Այսպիսի կարծիք ունի ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը
Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում հայտարարեց, որ եթե պարզվի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն անկեղծորեն մտադիր է դուրս գալ կոալիցիայից եւ պայքարել իրապես արդար ու օրինական ընտրություններ անցկացնելու համար, ապա Կոնգրեսն այդ պարագայում պետք է պատրաստ լինի լրջորեն քննարկել նրա հետ համագործակցելու հնարավորություններն ու հեռանկարները։ «Այդ համագործակցությունը կարող է ունենալ տարբեր դրսեւորումներ, որոնք կհստակեցվեն քննարկումների ընթացքում՝ բացառելով միայն միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու տարբերակը։ Հավատացած եմ, որ Հայ ազգային կոնգրեսի եւ «Բարգավաճ Հայաստանի» համագործակցությունն ի զորու է արմատապես փոխել քաղաքական ուժերի դասավորությունը եւ լուրջ երաշխիք դառնալ թե՛ սահմանադրական կարգի վերականգնման եւ թե՛ ժողովրդի շահերից բխող անհրաժեշտ բարեփոխումների իրականացման համար։ Այն միաժամանակ հիմք կարող է հանդիսանալ ընդդիմադիր ուժերի ավելի լայն ճակատի ձեւավորման համար»,- հավելեց ՀԱԿ առաջնորդը:
Իհարկե, Տեր-Պետրոսյանն իր ելութում շեշտեց, որ սա իր կարծիքն է, ու «հնարավոր շահարկումները կանխելու նպատակով» հարկ համարեց ավելացնել, որ «սա ոչ թե «Բարգավաճ Հայաստանին» ուղղված համագործակցության առաջարկ է, այլ ընդամենը քաղաքագիտական վերլուծություն կամ խորհելու նյութ, մանավանդ որ՝ Կոնգրեսի եւ այդ կուսակցության միջեւ մինչ այժմ որեւէ շփում կամ նախնական քննարկում տեղի չի ունեցել»։
«Առավոտի» հետ զրույցում արձագանքելով ՀԱԿ առաջնորդի այս հայտարարությանը՝ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը պնդեց. «Ես կարող եմ հստակ եւ առանց չափազանցության ասել, որ ընդհանրապես կոալիցիայից դուրս գալու հնարավորության եւ կամ ՀԱԿ-ի հետ համագործակցության վերաբերյալ խոսակցություններ ԲՀԿ-ում գոնե ես չեմ լսել: Ինչ վերաբերում է ընդհանրապես քաղաքական ուժերի համագործակցությանը՝ բնականաբար, ես պիտի ողջունեմ, եւ ես իրավունք չունեմ չողջունելու այնպիսի համագործակցությունը, որն ուղղված պետք է լինի մեր երկրի հաջողությանը, զարգացմանը»:
Կարդացեք նաև
Այսուհանդերձ, ԲՀԿ-ական պատգամավորը հայտարարեց, թե Կոնգրեսի, ինչպես նաեւ որեւէ ուժի հետ համագործակցությունը, միանալ-չմիանալը կամ դուրս գալը ակնթարթային որոշման արդյունք չի կարող լինել, եւ, «բնականաբար, մեկ մարդու կայացնելիք որոշում չի»: «Այդպիսի որոշում պետք է ընդունի քաղաքական ուժի խորհուրդը, որն իմաստավորում ու գնահատում է համագործակցության բոլոր կողմերը: Այդ առումով ես հակված եմ ձեռնպահ մնալ այդ երեւույթի մեկնաբանությունից ու սպասել. մեր կուսակցությունը՝ ԲՀԿ-ն, այդուհանդերձ, չի կարող չանդրադառնալ այդ առաջարկություններին, խոսքերին ու մոտեցումներին»,- հավելեց ԲԿՀ խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանը:
Մեր հարցին՝ ինչո՞վ կբացատրի վերջին շրջանում ՀԱԿ առաջնորդի կողմից ընդգծված ռեւերանսներն ու հաճոյախոսությունները ԲՀԿ-ի հասցեին, պատգամավորն այսպես արձագանքեց. «Դե, ինքներդ էլ գիտեք, մեր հասարակությունն էլ գիտի, որ ԲՀԿ-ն, ըստ էության, մեր հասարակության կողմից ընդգծված կերպով ընդունված ու ընկալված ուժ է, եւ այդ առումով բավականաչափ ներկայացուցչական է եւ ուժեղ: Այդ իմաստով Լեւոն Տեր-Պետրոսյանը մտածում է, որ եթե այդ քաղաքական ուժը (ՀԱԿ-ը), ոչ թե՝ «եթե», այլ՝ իսկապես, ունի նպատակներ, ուրեմն ավելի ուժեղի հետ համագործակցության պայմաններում նրա նպատակները կարող են ավելի առարկայական, ավելի իրատեսական դառնալ»:
Այսինքն՝ կարծում եք, որ ԲՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում ՀԱԿ-ը կարող է ուժեղանա՞լ: «Կարեւորը ոչ թե ՀԱԿ-ի կամ ԲՀԿ-ի ուժեղանալն է, այլ, կրկնում եմ, ցանկացած համագործակցություն մի նպատակ պիտի հետապնդի՝ ավելի բարձր մակարդակ ապահովելու: Ու եթե մենք տարրալուծվենք ու ուզենանք շեշտը դնել քաղաքական ուժերի ուժեղ կամ թույլ լինելու վրա՝ բնականաբար, դա մեզ համար գլոբալ, մեծ նպատակ չի: Մեր ժողովրդի, իրատես մարդու ցանկությունն այն է, որ իր երկիրը տեսնի բարգավաճող, եւ ես այդ առումով, օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկությունն ուզում եմ այդ կոնտեքստում հասկանալ»,- մեր հարցադրմանն ի պատասխան՝ նկատեց Վարդան Բոստանջյանը:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ