Լրահոս
Օրվա լրահոսը

«Վաղեմի երազանքս իրականացավ»

Նոյեմբեր 26,2011 13:04

Գեղանկարիչ Վլադիմիր Աբրահամյանն արդեն հինգ տասնամյակ գույնի ու պատկերի լեզվով է խոսում, ապրում, արարում: Վարպետը նշում էր իր ծննդյան 70 եւ ստեղծագործական գործունեության 50-ամյակները: Հայաստանի նկարիչների միությունում բացված անհատական ցուցահանդեսը հաճելիորեն զարմացրել էր այցելուներին: Վլադիմիր Աբրահամյանի ստեղծագործությունների ամբողջական ներկայացումը վերջապես հնարավորություն կտա ավելին պատմել գեղանկարչի ու մարդու մասին: Բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակը նաեւ շուրջ 250 գեղարվեստական եւ մանկական գիրք է ձեւավորել:

Դրանց թվում են «Ֆրանսիական ժողովրդական հեքիաթները», Ստեփան Պողոսյանի՝ «Ինձ բահ տվեք», Զորայր Խալափյանի՝ «Ջերմաց մխիթարությունը», Գյոթեի թատերգությունները, Արթուր Քլարկի՝ «Լուսնափոշին», Հրաչյա Հովհաննիսյանի բանաստեղծությունները եւ այլն:

Վլադիմիր Աբրահամյանի առաջին անհատական ցուցահանդեսը կայացել է 6 տարի առաջ՝ Չինաստանում: Հայրենիքում սա նրա առաջին անհատականն է, ցուցադրվում է մոտ 70 աշխատանք, հիմնականում վերջին շրջանի գործեր: Վ. Աբրահամյանի նկարները գտնվում են Հայաստանի զանազան թանգարաններում, այդ թվում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում, նաեւ արտերկրի ցուցասրահներում ու մասնավոր հավաքածուներում:

Նա ցուցադրվել է ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Լիբանանում, Էմիրություններում, Գերմանիայում: «Հայրենիքում նման ընդգրկուն անհատական ցուցահանդեսով ներկայանալը վաղեմի երազանքս է եղել, շատ հուզվում եմ եւ երջանիկ եմ, որ վերջապես հաջողվեց նման ձեւով ներկայանալ հայրենակիցներիս»,- ասում է նկարիչը:

ՆԱՐԱ ԵՓՐԵՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930