Լրահոս
Օրվա լրահոսը

Հայը լքել է, նիգերիացին՝ որդեգրել

Նոյեմբեր 26,2011 12:44

Փոքրիկ Սառան իր սեւամորթ մայրիկին շատ-շատ է սիրում

7-ամյա Սառան իր 2 եղբայրներից եւ քրոջից միայն մաշկի գույնով է տարբերվում. ճիշտ է, նրանք արյունակից չեն, բայց միեւնույն ընտանիքում են ապրում եւ նույն ծնողներն ունեն: Նիգերիացի Ֆլորան դեռ 5 տարի առաջ է հանդիպել Սառային, երբ առողջապահական ծրագրերով այցելել էր «Մայր Թերեզայի» մանկատուն: Երկամյա Սառան դեռ մի կարգին խոսել չիմանալով՝ ընդառաջ է վազել մանկատուն եկած սեւամորթ կնոջն ու փաթաթվել նրան: Մեզ հետ զրույցում Ֆլորան, որը չնայած իր ազգությանը՝ հայերեն էր խոսում,  պատմեց, որ սկզբում չի զարմացել Սառայի արձագանքից, քանի որ գիտեր մանկատան երեխաների հոգեբանությունը: Տիկին Ֆլորայի խոսքերով, մանկատան երեխաներն այդպես են վերաբերվում բոլորին, բայց մանկատան աշխատակիցները տիկնոջը հավաստիացրել են, որ Սառան առաջին անգամ է այդպես իրեն պահել. «Հենց ինձ տեսավ, գոռաց՝ մամաս եկավ: Ես չզարմացա, մտածեցի, որ մոր կարիք ունեն մանկատան բոլոր երեխաները, դրա համար է այդպես ասում: Ամեն մանկատուն գնալիս Սառան պինդ կպչում էր ոտքերիս, ձեռքս բաց չէր թողնում ու անընդհատ նույն խոսքերն էր ասում՝ մամաս եկավ, մամաս եկավ: Իսկ երբ դուրս էի գալիս մանկատնից, էնպես էր լաց լինում, որ սիրտս ճմլվում էր: Նրան հանգստացնելու համար գթության քույրերն ասում էին՝ էլի կգա, կակա կբերի, չէր հանգստանում՝ լացում էր»:

Սառան ծնվել է գլխուղեղի բնածին արատով: Նրա ծնողներն այդ լուրն իմանալուն պես՝ հենց հիվանդանոցում հրաժարվել են երեխայից: «Մարիամ Աստվածածին» մանկական կլինիկայում բուժվելուց հետո նրան տեղափոխել են մանկատուն: Իսկ սեւամորթ կնոջը երեխայի հիվանդությունը բնավ արգելք չի հանդիսացել նրան որդեգրելու համար: Ինչպես Ֆլորան է պատմում, առաջին վիրահատությունից հետո, երբ երեխայի վիճակը լավացել է, մանկատան աշխատակիցները դիմել են երեխայի ծնողներին, որ գան՝ հետ վերցնեն Սառային, սակայն ծնողները հրաժարվել են, պատճառաբանելով՝ հիվանդությունը կարող է նորից կրկնվել: «Ես որոշել էի, որ հաճախ կգնամ Սառայի մոտ, բայց ամուսնուս հետ  մտածեցինք ու որոշեցինք, որ ավելի լավ կլինի որդեգրել նրան: 3 երեխա ունենք, թող մեկն էլ լինի»,- պատմեց Ֆլորան: Նույնիսկ որդեգրման երկար ու ձանձրալի 2 տարվա գործընթացը Ֆլորային հետ չի պահել այդ մտքից: Ըստ նրա, մի քիչ բարդ է եղել. Նիգերիայի կառավարությունը դեռ պետք է ուսումնասիրեր ու թույլտվություն տար, որպեսզի իրենց քաղաքացին օտարազգի երեխա որդեգրի: Սակայն մինչ բոլոր փաստաթղթերով Սառան օրինական իրենց դուստրը կդառնար, արդեն բնակվում էր Ֆլորայի ընտանիքում՝ քրոջ ու եղբայրների հետ: «Մի քանի անգամ էդ փաստաթղթերի համար Մոսկվա գնացի, շատ դժվար էր, բայց համբերատար սպասեցի՝ մինչեւ ամեն ինչ կարգավորվի: Երեխաներս շատ էին ուրախացել ու անմիջապես սիրեցին Սառային»,- ասաց տիկին Ֆլորան: Մեր այն հարցին, թե երբեւէ Սառայի մոտ հարց չի՞ ծագել, թե ինչու է ինքն այդքան տարբեր իր մորից, եղբայրներից ու քրոջից, Ֆլորան ասաց. «Ոչ, ոչ մի անգամ տենց հարց չի տվել: Բայց դպրոցում, որ երեխաները հարցնում են՝ խի է մամադ սեւ, դու՝ սպիտակ, պատասխանում է՝ մամաս նիգերիացի է, ես՝ հայ: Ինքը շատ խելացի երեխա է: Բոլորի հարցերին պատասխան ունի»:

Իսկ թե ինչպես է նիգերիացի կինը հայտնվել Հայաստանում եւ կրում հայկական ազգանուն՝ Մինաս, «Առավոտի» հետ զրույցում Ֆլորան պատմեց, որ սփյուռքահայ բժիշկ Աշլի Վանիկ Մինասի հետ ծանոթացել է Նիգերիայում: Ծանոթանալուց մի քանի օր հետո Աշլին նամակով ամուսնության առաջարկ է նրան արել, ինչն էլ Ֆլորան մի փոքր վախենալով է ընդունել: Հարսանիքը նիգերիական ավանդույթներով է տեղի ունեցել. «Ամուսնանալուց 2 տարի առաջ ես իրեն իմ երազի մեջ տեսել էի, հետո որ ծանոթացա, շատ ռեալ հիշեցի երազս: Հարսանիքին սպիտակ շոր չեմ հագել: Մեր տրադիցիայով՝ գունավոր շոր ենք հագնում»:

Առաջին անգամ ամուսնու հետ է այցելել Հայաստան՝ 1994-ին, եւ Մեղրիում առաջին «Մինասյան» բժշկական կենտրոն են հիմնել: Երեխաների անունները հայկական են՝ առաջնեկի հղիության ժամանակ, ինչպես Ֆլորան է պատմում, Հայոց ցեղասպանության մասին գիրք կարդալիս գլխավոր հերոսուհու անունը Սիրուն է եղել, նրան դուր է եկել. «Ես էլ միանգամից որոշեցի՝ աղջկաս անունը Սիրուն եմ դնելու»: Հետո ծնվեցին Վանիկն ու Տիգրանը: Ներկայումս Սիրունն ու Վանիկը սովորում են Բժշկական համալսարանում, իսկ 12-ամյա Տիգրանը դեռ դպրոց է հաճախում: 18 տարի համատեղ ամուսնական կյանքից հետո Ֆլորան ու ամուսինը բաժանվել են: Հայազգի ամուսինը մեկնել է Նիգերիա, որտեղ բնակվում է եւ աշխատում, իսկ նիգերիացի Ֆլորան չի լքել Հայաստանը. «Երեխաներիս հայրենիքն է, այստեղ են դպրոց գնացել, հայերեն ավելի լավ գիտեն, քան անգլերեն: Բայց արձակուրդներին գնում են Նիգերիա»: Մեր հարցին, թե որտե՞ղ են իրենց ավելի լավ զգում, Ֆլորան ասաց. «Աղջիկս ասում է՝ Նիգերիայում մեզ որ տեսնում են, ասում են՝ նիգերիացի չեն, Հայաստանում էլ ասում են՝ հայ չեն: Երեխաներս որ գնում են Նիգերիա, իրենց խորթ են զգում, որ գալիս են Հայաստան՝ էլի խորթ են զգում: Բայց մեկ է, ասում են՝ այստեղ ավելի լավ է»:

Ֆլորայի հետ զրուցեցինք «Մարիամ Աստվածածին» մանկական հիվանդանոցում, որտեղ Սառան բարդ վիրահատություն է տարել: Նա ընդամենը 7 տարեկան է, բայց արդեն տասնյակ նման վիրահատություն է ունեցել. «Աստծուն փառք, ես հույսս չեմ կտրում: Սառան բուժվելու է, լավ կլինի»,- արցունքն աչքերին՝ մեր զրույցի վերջում ասաց Ֆլորա Մինասը:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930