Լրահոս
Օրվա լրահոսը

Տուժում է փոքր բիզնեսը

Նոյեմբեր 26,2011 13:02

Դեղամիջոցների շուկայում կեղծարարության դեմ եվրոպական հռչակագրին չմիացած Հայաստանում բուժպարագաները ազատված են ավելացած արժեքի հարկից, իսկ դեղերը՝ ոչ:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում անցած տարվա գարնանը տեղի ունեցածը բավական էր հասկանալու համար, որ մեր պետությունը խեղճ է մենաշնորհների ու դրանց տերերի դեմ: Հիշեցնենք, որ 2010 թվականի հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ հանձնաժողովը նախատեսում է 2010-ին հանրապետության մարզերում իրականացնել մրցակցային իրավիճակի գնահատում: Երկու ամիս անց՝ 2010 թվականի մարտին Դավիթ Հարությունյանը հրաժարական տվեց եւ ՏՄՊՊՀ նախագահ դարձավ Արտակ Շաբոյանը: Դավիթ Հարությունյանի հրաժարականից հետո համառ լուրեր եղան, թե դեղ ներկրող յոթ խոշոր ընկերությունների դեմ ՏՄՊՊՀ կտրուկ քայլերից՝ նրանց հակամրցակցային պայմանավորվածության համար տուգանելու որոշում ընդունելուց հետո, Դավիթ Հարությունյանին ստիպել են հրաժարական տալ եւ անգամ սպառնացել են զենքով: Արտակ Շաբոյանը եկավ, եւ հանձնաժողովը չեղյալ հայտարարեց Դավիթ Հարությունյանի օրոք ընդունված՝ դեղ ներկրողներին տուգանելու որոշումը, իսկ մարզերում մրցակցային իրավիճակը այդպես էլ չգնահատվեց («Առավոտ», 11 հունվարի 2011, «Խոստացավ՝ չարեց. Դատելով իրերի դրությունից եւ զարգացումներից՝ Արտակ Շաբոյանին պետական պաշտոն է վստահվել օլիգարխների բիզնես շահերը պաշտպանելու համար» https://www.aravot.am/ old/am/articles/regions/87255/view):

Դավիթ Հարությունյանին Արտակ Շաբոյանով փոխարինելուց մեկ տարի անց՝ այս տարվա ապրիլի 5-ին «Հերթական անարդյունք որոշումը. թմրամոլության դեմ պայքարի տրամաբանության մեջ ընդունված կառավարական որոշումը շեղվել է տրամաբանությունից, թմրամոլության ծավալներն էլ աճել են»՝ հttp://www.aravot.am/old/am/articles/society/91514/view հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ ՀՀ կառավարությունը թմրամոլության դեմ պայքարի շրջանակներում արգելեց լիրիկա, կոակսիլ, սեդալգին նեո եւ տրոպիկամիդ դեղերի ազատ վաճառքը: Սրանք հակադեպրեսանտներ են, վերջինը՝ աչքի կաթիլներ, եւ «խորամանկ» թմրամոլները սրանցից թմրամիջոց էին ստանում: Հիմա սրանք կարող են վաճառվել միայն բժշկի դեղատոմսով: Էլի հանուն «աննարկոտիկ» կյանքի, մեր կառավարիչները որոշել են. դեղատոմսի վրա 3 ստորագրություն եւ կնիք պետք է լինի՝ բուժող բժշկի, բաժնի վարիչի եւ հաստատության ղեկավարի: Դե հիմա պատկերացրեք հակադեպրեսանտի կամ հանգստացնող դեղի կարիք ունեցող ծեր պապիկի, տատիկի կամ հիվանդի վիճակը, որ դեղի համար պետք է հասնի պոլիկլինիկա, ուր բուժաշխատողները բարեկրթությամբ չեն փայլում, վկա՝ բազմաթիվ բողոքները: Ստացվում է, որ հակադեպրեսանտի հետեւից գնացածը դեպրեսիա է ունենալու: Ողջ խնդիրն այն է, որ բացի նշված դեղերից, թմրամոլը ի վերջո այս կամ այն դեղից թմրադեղ կստանա: Ու ստացվում է, որ կառավարության որոշումից տուժում է միայն հիվանդը:

Մեր աղբյուրների տեղեկացմամբ, դեղերի շուկայում հիմա մի տեսակ լծակների վերաբաժանում է սկսվել, որից տուժում են փոքր ու միջին գործարարները՝ փոքր դեղատները:

Ասում են ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը, ով դեղատուն ունի, շատ է ուզում դեղերի շուկայում վերահսկողը իր ծառայությունը լինի: Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի ղեկավար Էմիլ Գաբրիելյանի մահվանից հետո է ակտիվացել Արտավազդ Վանյանը:

Այս տարի ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունն ու դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը ստուգել են բազմաթիվ դեղատներ, բազում խախտումներ հայտնաբերել ու տուգանքներ նշանակել: Բայց խնդիրը այն է, որ Դավիթ Հարությունյանի հեռացմանը հասած ուժերը այդ ամենից դուրս են: Մեր զրուցակից փոքր գործարարը ասաց, որ պաշտոնյաների դեղատներում ազատ վաճառվում են Հայաստանում չգրանցված կապոտեն եւ վիֆերոն դեղերը: Մի բան, ինչի համար տուգանվել են փոքր դեղատները: Ու ստացվում է հերթական անարդյունք որոշումը. հովանավորյալ ու չգրանցված դեղ վաճառող դեղատներին բան չի լինի, փոքր ու միջին բիզնեսը կտուժի:

Սրա դեմն առնելու համար մեր զրուցակից գործարարը ասաց, որ հարկ է պարզեցնել Հայաստանում դեղերի գրանցումը, դեղերը չհարկել ավելացած արժեքի հարկով: Պարադոքս է, բայց բուժպարագաները՝ ներարկիչ, ներարկիչի ասեղ եւ այլն, ԱԱՀ-ով չեն հարկվում, իսկ դեղերը հարկվում են:

Կամ համակարգչային տեխնիկայի վաճառքով զբաղվողները համակարգչի առանձին մասերը առանձին-առանձին ներկրում են Հայաստան, այստեղ համակարգիչը հավաքում ու վճարում քիչ հարկ, քան եթե համակարգիչ ներմուծեին, ԱԱՀ չեն վճարում: Աղքատ բնակչության պակաս չունեցող Հայաստանում դե՞ղն է կարեւոր, թե՞ համակարգիչը՝ այնքան էլ բարդ չէ հասկանալը:

Ու մի բան էլ, հոկտեմբերի 8-ին ԵԽ-ն ընդունել է «Մեդիկրիմ» հռչակագիրը՝ ընդդեմ կեղծ դեղամիջոցների եւ ոլորտում կեղծարարության: Հոկտեմբերի 26-ին Եվրոպայի խորհրդի նախաձեռնությամբ անցկացվեց ընդդեմ կեղծ դեղամիջոցների գիտաժողով, որտեղ ներկայացվեց «Մեդիկրիմը»: Հռչակագիրը ստորագրել է 12 պետություն. Գերմանիա, Իսրայել, Իսլանդիա, Իտալիա, Կիպրոս, Պորտուգալիա, Ռուսաստան, Ուկրաինա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Շվեյցարիա: Հռչակագիրը բաց է ստորագրման համար: Հայաստանը չի միացել այդ հռչակագրին։

Այս առթիվ «Առավոտի» հետ զրույցում ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը ասել է. «Շուկայի 70 տոկոսը Սամվել Ալեքսանյանն է մատակարարում: Կեղծ դեղերի փաստեր ՀՀ-ում բազմիցս են հայտնաբերվել եւ արձանագրվել, իսկ համաձայնագրին միանալով՝ երկիրն իր վրա որոշակի լրջագույն պարտավորություններ պետք է վերցնի՝ տարբեր երկրներից ներմուծվող կեղծ դեղերի համար: Այսինքն՝ նորմատիվային դաշտի խստացում, ըստ որոնց՝ պետք է միայն ճանաչված եւ լուրջ դեղագործական ֆիրմաների հետ պայմանագրեր կնքվեն: Այստեղ շահույթի խստագույնս անկում տեղի կունենա նշված օլիգարխների համար, եթե սկսեն պատշաճ պահպանել բոլոր կանոնները, ուստի, ինչպես միշտ, Հայաստանն այս բնագավառում էլ խուսափողական տակտիկա է բանեցնում, որ օլիգարխների հարստացման գործընթացները շարունակեն ընդլայնվել» (https:// www.aravot.am/2011/11/14/6257/):

ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930