Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հախնազարյանները շարունակում են ավանդույթները

Նոյեմբեր 26,2011 13:10

Դիրիժոր Տիգրան Հախնազարյանն առաջին անգամ կներկայանա հայրենիքում

Ճանաչված Հախնազարյան երաժշտական ընտանիքի բարձրակարգ երաժիշտներին վիճակված էր ոչ արժանի ստեղծագործական ճակատագիր։ Ընտանիքի հայրը՝ Կոմիտասի անվան պետական լարային քառյակի շուրջ 30 տարիների երկրորդ ջութակահար Սուրեն Հախնազարյանը, հայրենիքում անգամ վաստակավորի կոչման չարժանացավ, իսկ որդին՝ թավջութակահար Նարեկը, այս տարի մասնակցելով Չայկովսկու անվան մրցույթին, միջազգային բարձրագույն նվաճումը վաստակեց ոչ միայն ստեղծագործական, այլեւ բարոյական հաղթանակով։

Ինչպես Սուրեն Հախնազարյանը, այնպես էլ՝ ընտանիքի մայրը՝ Գայանեն,  Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսորներ էին։ Հախնազարյանների մյուս որդին՝ Տիգրանը, շուրջ մեկ տարի է, ինչ Կոմի Հանրապետության օպերային թատրոնի գլխավոր դիրիժորն է։ Նա Երեւանում է, եւ երեկ հիանալի կերպով ղեկավարեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Սա արվեստագետի առաջին ելույթն է հայ հանդիսատեսի առջեւ: Նա ավարտել է Երեւանի կոնսերվատորիան՝ որպես ջութակահար (հոր՝ Ս. Հախնազարյանի դասարանը) եւ դիրիժոր, պրոֆեսոր Էմին Խաչատրյանի դասարանը։ Երեւանի կոնսերվատորիայի ասպիրանտուրան ավարտելուց հետո Տիգրանը կատարելագործվել է Սանկտ Պետերբուրգում՝ մեծանուն դիրիժոր Մուսինի ղեկավարությամբ, մասնակցել դարձյալ անվանի դիրիժոր Մազուրի վարպետության դասընթացին։

Մինչ 2010 թ. Կոմի Հանրապետության օպերային թատրոնի կողմից հրավերը՝ նա 2001-ից Բաշկորկոստանի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն էր, 2004-ից էլ՝ իր հիմնած Մոսկվայի «Impression» կամերային նվագախմբի ղեկավարը, որի հետ մինչ օրս՝ թեկուզ տարին 2-3 անգամ, շարունակում է աշխատանքները՝ ելույթ ունենալով Ռուսաստանի տարբեր քաղաքներում։

Վերջին շրջանում շատ է խոսվում ԽՍՀՄ երկրների օպերային թատրոնների կառուցվածքի մասին։ «Առավոտի» հետ զրույցում Տիգրան Հախնազարյանը տեղեկացրեց, որ Կոմի Հանրապետության օպերային թատրոնն ունի հարուստ խաղացանկ. օպերային մոտ 20, բալետային՝ 10 ներկայացում, ամսական ներկայացնում են դրանցից 15-ը։ Հավելեց, որ վերջերս Իտալիայից հրավիրված «Արենա Դիվերոնա» թատրոնի ռեժիսոր Պաուլո Պանիցային այնքան են հրապուրել Կոմի թատրոնի Պուչինիի «Բոհեմ» օպերային ներկայացման դեկորները, որ նա արտահայտվել է, թե Իտալիայում նման աշխատանք չէին կատարի, եւ գնել է դրանք։ Հետո, իհարկե, թատրոնի նկարիչների խումբը ստիպված է եղել նորից ստեղծել ներկայացման դեկորները։

Անդրադառնալով թատրոնի կառուցվածքային խնդրին՝ հիշեցրինք, որ Լա Սկալան եւ Մետրոպոլիտենը ունեն բոլորովին այլ կառուցվածք։ Երկուսի գլուխ կանգնած են հոգաբարձուների խորհուրդները, երկուսն էլ ունեն գլխավոր տնօրեններ եւ շուրջ 15 տնօրեններ՝ մարկեթինգի, գովազդի, ֆինանսական, լրատվության եւ այլնի գծով։ Օրինակ՝ Լա Սկալա թատրոնի օպերային հիմնադրամի նախագահը Իտալիայի նախագահն է։ Հարցին՝ գուցե աշխարհահռչակ թատրոնների կառուցվածքը օրինակ լինի նաեւ Երեւանի կամ Կոմի Հանրապետության թատրոնների՞ համար, Տիգրան Հախնազարյանը պատասխանեց. «Կառուցվածքի հարցը խնդիր է նաեւ մեր թատրոնում։ Երբ ես հրավիրվեցի թատրոն, տնօրենն ասաց՝ քանի որ կա գլխավոր դիրիժոր, այլեւս հարկավոր չէ ո՛չ գլխավոր ռեժիսոր եւ ո՛չ էլ գլխավոր բալետմայստեր։ Երկար բանակցելուց հետո եկանք ընդհանուր հայտարարի, որ թատրոնին հարկավոր է գեղարվեստական կամ երաժշտական ղեկավար։ Տնօրենին օրինակ բերեցի Մետրոպոլիտեն օպերայից Ֆաբիո Լուիզիին, ով գլխավոր դիրիժոր նշանակվելուց հետո որպես երաժշտական ղեկավար հրավիրեց նաեւ անվանի դիրիժոր Ջեյմս Լեւայնին»։

Մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ սիրով կղեկավարի որեւէ ներկայացում Երեւանի օպերային թատրոնում։

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930