Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑ

Նոյեմբեր 26,2011 13:23

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ իններորդ

ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑ

Եվ Վերժինեն ժպտալով Սիրավին ասաց՝ «քառսունքի օրը շատ ուժեղ երգեցիր», եւ Սիրավը թարս նայեց Վերժինեին ու ասաց՝ «դրա համար էի՞ր հետեւիցս ավելպակաս խոսացել», եւ Վերժինեն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ եմ խոսացել», եւ Սիրավը ժպտալով ասաց՝ «դու ինձնից լավ գիտես՝ ինչ ես խոսացել», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու արդարանալով ասաց՝ «ինչ որ ասել եմ, հարազատ կնոջդ եմ ասել. ուրիշ մարդու չեմ ասել», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ավելի լավ կլիներ՝ ուրիշ մարդու ասեիր, քան՝ հարազատ կնոջս», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «ես էդ տարբերակին համաձայն չեմ. ուրիշներին որ ասեր, հիմի էդ բանն աշխարհով մեկ տարածված կլիներ», եւ Սիրավը  Հրանտին հարցրեց՝ «ո՞ր բանը», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Վերժուկի ասածը», եւ Սիրավը ժպտալով հարցրեց՝ «Վերժուկն ի՞նչ ա ասել», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չգիտեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «դուք գիտեք» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով Վերժինեին հարցրեց՝ «ի՞նչ ես ասել, ա՛յ կնիկ», եւ Սիրավը Վերժինեի փոխարեն ասաց՝ «ասել ա, որ քառասունքի տեղը չարժեր երգել», եւ Հրանտը ժպտալով հարցրեց՝ «ո՞ւմ ա ասել», եւ Սիրավը պատասխանեց ու ասաց՝ «Կատյային», եւ Հրանտը ժպտալով հարցրեց՝ «ո՞ր Կատյային», եւ Սիրավը պատասխանեց ու ասաց՝ «կնոջս», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով Սիրավին հարցրեց՝ «որ Վերժուկն էդ բանը կնոջդ ա ասել, բա դո՞ւ ոնց ես իմացել», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու զարմացած հարցրեց՝ «կարող ա՞ Կատյան ինձ չասեր», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով Սիրավին ասաց՝ «ես չգիտեի, որ քո Կատյան էդքան բերանբաց կնիկ ա», եւ Վերժինեն անմիջապես ասաց՝ «ես էլ չգիտեի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «որ իմանայի,  ոչ մի բան էլ չէի ասի», եւ Հրանտը մի քիչ  մտածեց ու ժպտալով Վերժինեին ասաց՝ «փաստորեն, չիմանալով ես ասել» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «չես իմացել, որ էդ երգը կյանքի ու մահվան  մասին ա», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ իմանայի Կատյան Հենրիկին ասելու ա, ոչ մի բան էլ չէի ասի», եւ Սիրավը վրդովված հարցրեց՝ «այսինքն, իմ կնիկն ինձանից գաղտնիք պիտի պահե՞ր», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու Սիրավին ասաց՝ «հեչ պարտադիր չի, որ ամեն ինչ քեզ ասի», եւ Հրանտը Սիրավին ասաց՝ «բա Վերժուկը ո՞նց ա ինձանից գաղտնիք պահում», եւ Սիրավը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ գաղտնիք ա պահում», եւ Հրանտը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «հազար ու մի», եւ Վերժինեն նորից ասաց՝ «որ իմանայի Կատյան Հենրիկին ասելու ա, ոչ մի բան էլ չէի ասի», եւ Հրանտը ժպտալով Վերժինեին ասաց՝ «հետո էլ ասում ես՝ Կատյային հետներս Ահնիձոր տանենք», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ մենք ենք ձեզ Ահնիձոր տանում, ոչ թե դուք՝ մեզ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մոռանում ես, որ ավտոն մերն ա», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դու էլ մոռանում ես, որ Ահնիձորն ա մերը», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց դուք եք խնդրում, որ ձեզ  ձեր Ահնիձոր տանեմ», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես չեմ խնդրում. Վերժուկն ա խնդրում», եւ Վերժինեն նեղացած ասաց՝ «ես էլ չեմ խնդրում», եւ Հրանտը Վերժինեին ասաց՝ «շատ էլ ճիշտ ես անում, որ չես խնդրում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «պիտի իմանաս՝ ում հետ ես ճամփա գնում» եւ մի քիչ  էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «կարող ա Ահնիձորում էլ Կատերինայի ականջին ավելպակաս բաներ քչփչաս, հետո ինքը Հենրիկին ամենայն մանրամասնությամբ պատմի», եւ Վերժինեն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ պիտի քչփչամ», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ասենք՝ ամուսնուդ ազգուտակի հասցեին», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու վրդովված հարցրեց՝ «էդ քանի՞ անգամ եմ ամուսնուս ազգուտակի հասցեին քչփչացել», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «արժանավոր ականջ չի պատահել՝ չես քչփչացել», եւ Սիրավը ժպտալով Վերժինեին ասաց՝ «չես հասկանո՞ւմ, այ Վերժուկ», եւ Վերժինեն զարմացած հարցրեց՝ «ի՞նչը չեմ հասկանում», եւ Սիրավը ժպտալով Վերժինեին ասաց՝ «չես հասկանո՞ւմ, որ Հրանտոն ուզում ա մեզ կռվացնի, որ էս անգամ էլ Ահնիձոր չգնանք», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով Սիրավին հարցրեց՝ «ե՞րբ եք մտադիր Ահնիձոր գնալ», եւ Սիրավն ասաց՝ «եկող շաբաթ», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով Սիրավին հարցրեց՝ «Վերժուկն ու դու մենակ ե՞ք  գնալու, թե՞ Կատյային էլ հետներդ եք տանելու», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու Վերժինեին ասաց՝ «ասում եմ, չէ՞», եւ Վերժինեն Սիրավին հարցրեց՝ «ի՞նչ ես ասում», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու Վերժինեին ասաց՝ «Հրանտոն ամեն ինչ անում ա, որ էս անգամ էլ Ահնիձոր չգնանք», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «արդեն պայմանավորվել ենք» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «պայմանավորվեցինք, որ եկող շաբաթ Համո Սահակիչին հիվանդատես ենք գնալու», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեկը մյուսին հեչ չի խանգարում», եւ Հրանտը մի քիչ մտածեց  ու ասաց՝ «նախ Համո Սահակիչին տեսնենք, որ հետո հանգիստ խղճով Ահնիձոր գնանք», եւ Սիրավը համաձայնվելով ասաց՝ «վարպետին կտեսնենք, հետո հանգիստ խղճով Ահնիձոր կգնանք», եւ Հրանտը Սիրավին հարցրեց՝ «վարպետն ո՞վ ա», եւ Սիրավը պատասխանեց ու ասաց՝ «Համո Սահակիչը», եւ Հրանտը Սիրավին ասաց՝ «մի քիչ առաջ ասում էիր, որ վարպետը Սարյանն ա», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ժպտալով  ասաց՝ «Սարյանը մեր վարպետն ա, Սահյանը՝ ձեր», եւ Հրանտը Սիրավին հարցրեց՝ «ի՞նչ գիտես, որ Սահյանը  մեր վարպետն ա», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «դուք եք իրան վարպետ  ասում», եւ Հրանտը հարցրեց՝ «մենք՝ ո՞վ», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Ռազմիկն ու դու», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «փաստորեն, լիքը վարպետներ ունենք», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «առանձնապես շատ չեն, բայց կան», եւ Հրանտը ժպտալով Սիրավին հարցրեց՝ «ուրիշ ո՞վ ա վարպետ», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեկը՝ դու», եւ Հրանտը հարցրեց՝ «ես ո՞ւմ վարպետն եմ», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «շատերի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մի քիչ որ տարիքդ առնես, իսկական վարպետ կդառնաս» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «չնայած՝ հիմա էլ ես վարպետ» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «դու վարպետն ես, Վերժուկը՝ Մարգարիտան», եւ Հրանտը մի  քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «բայց Համոյի Սվետիկն ավելի ա Մարգարիտա, քան՝ Վերժուկը», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ճաշակին ընկեր չկա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հարեւանի  հարսը միշտ էլ սիրուն ա», եւ Վերժինեն վրդովված գոռաց՝ «հերիք չի՞ ցնդաբանեք», եւ Սիրավը ժպտալով Վերժինեին հարցրեց՝ «հիմի հասկացա՞ր», եւ Վերժինեն հարցրեց՝ «ի՞նչը», եւ Սիրավն ասաց՝ «Հրանտոն ամեն ինչ խառնում ա, որ հանկարծ Ահնիձոր չգնանք» եւ ժպտալով հարցրեց՝ «չես հասկանո՞ւմ», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ բանն ինձանից լավ ոչ ոք չի կարա հասկանա», եւ Սիրավը հարցրեց՝ «ո՞ր բանը», եւ Վերժինեն պատասխանեց ու ասաց՝ «որ Հրանտն ամենից շատ Ահնիձորից ա սարսափում», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Հրանտոն ոչ թե Ահնիձորից ա սարսափում, այլ՝ Ահնիձոր գնալուց», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու ասաց՝ «նույն բանն ա», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էնքան էլ նույնը չի», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինքն Ահնիձորից ուղղակի զզվում ա», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Հրանտոն ամենից շատ Երեւանից ա զզվում», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինքն ամեն ինչից էլ զզվում ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինքն Ահնիձորից ավելի ա զզվում, քան նույնիսկ՝ Երեւանից», եւ Հրանտն ինչ-որ բան էր ուզում ասել, բայց չասաց ու սկսեց ծիծաղել, եւ Վերժինեն Հրանտին ասաց՝ «ինչի՞ ես ծիծաղում. կարող ա՞ սխալ եմ ասում», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «հաճույք եմ ստանում», եւ Վերժինեն զարմացած հարցրեց՝ «ինչի՞ց», եւ Հրանտը ծիծաղելով ասաց՝ «հաճույքից ուղղակի նվաղում եմ», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու քամահրանքով ասաց՝ «դու ամեն ինչից էլ նվաղում ես», եւ Հրանտը ծիծաղելով ասաց՝ «ձեր հոգեվերլուծությունից գերագույն հաճույք եմ ստանում», եւ Սիրավը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ հոգեվերլուծություն», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «փոխանակ ձեր սեփական հոգիները վերլուծեք, իմն եք քչփորում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մեկը լինի՝ ձեր հոգիները վերլուծի», եւ Սիրավը հարցրեց՝ «ո՞ւմ հոգիները», եւ Հրանտը պատասխանեց ու ասաց՝ «քո ու Վերժուկի», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես ու Վերժուկը սովորական մահկանացուներ ենք», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «քեզ ա թվում, թե սովորական մահկանացուներ եք», եւ Սիրավը ժպտալով ասաց՝ «մեր հոգիները վերլուծության արժանի չեն», եւ Հրանտը  քմծիծաղով ասաց՝ «քեզ ա թվում» եւ մի քիչ մտածեց ու քմծիծաղով ավելացրեց՝ «ուղղակի՝ արժանավոր վերլուծաբան չունեք», եւ Վերժինեն թարս նայեց Հրանտին ու քամահրանքով  ասաց՝ «քեզնից լավ վերլուծաբա՞ն», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դուք ինձ էնքան հմուտ ու անվրեպ վերլուծեցիք, որ ձեզ վերլուծելն ինձ համար անհնարին դարձավ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մարդ արարածն ի վիճակի չի վերլուծել իրեն վերլուծողներին», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ժպտալով Հրանտին ասաց՝ «դու որ վերլուծում ես, միանգամից ամբողջ մարդկությանն ես վերլուծում», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու Սիրավին ասաց՝ «իրան որ պետք ա լինում, առանձին-առանձին էլ ա վերլուծում», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով Վերժինեին ասաց՝ «առանձին-առանձին վերլուծելով կարող եմ ասել, որ դու ու Կատերինան չպիտի միասին ճանապարհ գնաք»,  եւ Վերժինեն զարմացած հարցրեց՝ «ինչի՞», եւ Հրանտը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ երկուսդ էլ չափից ավելի բերանբաց եք» եւ մի քիչ  մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «դուք առանձին-առանձին էնքան վտանգավոր չեք, ինչքան՝ միասին» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով Սիրավին  ասաց՝ «միգուցե Արմենչոյին հետներս տանենք», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «որ Արմենին հետներդ տանեք, պատկերացնում եմ՝ էս անգամ ի՜նչ պատմություններ կբստրի», եւ ես Վերժինեին ասացի՝ «Աթանի պատմությունը ծերից ծեր ճիշտ ա», եւ Վերժինեն արհամարհական նայեց ինձ ու ասաց՝ «մեկ էլ Սարոյանի պատմությունդ ա ծերից ծեր ճիշտ», եւ ես ասացի՝ «Սարոյանի պատմությունն էլ ա ճիշտ», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու ասաց՝ «համենայն դեպս, չկարողացար ապացուցել», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «լիքը վկաներ ունեմ», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու ասաց՝ «վկաներիցդ մեկը Հրանտն ա, բայց ինքը չի հիշում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ես մեղավոր չեմ, որ չի հիշում», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու ասաց՝ «եթե եղած լիներ, գոնե որոշ չափով կհիշեր», եւ Հրանտն անսպասելի ասաց՝ «ոչ թե որոշ չափով եմ հիշում, այլ՝ ամբողջությամբ», եւ Վերժինեն  զարմացած նայեց Հրանտին ու ասաց՝ «բա նոր ասում էիր՝ չեմ հիշում», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «հանկարծ հիշողությունս պայծառացավ, ու ամեն ինչ մեկ առ մեկ հիշեցի», եւ Վերժինեն հարցրեց՝ «ի՞նչ հիշեցիր», եւ Հրանտը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ամեն ինչ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Արմենչոյի պատմածից մի բան էլ ավելի», եւ Վերժինեն թարս նայեց Հրանտին ու ասաց՝ «մի քիչ առաջ  ասում էիր, որ Արմենն էդ պատմությունը ծայրեծայր հորինել ա», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հիմա էլ հակառակն եմ ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հիմա էլ ասում եմ, որ ոչինչ էլ չի հորինել. ամեն ինչ իսկականի հետ ճիշտ ա»,  եւ Վերժինեն զարմացած նայեց Հրանտին, այնուհետեւ Սեյրանի կտավը մատնացույց անելով հարցրեց՝ «այսինքն, դու էլ ե՞ս ընդունում, որ էս նկարը քեզ ոչ թե Սեյրանն ա նվիրել, այլ՝ Սարոյանը», եւ Հրանտը բավական երկար մտածեց ու ասաց՝ «չգիտեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «ես գիտեմ», եւ Վերժինեն արհամարհական նայեց ինձ ու քամահրանքով ասաց՝ «քո իմանալը շատ քիչ ա» եւ մի քիչ մտածեց ու քմծիծաղով ավելացրեց՝ «փաստորեն, ոչ վկա ունես, ոչ էլ՝ որեւէ ապացույց», եւ հանկարծ միտքս պայծառացավ, ու տեղիցս թռչելով ճչացի՝ «ունե՜մ», եւ Վերժինեն ապշահար հարցրեց՝ «ի՞նչ ունես», եւ ես ցնծալով  գոռացի՝ «ապացո՜ւյց», եւ Վերժինեն ապշահար նայեց ինձ ու գոռաց՝ «ի՞նչ ես ձենդ գլուխդ գցել» եւ ապշահար ինձ նայելով հարցրեց՝ «ի՞նչ ապացույց ունես», եւ ես ցնծագին պատասխանեցի ու ասացի՝ «իրեղե՜ն» եւ միջանցք գնալով՝ պատից բավական դժվարությամբ իջեցրի Սեյրան Խաթլամաջյանի բավական ծանր աբստրակցիան, եւ Վերժինեն գոռաց՝ «էդ ի՞նչ ես անում», եւ ես նկարի հետեւում Ռոլանդի ձեռագիրը տեսնելով՝ երջանկացած ճչացի՝ «հիմա կտեսնե՜ք» եւ նկարը ճաշասենյակ քարշ տալով՝ շրջեցի, եւ երեքն էլ զարմանքով տեսան նկարի հետեւում Ռոլանդի ձեռագրով չափազանց ընթեռնելի գրվածը՝ «Վիլյամ Սարոյանեն Հրանտ Մաթեւոսյանին՝ ի պահ», եւ Սիրավը զարմացած նայեց Ռոլանդի տառերին ու հարցրեց՝ «էս Սարոյանի ձեռագիրն ա՞», եւ ես ժպտալով  ասացի՝ «Սարոյանը հայերեն գրել չգիտեր», եւ Սիրավը զարմացած հարցրեց՝ «բա էս ո՞վ ա գրել», եւ ես ինքնագոհ ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «Շառոյան Ռոլանդը», եւ Սիրավն ավելի զարմացած հարցրեց՝ «Շառոյան Ռոլա՞նդն ինչ կապ ունի», եւ Հրանտն ասաց՝ «մի քիչ առաջ  Արմենչոն երկարբարակ պատմեց թե՝ ինչ կապ ունի», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բայց Վերժուկն Արմենչոյի պատմածին չէր հավատում», եւ Հրանտը Ռոլանդի տառերն ուսումնասիրելով ասաց՝ «Վերժուկն ինչի՞ն ա հավատում, որ Արմենչոյի պատմածին հավատա»,  եւ Սիրավը խորամանկ ժպտալով Հրանտին ասաց՝ «բայց դու էլ էիր ասում, որ Արմենն էդ պատմությունը բստրել ա», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ուզում էի հավատալ, որ Սեյրանն ա էս հրաշալի նկարն ինձ նվիրել», եւ Սիրավը մի քիչ  մտածեց ու ժպտալով ասաց՝ «փաստորեն, ես էի ճիշտ», եւ Վերժինեն Սիրավին հարցրեց՝ «ո՞ր հարցում էիր ճիշտ», եւ Սիրավն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «ես էն գլխից ասում էի, որ Սեյրանն էս նկարը Հրանտոյին չէր նվիրի», եւ Վերժինեն զարմացած հարցրեց՝ «ինչի՞ չպիտի նվիրեր», եւ Սիրավը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ Սեյրանը Հրանտոյին ազգային գրող չի համարում» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «ինքը Հրանտոյին ժողովրդական գրող ա համարում», եւ Վերժինեն հարցրեց՝ «բա ո՞ւմ ա ազգային համարում», եւ Սիրավը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Պատկանյանին ու Նալբանդյանին» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ինքը համարում ա, որ Հրանտոն Թումանյանի գծի շարունակողն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «ինքը Թումանյանին էլ ազգային չի համարում», եւ Վերժինեն զարմացած հարցրեց՝ «բա ի՞նչ ա համարում», եւ Սիրավը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «ժողովրդական», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու ասաց՝ «բան չեմ հասկանում», եւ Հրանտը ժպտալով  Վերժինեին ասաց՝ «գիտես թե՝ ինքը հասկանո՞ւմ ա», եւ Սիրավը հարցրեց՝ «ո՞վ չի հասկանում», եւ Հրանտը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Սեյրանը», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «չգիտեմ՝ հասկանում ա թե չէ, բայց շատ համոզված ա ասում»,  եւ Հրանտը ժպտալով հարցրեց՝ «ի՞նչ ա ասում», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ասում ա, որ Պատկանյանն ու Նալբանդյանն ամենաուժեղ գրողներն են» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «ասում ա, որ էդ էրկուսը Շեքսպիրից էլ են մեծ», եւ Հրանտը մի քիչ  մտածեց ու ժպտալով ասաց՝ «որովհետեւ երկուսն էլ նորնախիջեւանցիներ են» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հաստատ Սարյանին էլ աշխարհի ամենամեծ նկարիչն ա համարում», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու լրջանալով ասաց՝ «ես էլ եմ Սարյանին ամենամեծ նկարիչը համարում», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես էլ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «երանի մեր համարելով լիներ», եւ Սիրավը հարցրեց՝ «բա ո՞ւմ համարելով ա», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «աշխարհի», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «աշխարհը Սարոյանին մեծ գրող չի համարո՞ւմ», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որոշ չափով», եւ Սիրավը ժպտալով Հրանտին ասաց՝ «քեզ էլ են մեծ գրող համարում», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինձ Սովետն էր լուրջ գրող համարում, էն էլ արդեն գոյություն չունի», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու Հրանտին ասաց՝ «քեզ Սարոյանն էլ էր մեծ գրող համարում», եւ Հրանտը թախծոտ ժպտալով ասաց՝ «Սարոյանն էլ արդեն չկա», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու Հրանտին ասաց՝ «դու պիտի ուրախ լինես, որ էս նկարը քեզ Սարոյանն ա նվիրել», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «փաստորեն, ոչ թե նվիրել ա, այլ ի պահ ա հանձնել», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «թեկուզ», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես շատ ուրախ եմ, բայց  Վերժուկն ա տխուր», եւ Վերժինեն զարմացած հարցրեց՝ «ե՞ս ինչի եմ տխուր», եւ Հրանտը ժպտալով Վերժինեին ասաց՝ «գրազը կրվեցիր», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու ասաց՝ «կրվեցի՝ կրվեցի. մեծ ողբերգություն չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ես ուրիշ բանի վրա եմ զարմացած», եւ Հրանտը հարցրեց՝ «ինչի՞ վրա ես զարմացած», եւ Վերժինեն Ռոլանդի տառերին նայելով ասաց՝ «տասնհինգ տարի ա՝ էս նկարը մեր տանն ա, բայց հետեւի էս գրությունն առաջին անգամ եմ տեսնում», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ չես նայել, ո՞նց պիտի տեսնեիր», եւ Վերժինեն զարմացած ասաց՝ «ո՞նց չեմ նայել. էս նկարը միշտ աչքիս առաջ ա էղել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ես էս նկարը շատ եմ սիրում», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բայց Սեյրանին չես սիրում», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Սեյրանին չեմ սիրում, բայց իրա նկարները սիրում եմ» եւ մի քիչ էլ  մտածեց ու ավելացրեց՝ «մանավանդ՝ էս նկարը», եւ Սիրավը ժպտալով  Վերժինեին հարցրեց՝ «էս նկարից բան հասկանում ե՞ս», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու ասաց՝ «չեմ հասկանում, բայց շատ եմ սիրում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «շատ սիրուն նկար ա», եւ ես ժպտալով Վերժինեին հարցրի՝ «որ էդքան սիրում ես, ինչի՞ ես միջանցքում կախել», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու ասաց՝ «միջանցքում եմ կախել, որ միջանցքը լցվի», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «Վերժուկն աբստրակցիոնիզմ շատ ա սիրում», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Սեյրանն ավելի հաջող նկարներ ունի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինքը շատ ուժեղ պեյզաժներ ունի», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով Սիրավին ասաց՝ «մենք մեղավոր չենք, որ Սեյրանը մեզ էս ա նվիրել», եւ Սիրավը ժպտալով Հրանտին ասաց՝ «էս նկարը ձեզ ոչ թե Սեյրանն ա նվիրել, այլ՝ Սարոյանը», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «Սարոյանն էլ ոչ թե նվիրել ա, այլ ի պահ ա հանձնել» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հանձնել ա մեզ, որ պահենք ու պահպանենք», եւ Վերժինեն ժպտալով ասաց՝ «մենք էլ աչքի լույսի պես պահում ու պահպանում ենք», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «որովհետեւ Վերժուկն աբստրակցիոնիզմը գերադասում ա գեղանկարչական այլ դրսեւորումներից», եւ Սիրավը նայեց Սեյրանի կտավին ու ժպտալով Վերժինեին ասաց՝ «լավ էլ պահել ու պահպանել ես», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու ասաց՝ «զարմանում եմ, որ հետեւի էս գրությունը ոչ մի անգամ աչքովս չի ընկել», եւ Հրանտը Վերժինեին ասաց՝ «որ միշտ պատից կախված ա էղել, ո՞նց պիտի հետեւի գրությունն աչքովդ ընկներ», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ռեմոնտի ժամանակ անձամբ եմ պատից իջեցրել, բայց հետեւի գրությունն աչքովս չի ընկել» եւ մի քիչ էլ մտածեց ու Հրանտին ասաց՝ «մի քանի ամիս էլ քո աշխատասենյակում շուռ տված էր դրված, բայց Ռոլանդի էս գրածն աչքովս չի ընկել», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «փաստորեն, Սեյրանի էս աբստրակցիան մեր սեփականությունը չի հանդիսանում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «փաստորեն, մեզ ի պահ ա տրված» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Սարոյանի կողմից», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ժպտալով Հրանտին ասաց՝ «բայց քանի որ Սարոյանը մահացել ա, էս նկարը մեխանիկորեն ձեր սեփականությունն ա դառնում», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու Սիրավին ասաց՝ «հաստատ չես կարա ասես» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մինչեւ սեփականության օրենքը չուսումնասիրես, չես կարա ասես» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ինձ թվում ա՝ եթե Սեյրանն էս նկարը հետ պահանջի, ստիպված պիտի վերադարձնենք», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու վրդովված գոռաց՝ «որ հազար հատ Սեյրան էլ գա, ես էս նկարը հետ տվողը չեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու նեղսրտած ավելացրեց՝ «որ Սարոյանն էլ կենդանանա ու էս նկարը հետ ուզի, էլի չեմ տա», եւ Հրանտը մի քիչ  մտածեց ու ծիծաղելով Վերժինեին ասաց՝ «որովհետեւ մանկուց աբստրակցիոնիզմի ոգով  ես դաստիարակվել» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «ձեր Ղափաններում»:

Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930