Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եկել է տեսել՝ տուն չունի

Նոյեմբեր 26,2011 12:46

Նրա բնակարանի տեղում կառուցապատում իրականացրած  «Ավո Ֆ.Մ.Հ.» ընկերությունը հրաժարվում է փոխհատուցել՝ մերժումը պատճառաբանելով վաղեմության ժամկետով:

Աղավնի Ջալալբեկյանը 30 տարուց ավելի բնակվել է Արամի 8 հասցեում եւ եղել է բնակելի տարածքի օգտագործող: Մութ ու ցուրտ տարիներին սոցիալական ծանր վիճակի մեջ հայտնվելով՝ տիկին Աղավնին 1999 թվականին մեկնել է Գերմանիա: 10 տարի հետո վերադառնալով հայրենիք՝ հայտնաբերել է, որ այլեւս տուն չունի, իսկ բնակարանի տեղն էլ էլիտար շենք է կառուցվել: Նրա՝ արտերկրում գտնվելու ժամանակահատվածում Արամի 8 հասցեն իրացվել է, եւ նշյալ հասցեի բնակիչները, որոնք որպես օգտագործողներ են հանդես եկել, փոխհատուցվել են եւ տեղափոխվել, սակայն Աղավնի Ջալալբեկյանի մասնաբաժինն այդպես էլ չի փոխհատուցվել: Պատճառն այն է, որ տիկին Ջալալբեկյանը Գերմանիայում գտնվելու ժամանակ որեւէ կերպ չի կարողացել տեղեկանալ, որ իր բնակարանն իրացվելու է, ուստի չի վերադարձել Հայաստան, որպեսզի փոխհատուցման պայմանագիրը կնքի: Նշենք, որ Ա. Ջալալբեկյանին պատկանող տարածքի կառուցապատողն էլ է «Ավո Ֆ.Մ.Հ.» ընկերությունը, որի սեփականատերը սիրիահայ գործարար Ավետիս Կարագուլյանն է:

Տիկին Աղավնիի ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը ստացել է 3 միլիոն դրամ, ընդհանուր առմամբ՝ 27 միլիոն դրամ, որով վերջիններս բնակարան են գնել:

Տիկին Աղավնին դիմել է դատարան, որպեսզի օրինական կարգով իրեն հասանելիք 3 միլիոնը ստանա, բայց նրա հայցը մերժվել է՝ պատճառաբանությամբ, որ հայցի վաղեմության ժամկետը լրացված է: Արամի 8 հասցեում կառուցապատում իրականացնող «Ավո Ֆ.Մ.Հ.» ընկերությունը հրաժարվել է փոխհատուցում տալ՝ նշելով, որ այլեւս չեն գործում կառավարության թիվ 759-Ն եւ 950 որոշումները, որոնց համաձայն՝ իրացված տարածքի բնակիչներն իրավունք ունեին իրացված բնակարանի դիմաց, երբ ցանկանային, փոխհատուցում պահանջելու: Այդ որոշումների փոխարեն ուժի մեջ է մտել «Հասարակության եւ պետական կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքը, ըստ որի՝ փոխհատուցում տրվում է միայն սեփականատերերին՝ անտեսելով այն հանգամանքը, որ տունն իրացվել է, ու այդ կապակցությամբ պայմանագիր է կնքվել ընտանիքի անդամներից միայն 3-ի հետ: Բացի այդ, «Ավո Ֆ.Մ.Հ.»-ն վստահեցրել է, որ տեղյակ չի եղել Աղավնի Ջալալբեկյանի մասին, այն դեպքում, երբ Աղավնի Ջալալբեկյանը Արամի 8 հասցեում հաշվառված է մնացել մինչեւ 2007 թվականը:

Տիկին Աղավնիի փաստաբան Մնացական Ղազարյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ներկայումս գործը վերաքննիչ դատարանում է: Ըստ նրա, այս գործում ոչ թե օրենքների ժամկետներին է խոսքը վերաբերում, այլ նրան, որ հայցը մերժվել է հայցի վաղեմության ժամկետը լրանալու հանգամանքով:

Նշենք, որ հայցում նշվել է, որ տիկին Աղավնին ինչ-ինչ պատճառներով չի կարողացել արտերկրից լիազորագիր ուղարկել, որպեսզի նրա փոխարեն հարազատները գործարք կատարեն: Արտաքուստ թվում է, որ տեղյակ է եղել եւ չի կարողացել, սակայն տեղյակ էլ չի եղել, քանի որ նրա հետ ոչ ոք կապ չի պահպանել: Փաստաբանի համոզմամբ, տիկնոջը փոխհատուցում հասնում է. «Ոչ միայն իրավական, այլեւ մարդկային առումով նրան պետք է փոխհատուցում տրվի: Եթե ընտանիքի բոլոր անդամները ստացել են, ինքն ինչո՞ւ չպետք է ստանա: Կարծում եմ, որ դա կառուցապատողի համար մեծ բան չի, բայց կոնկրետ այս մարդու համար խնդիր կարող է լուծել»:

Հիմա տիկինը վարձակալության հիմունքներով բնակվում է Նոր Նորքի 9-րդ զանգվածում: Նա չի աշխատում եւ ոչ մի կողմից օգնություն կամ օգնող չունի:

ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930