային քաղաքների ավտոկայանները: Արտաշատ, Աշտարակ, Արմավիր, Էջմիածին, Թալին, Աբովյան, Չարենցավան, Բաղրամյան, Հրազդան, Սիսիան, Սեւան, Եղվարդ, Գյումրի, Վանաձոր, Մասիս, Ապարան, Մարտունի քաղաքներում համազգեստավոր եւ քաղաքացիական հագուստով ոստիկանները արգելում են միջքաղաքային տրանսպորտի, ինչպես նաեւ տաքսիների շարժը դեպի մայրաքաղաք: Արձանագրվել են անհատ տաքսիների պետհամարանիշների, վարորդական վկայականների առգրավման, միկրոավտոբուսի վարորդների նկատմամբ հարկադրանքի կիրառման դեպքեր: Զուգահեռաբար, Երեւան մտնող ճանապարհների ոստիկանական պահակակետերում ոստիկանական ուժերը կանգնեցնում եւ հետ են ուղարկում միկրոավտոբուսները: Ակնառու է նաեւ բարեփոխումների մասին ճոռոմ հայտարարություններ անող նոր ոստիկանապետի ներդրումն այս ապօրինությունների մեջ»: Ավելի ուշ, արդեն Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ընթացքում, երբ ելույթ էր ունենում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, հրապարակի լուսավորությունն անջատվեց: ՀԱԿ համակարգող Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դրա պատճառն այն է, որ՝ «նախօրեին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Վովան գլուխ է գովել, որ հանրահավաքը «պռավալ» է տալու. դրա համար էլ նա այսօր փակել է տվել մարզերից Երեւան ճանապարհը, բայց տեսնելով, որ հանրահավաքը «պռավալ» չի գնացել, Վովան անջատել է լույսը, որպեսզի Սերժ Սարգսյանը չտեսնի, թե որքան մարդ կա հանրահավաքում»: Ապա դիմելով ոստիկանապետին՝ ասաց. «Չկարծես, թե Ալիկից ավելի լավ տղա ես, քեզ հետ էլ նույն կերպ կվարվեն, ինչպես մյուսների»:

Իրենց ելույթներում հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը անդրադարձան վերջին աղմկահարույց հրաժարականներին՝ փաստելով, որ դրանք իշխանական բուրգի փլուզման նախադրյալներն են, ու կոչ արեցին չընկճվել, շարունակել պայքարը:

Վերջին պաշտոնանկություններին իր ելույթում անդրադարձավ նաեւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ եզրակացնելով. «Պետականության ինստիտուցիոնալ արատները վեր հանելուց բացի, ընթացիկ կադրային փոփոխությունների կամ սկանդալային պաշտոնանկությունների շարքը բացահայտում է նաեւ մի նշանակալից քաղաքական իրողություն։ Թեեւ միտված լինելով ռեժիմի ամրապնդմանը՝ հախուռն պաշտոնանկություններն իրականում ոչ թե ուժեղացնում, այլ ընդհակառակը՝ թուլացնում են այն՝ ակամայից նպաստելով դժգոհ տարրերի կամ «աբիժնիկների» բանակի ստվարացմանը, ինչը չի կարող իր ազդեցությունը չթողնել հետագա քաղաքական զարգացումների վրա։ Հետեւաբար, իշխանական բուրգի ինքնահոշոտումը ոչ թե նրա հզորության, այլ հոգեվարքի նշանն է»: Նա հատկապես արտառոց որակեց ընտրովի պաշտոնյաների՝ քաղաքապետի եւ ԱԺ նախագահի պաշտոնանկությունները: Առաջին նախագահը նաեւ իր անձնական տեսակետները բարձրաձայնեց ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության առիթով. «Հանրապետական կուսակցության եւ «Բարգավաճ Հայաստանի» հակամարտությունն արդեն կայացած փաստ է, որը ոչ մի լուրջ քաղաքական ուժ չի կարող ուրանալ եւ հաշվի չառնել։ Ի դեմս «Բարգավաճի»՝ ըստ էության, ուրվագծվում է քաղաքական շրջանակներում վաղուց ակնկալված Երրորդ ուժի ձեւավորումը, ինչը, սակայն, հակառակ բոլոր կանխատեսումների, տեղի է ունենում ոչ թե ընդդիմության դաշտում, այլ իշխանական ճամբարում։ Ի դեպ, իրադարձությունների զարգացման տեսակետից ամենեւին կարեւոր չէ, թե ինչպես կավարտվի հանրապետականների եւ «Բարգավաճի» հակամարտությունը։ Եթե նույնիսկ վերջինս հերթական անգամ ընկրկի ու հարկադրված լինի առերես վերահաստատել իր հավատարմությունը կոալիցիոն հուշագրին, միեւնույն է՝ դա չի նշանակում, որ ինչ-որ պահի կրկին չի հրաժարվի դրանից, թեեւ, իհարկե, այդ տատանումները կարող են բացասաբար անդրադառնալ նրա վարկանիշի վրա։ Իսկ այդ վարկանիշը պարզապես զրոյի կհավասարվի, եթե «Բարգավաճ Հայաստանը» հստակորեն չսահմանազատվի Ռոբերտ Քոչարյանից եւ այդպիսով չխուսափի 2008թ. մարտի 1-ին վերջինիս թափած արյան պատասխանատվության տակ ընկնելու վտանգից։ «Բարգավաճ Հայաստանն» իր դեմքն իսպառ կկորցնի նաեւ այն պարագայում, եթե, բավարարվելով կրտսեր եղբոր կարգավիճակով, խորհրդարանական ընտրություններին մասնակցի հանրապետականների հետ կազմած միասնական ցուցակով։ Ավելի մեծ նվաստացում կամ ինքնաոչնչացման ավելի կարճ ճանապարհ «Բարգավաճի» համար դժվար է պատկերացնել, քանի որ նա դրանով խաչ կքաշի արժանապատիվ քաղաքական գործոն լինելու իր բոլոր հավակնությունների վրա»։ Բայց եթե պարզվի, որ «Բարգավաճ Հայաստանն» անկեղծորեն մտադիր է դուրս գալ կոալիցիայից եւ պայքարել իրապես արդար ու օրինական ընտրություններ անցկացնելու համար, ապա, Տեր-Պետրոսյանի կարծիքով, ՀԱԿ-ն այդ պարագայում պետք է պատրաստ լինի լրջորեն քննարկել նրա հետ համագործակցելու հնարավորություններն ու հեռանկարները. «Այդ համագործակցությունը կարող է ունենալ տարբեր դրսեւորումներ, որոնք կհստակեցվեն քննարկումների ընթացքում՝ բացառելով միայն միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու տարբերակը։ Հավատացած եմ, որ ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի համագործակցությունն ի զորու է արմատապես փոխել քաղաքական ուժերի դասավորությունը եւ լուրջ երաշխիք դառնալ թե՛ սահմանադրական կարգի վերականգնման եւ թե՛ ժողովրդի շահերից բխող անհրաժեշտ բարեփոխումների իրականացման համար։ Այն միաժամանակ հիմք կարող է հանդիսանալ ընդդիմադիր ուժերի ավելի լայն ճակատի ձեւավորման համար»։

Հնարավոր շահարկումները կանխելու նպատակով առաջին նախագահը նաեւ հայտարարեց, որ սա ոչ թե ԲՀԿ-ին ուղղված համագործակցության առաջարկ է, այլ «ընդամենը քաղաքագիտական վերլուծություն կամ խորհելու նյութ, մանավանդ որ՝ Կոնգրեսի եւ այդ կուսակցության միջեւ մինչ այժմ որեւէ շփում կամ նախնական քննարկում տեղի չի ունեցել»։ Շահարկման մեկ այլ առիթի՝ որ Կոնգրեսը թեկուզ տեսականորեն հնարավոր դիտի համագործակցել մի ուժի հետ, որին մինչ այդ ավազակապետության կամ քրեաօլիգարխիկ համակարգի բաղկացուցիչ մաս է համարել, վերաբերյալ էլ ասաց. «Քաղաքականության այբուբենին ծանոթ որեւէ մեկը այս տիպի քննադատությանը լուրջ չի կարող վերաբերվել, քանի որ ցանկացած գերխնդրի, տվյալ պարագայում՝ բռնապետությունը թոթափելու նպատակի շուրջ զանազան ուժերի, անգամ երբեմնի անհաշտ հակառակորդների համագործակցությունը ոչ միայն սովորական երեւույթ է, այլեւ անհրաժեշտ քաղաքական վարքագիծ»։

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930