Էլեկտրատրանսպորտը՝ որպես ամենանպաստավոր փոխադրամիջոց
Ձմռան հետ դժվարանում է նաեւ մարդկանց մեկ փողոցից մյուսն անցնելը, թե հետիոտների, թե վարորդների համար բարդանում է երթեւեկելը: Իսկ այդ սոցիալական խնդիրը դարձել է պատուհաս ՀՀ գրեթե բոլոր քաղաքացիների համար, որը համապատասխան լուծում է պահանջում:
«80-ական թվականներից բոլոր քաղաքապետարանների հետ աշխատել ենք հատկապես ուղեփոխադրումների ուղղությամբ՝ հրապարակելով փոխադրամիջոցների եւ ուղեփոխադրման վերաբերյալ գործընթացները, սակայն իրականում դաշտում մեծ փոփոխություն չի նկատվել»,- վերոնշյալ խնդրի վերաբերյալ մեզ հետ զրույցում ասաց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:
«Էլեկտրատրանսպորտը՝ տրամվայները, ինչպես քաղաքակիրթ երկրների փորձն է ցույց տալիս, ամենանպաստավոր փոխադրամիջոցներն են թե էկոլոգիապես, թե տնտեսապես եւ թե սոցիալապես: Էլեկտրատրանսպորտում մեկ ուղեւորի տարեկան ծախսը կազմում է 385 մլն կվտ/ժ: Սա մի ցուցանիշ է, որը պետք է տարիների ընթացքում կրկնապատկվի կամ եռապատկվի: Սակայն այդ ցուցանիշն ամեն տարի նվազում է 4-5%-ով՝ կազմելով 100-110 կվտ/ժ, որը, ի տարբերություն հարեւան երկրների, ՀՀ-ի դրական կողմերից մեկն է՝ թե ռեգիոնալ եւ թե տնտեսական քաղաքականության առումով, քանի որ մենք ունենք էլեկտրաէներգիայի այսպիսի ապահովվածություն»,- նշեց Ա. Պողոսյանը:
Սակայն բացի նրանից, որ այլեւս չեն գործում էկոլոգիապես ավելի ձեռնտու փոխադրամիջոցներ՝ մասնավորապես տրամվայներ, շրջանառվող միկրոավտոբուսները, որոնք ստեղծված են ընտանեկան, ծառայողական կամ նման նպատակների համար, խոչընդոտում են ուղեւորների նորմալ երթեւեկությանը: Էկոլոգ Ինգա Զառաֆյանի կարծիքով՝ ի տարբերություն այլ փոխադրամիջոցների, էլեկտրական փոխադրամիջոցը գործում է առանց նավթային եւ գազային վառելիքների: Իսկ այդ վառելիքների օգտագործումից մեծ քանակությամբ արտանետումներ են բաց թողնվում մթնոլորտ, որոնք էլ կարող են բացասաբար ազդել մարդու առողջության վրա:
Պաշտոնական տվյալներից կարելի է տեղեկանալ, որ 2010 թվականից առ այսօր մթնոլորտային արտանետումները կազմել են 263,9 հազար տոննա, որի 63,1%-ն առաջացել է ավտոմեքենաների, իսկ 36,9%-ը՝ անշարժ աղբյուրների հաշվին:
«Ըստ հաշվարկների՝ մեր քաղաքում օրական 600 000 մարդ է երթեւեկում՝ բերելով արագ շահույթ, որն օրական կազմում է 75 000 ԱՄՆ դոլար, սակայն պարզ պատճառներով այն չի հարկվում: Այդ մասին հեռուստատեսությամբ հայտարարել է նախկին ՀՀ նախագահը՝ նշելով, որ մեկ ուղեգծում 49 մեքենայի համար ձեւակերպված է երեք վարորդ: Դա նշանակում է, որ երեք մարդ 49 մեքենա է վարում: Այս պարագայում խոսքն ակնհայտ ստվերայնության մասին է: Հայաստանի բյուջեն կազմում է 153 միլիարդ ԱՄՆ դոլար, որը, կարծում եմ, քիչ չէ, բացի այդ, ճգնաժամի պայմաններում Ռուսաստանը Հայաստանին 500 միլիոն ԱՄՆ դոլար վարկ էր տրամադրել, որը, ցավոք, «առյուծի» բաժին դարձավ: Ուստի այդ շահույթներից եւ հասույթներից կարելի էր գումար հատկացնել նաեւ տրանսպորտային խնդիրները լուծելու համար»,- ավելացրեց Ա. Պողոսյանը:
Տրանսպորտային բոլոր հիմնահարցերը կարգավորելու համար տնտեսվարող սուբյեկտները պետք է գումարներ հայթայթեն եւ ձեռք բերված ռեսուրսները ներդնեն այդ նպատակն իրականացնելու գործում: Այլապես այն երիտասարդները, ովքեր ամեն օր կորացած մեջքով երթեւեկում են նման փոխադրամիջոցներով, կարող են ամբողջ կյանքում տառապել ողնաշարային բազմաթիվ խնդիրներից: Ամերիկյան բժիշկների համոզմամբ, անհարմար փոխադրամիջոցներով՝ կորացած, ծռմռված դիրքով երթեւեկելիս մարդը կարող է ողերի տարբեր խախտումներ եւ ողնաշարային տարբեր վնասվածքներ ստանալ, իսկ կալցիումի եւ հատկապես D վիտամինի պակասի դեպքում՝ կոտրվածքներ:
ԵԼԵՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ