Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեւորը չափի զգացումն է

Նոյեմբեր 26,2011 13:08

Բացվեց Անդրանիկ Քեշիշյանի լուսանկարչական ցուցահանդեսը

Հեռուստաօպերատոր, լուսանկարիչ Անդրանիկ Քեշիշյանի մասին գուցե շատերը լսած չլինեն: Նա լուսանկարչությամբ զբաղվում է 15 տարի, երկար տարիներ Մոսկվայում բնակվելուց հետո 2011 թ. տեղափոխվել է Հայաստան՝ նպատակ ունենալով հետագա ստեղծագործական կյանքը շարունակել այստեղ: Օրերս «Նարեկացի» արվեստի կենտրոնում կայացավ Անդրանիկ Քեշիշյանի ցուցահանդեսը՝ «Ամենակարեւորն արվեստում չափի զգացումն է» խորագրով:

29-ամյա հեռուստաօպերատորի աշխատանքներն առանձնահատուկ են նրանով, որ նախապես մտածված սյուժե ունեն, նատյուրմորտներ են, որոնցում առկա են նուրբ եւ կոպիտ առարկաների համադրություններ, այլախոհություն, իրեր, որոնք առանձին վերցրած՝ ուրիշ իմաստ ունեն, սակայն լուսանկարներում բոլորովին այլ միտք են արտահայտում: Առօրյայում գործածական եւ առանձնակի գեղեցկություն չունեցող առարկաները լուսային խաղի եւ հատուկ (ոչ համակարգչային) էֆեկտների արդյունքում յուրահատուկ հետաքրքրություն եւ գեղեցկություն են ստանում: «1998 թվականն էր, երբ հայրիկիցս տեսախցիկ նվեր ստացա, սկսեցի դրանով նկարել ինձ համար: Այնուհետեւ փորձեցի ընդունվել Մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետ, սակայն չստացվեց, գնացի բանակ, վերադառնալուց հետո տեղափոխվեցի Մոսկվա, ուր եւ ընդունվեցի հեռուստատեսության ինստիտուտ: Լուսանկարչությամբ ավելի ուշ սկսեցի զբաղվել»,- պատմեց Անդրանիկ Քեշիշյանը:

Անդրանիկի ցուցահանդեսին ներկայացվեցին ոչ միայն նրա ստեղծագործությունները, այլեւ դրանց ստեղծման, նկարահանման գործընթացը: Հաջորդ տարի Անդրանիկը նախատեսում է երկրորդ ցուցահանդեսը, որի առանցքում մեխերը կլինեն, իսկ թեման՝ Կամասուտրան։ «Լուսանկարելու ընթացքում ես ավելի շատ նկարահանման ընթացքից եմ հաճույք ստանում, քան նկարից: Երբ դասավորում եմ առարկաները, լույսերն եմ ուղղում, երկար ժամանակ չարչարվում եմ մեկ կադր ստանալու համար: Այդ պրոցեսն է ինձ համար ամենահաճելին»,- զրույցի վերջում հավելեց լուսանկարիչը:

ՄԱՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930