Լրահոս
Օրվա լրահոսը

«Փյունիկն» ու Վարդան Մինասյանը՝ անցածի ու ապագայի մասին

Նոյեմբեր 26,2011 13:19

Յուրաքանչյուր վերջ ինչ-որ նոր բանի սկիզբ է: Տվյալ դեպքում 2011-ին «Փյունիկի» չեմպիոնական դարաշրջանի ավարտը զուգահեռվեց հավաքականի վերելքի հետ ու, որպես հետեւանք, սկիզբ դրվեց մարզչական նոր սերնդի զարգացմանը նույն «Փյունիկում»:

Երեկ ամփոփիչ մամուլի ասուլիսով հանդես եկավ «Փյունիկ» ակումբը՝ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի ու նախագահ Կարեն Հարությունյանի մասնակցությամբ: Սակայն, ամփոփումից զատ, մի շարք կարեւոր նորություններ հաղորդվեցին, որոնցում թիվ մեկը վերաբերում էր մարզչական փոփոխությանը: Ակումբի նախագահ Կարեն Հարությունյանը նշեց, որ հաջորդ մրցաշրջանում թիմը կգլխավորի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը: «Այժմ Վարդան Մինասյանը հավաքականին ավելի մեծ ուշադրություն կարող է դարձնել: Իսկ «Փյունիկը» ոչ միայն ֆուտբոլիստների, այլեւ մարզչական լավ դպրոց ունի: Կան մարզիչներ, ովքեր նոր մակարդակում աշխատելու հնարավորություն պետք է ստանան»,- ասաց Հարությունյանը:

Ինչ վերաբերում է Վարդան Մինասյանին, նա չի լքի ակումբը, պարզապես կզբաղեցնի տեխնիկական տնօրենի պաշտոնը: Այդ փոփոխությունը, սակայն, խաղաոճի կամ քաղաքականության փոփոխություն չի ենթադրում, բացի այդ էլ, Վարդան Մինասյանի խոսքերով՝ թեեւ իր դերը լինելու է ընդհանուր ֆուտբոլային ստրուկտուրային հետեւելը, բնականաբար, խորհուրդների հարցում նա չի մերժի: «Չեմ կարծում, որ իմ աշխատանքի ծանրաբեռնվածությունը կնվազի: Այժմ պետք է համակարգեմ նաեւ բոլոր տարիքային հավաքականների աշխատանքները: Դրանից բացի, ավելացել են հավաքականի նկատմամբ պահանջները, ու ես էլ հնարավորություն կունենամ ավելի մոտիկից հետեւելու արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստների խաղին, տեղեկանալու ոչ թե կայքերից, այլ՝ անձամբ»,- նկատեց Վարդան Մինասյանը: Զարմանալի չէ, որ այս ասուլիսի ընթացքում, որն ամփոփիչ էր ու «փյունիկյան», այնուամենայնիվ, առաջին տեղում հավաքականն էր, քանի որ Հայաստանի ընտրանին անցնող մրցաշրջանում հեղաշրջեց հասարակության մի լայն հատվածի վերաբերմունքը հայկական ֆուտբոլի նկատմամբ: Այս օրերին օրակարգայինը «Ո՞վ է մրցաշրջան 2011-ի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը» հարցն է: Վարդան Մինասյանը թեեւ իրավունք ուներ կարծիք արտահայտելու, սակայն նշեց, որ լավագույն ֆուտբոլիստի քվեարկությանը մասնակցել է, սակայն միայն դե յուրե, քանի որ ստորագրած, բայց չլրացրած քվեաթերթիկ է հանձնել ՀՖՖ: «Ես չեմ քվեարկել, քանի որ ոչ մեկին չեմ առանձնացնում: Ինձ համար կա հավաքական, որը լավ արդյունքի է հասել»,- ասաց Մինասյանը: Նա նշեց նաեւ, որ, ըստ ամենայնի, հավաքականը փետրվարի 2-ին ընկերական հանդիպում կանցկացնի, իսկ օգոստոսին էլ կհանդիպի Լիտվայի թիմի հետ: Ինչ վերաբերում է աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական մեր «B» խմբին, հավաքականի մարզիչը նշեց, որ խաղացանկը կքննարկվի նոյեմբերի 28-ին ու 29-ին, այլ ոչ թե նոյեմբերի 26-ին, ինչպես տեղեկացրել էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում: Քննարկումը տեղի կունենա Պրահայում, որին կմասնակցի անձամբ հավաքականի գլխավոր մարզիչը: Թերեւս այսքանը՝ հավաքականի մասին:

Ինչ վերաբերում է «Փյունիկի» անցկացրած մրցաշրջանին ու ապագայի ծրագրերին, այդ մասին ավելի ընդարձակ խոսեց ակումբի նախագահ Կարեն Հարությունյանը: Նա նշեց, որ նոր խաղացողներ չեն հրավիրվի: «Մենք միայն տեղացի կադրերով ենք խաղում: Այսօր բոլոր թիմերում, բացի «Բանանցից» ու «Շիրակից», մեր 5-6 խաղացողներ են հանդես գալիս: Բացի այդ էլ՝ գուցե արտասահմանից հայ խաղացողներ փորձաշրջան անցնեն թիմում»,- ընդգծեց ակումբի նախագահը եւ նոր մրցաշրջանի նախապատրաստման մասին ավելացրեց. «Փյունիկը» դեռ շարունակելու է մարզումները մինչեւ դեկտեմբերի 5-ը, որին կհաջորդի մեկամսյա արձակուրդ: Հունվարի 6-ից ամեն ինչ սովորական սխեմայով կընթանա: Սովորական չի լինի միայն բուն մրցաշրջանը, որը, ինչպես հայտնի է, անցումային է լինելու ու տեւելու է սովորականից երկար՝ մինչեւ 2013-ի մայիս»: Խնդիրներ, սակայն, Կարեն Հարությունյանը չի տեսնում։ «Մինչ այս էլ ձմռանը ֆուտբոլ չէինք խաղում, նոր մրցակարգով էլ է այդպես լինելու, ուստի՝ խնդիր չեմ տեսնում»,- ասաց Հարությունյանը:

Ինչ վերաբերում է դարպասապահների բացարձակ լիմիտի մասին որոշմանը, Հարությունյանը հայտարարեց, որ այն շուտ պիտի լիներ ու կյանքի կոչվեր: Վարդան Մինասյանի խոսքերով էլ՝ այս ամենն արվում է ապագայի համար. «Ես նախկինում էլ էի ասել, որ պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկվեն: Այս որոշումից բացի, ֆեդերացիան մտադիր է մարզիչներ հրավիրել արտասահմանից, ովքեր երեք ամիսը մեկ սեմինարներ են անցկացնելու Հայաստանում: Դա սպեցիֆիկ աշխատանք է, որը ես շատ եմ կարեւորում ու կարծում եմ, որ իր արդյունքը կտա: Ժամանակին մենք «Փյունիկում» վստահեցինք երիտասարդներին, ու մեր դարպասապահները մեծ առաջընթաց գրանցեցին: Այս ամենն ապագայի համար է»,- եզրափակեց Մինասյանը:

ԳԱՅԱՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930