Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրաշարժերից դաս չե՞ն քաղում

Նոյեմբեր 26,2011 13:14

Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո շենքերի սեյսմակայունության նորմերը վերանայվեցին, ընդ որում, մասնավորապես Երեւան քաղաքում մինչ երկրաշարժը կառուցված շենքերի համար անհրաժեշտ սեյսմակայունությունը սահմանվեց 9 բալի սահմանում՝ անցյալի 7 բալի փոխարեն:

Բնականաբար՝ ծագեց քաղաքի շենքերի սեյսմիկ անվտանգությունն ապահովելու միջոցառումներն իրականացնելու անհրաժեշտությունը, որն իր հերթին կապված է անասելի ծախսերի հետ՝ միջոցների ծայրահեղ սահմանափակվածության պայմաններում: Սա է թերեւս պատճառը, որ այսօր անգամ հեռավոր ծրագրերում այդ ուղղությամբ նախաձեռնություններ չեն իրականացվում:

Այս պայմաններում, գումարած նաեւ վերջերս Վանի շրջակայքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերը, ծայրահեղ անհանգստություն եւ վրդովմունք է առաջ բերում քաղաքապետարանի եւ այլ կառավարման մարմինների կողմից անհեռատես թույլտվությունների «շնորհումը», արդեն մոլուցք դարձած, տարբեր քաղաքացիների կողմից շենքերի տանիքներում ձեղնահարկեր կառուցելու համար: Անտարակույս է, որ 7 բալի համար կառուցված սեյսմակայունությունը լրացուցիչ ձեղնահարկով շենքի բեռն ավելացնելու դեպքում սեյսմակայունությունը կպակասի առնվազն 1.5-2 բալով եւ կդառնա 5-5.5 բալ, մինչդեռ երկրաշարժերի սպասելիք ուժգնությունը ոչ պակաս, քան 9 բալ է: Հարց է ծագում՝ ինչ բանականությամբ են հիմնավորված նման արկածախնդիր ու վտանգալի թույլտվությունները:

Մի՞թե քաղաքապետարանի ինժեներական անձնակազմին հայտնի չեն այս տարրական հասկացությունները: Իսկ եթե հայտնի են, ապա ո՞րն է նրանց նպատակն ու շահերը նման դեպքերում սրան ու նրան, աջ ու ձախ թույլտվություններ «շռայլելը»՝ շենքերի սեյսմակայունության անվտանգությունն առավելապես վատթարացնելով: Ընդ որում, անհասկանալի է նաեւ տարբեր ատյանների անտարբերությունն այս հարցի նկատմամբ: Այսպես, օրինակ, Սայաթ-Նովայի 33 շենքի 7-րդ մուտքի վերնահարկի երեք բնակարանների սեփականատերեր՝ անօրեն փաստաթղթերի հիման վրա շենքի 7-րդ մուտքի տանիքում ձեղնահարկ էին սկսել կառուցել, որի կասեցման համար մուտքի մյուս բնակիչները տարբեր ատյաններին բողոքներ էին ներկայացրել, սկսած քաղաքապետարանից, վերջացրած ՀՀ դատախազությունով, քաղաքաշինության նախարարությունով, անվտանգության կոմիտեով, Հանրային խորհրդով, ՀՀ նախագահով եւ այլն: Ոչ մի կազմակերպություն գործնականորեն չարձագանքեց բողոքներին, բացի, ի՞նչ եք կարծում, ումից. ՀՀ նախագահի վերահսկողության ծառայությունից: Ընդ որում, հրավիրեցին բողոքող բնակիչների մեծ մասին իրենց մոտ, շահագրգռված կերպով ծանոթացան հարցի էությանը եւ, իհարկե, գործնական քայլեր կատարվեցին: Նրանց շնորհիվ հարցը լուծվեց, մեղավորները պատժվեցին: Սա շատ լավ է: Բայց, բնականաբար, հարց է ծագում՝ ինչպիսի՞ գնահատական տալ այս թվարկված ատյաններին, որոնց նաեւ անմիջական պարտականությունն էր հարցին իրավական լուծում տալը՝ առանց բարձրագույն ատյանի միջամտության: Իհարկե, մենք զգացված ենք ու շատ շնորհակալ ՀՀ նախագահի վերաստուգիչ ծառայության վերաբերմունքից՝ պատշաճ կերպով արձագանքելու համար: Սակայն նորմա՞լ է, արդյոք, համապատասխան ատյանների անտարբերությունը, նրանց անպատասխանատվությունը տվյալ հարցում:

ՍԵՎԱԿ ԱՅՎԱԶՅԱՆ

տնտ. գիտ. թեկնածու, թոշակառու

Հ. Գ. Նման հարցեր չծագելու եւ կոռուպցիայի սողանցքները փակելու համար, իսկ ամենակարեւորը՝ շենքերի սեյսմակայունությունն առավել չվատթարացնելու համար անհրաժեշտ է, որ խորհրդարանում օրենք ընդունվի բացառելու որեւէ կազմակերպության կողմից թույլտվություններ տալը՝ գոյություն ունեցող շենքերում ձեղնահարկեր կառուցելը: Խստիվ պատիժներ սահմանել այս կարգը խախտողների վերաբերյալ, մայրաքաղաքի շենքերի սեյսմակայունությունը վատթարացնողների նկատմամբ: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ազգային անվտանգության հարց, որի նկատմամբ պատշաճ վերաբերմունք է պետք, համապատասխան մոտեցում, վճռականություն:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930