Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մշակույթը սկսվում է լեզվից

Նոյեմբեր 26,2011 12:16

Վերջերս Աշոտ Մանուչարյանը շատ ճիշտ գաղափար էր առաջ քաշել, որի իմաստը հետեւյալն է. Հայաստանին պետք է մշակութային հեղափոխություն, որի ընթացքում «Բենթլին» կփոխարինվի «Նարեկով»: Իրոք որ՝ ի՞նչ կարելի է սպասել մի երկրից, որտեղ նույնիսկ հոգեւորականներն են սեւեռված նյութական բարիքների եւ, որն ավելի կարեւոր է՝ դրանք ցուցադրելու վրա: Դրա հետ զուգահեռ հարց է առաջանում, որը միայն առաջին հայացքից է միամիտ կամ անկարեւոր թվում՝ «Նարեկը»՝ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գործը, ո՞ր լեզվով, ո՞ր տառերով պետք է կարդան Հայաստանում: Դուք կընկալե՞ք Նարեկացու տողերը, եթե դրանք գրված լինեն այսպես. «Ete vshteric lqvac, hognabek–mek@ nvaxi, tox amrapndvac harni verstin harachanqneri ays harstaranov – husalov i qez»: Այդպիսի բան կարդալուց հետո ոչ ոք, բնականաբար, ամրապնդված չի հառնի, ընդհակառակը՝ ավելի շատ կհուսալքվի: Սա հենց այն դեպքն է, երբ բովանդակությունը մեծապես պայմանավորված է ձեւով: Մեր լեզուն զարգացել եւ ինքնադրսեւորվել է հենց մեսրոպատառ նշանների միջոցով. 15 դար, օրինակ, «ը» հնչյունը մարմնավորվել է համապատասխան տառով, ի՞նչ հիմքեր  կան այսօր փոխարինել այդ տառը՝ էլեկտրոնային փոստի համար նախատեսված «շնիկով»:

Այդ խնդիրն առաջացավ, իհարկե, համակարգչով ինտերնետում գրելու հետեւանքով: Եթե 5 տարի առաջ որոշ տեխնիկական խոչընդոտներ կային համացանցում հայերեն տառեր կիրառելու համար, ապա այսօր դրանք հաստատ չկան. ժամանակակից ցանկացած համակարգիչ հնարավորություն է տալիս, ծախսելով 10-15 վայրկյան, «բերել» հայկական տառերը: Բայց կան մարդիկ, որոնք դա համառորեն չեն անում: Պատճառը, հավանաբար, առավել զարգացած, «ֆիրմա» երեւալու ձգտումն է կամ էլ տարրական ծուլությունը:

Վերջին տարիներին Հայաստանում շատ արդիական են դարձել բնապահպանական խնդիրները՝ կապված, մասնավորապես, հանքարդյունաբերության զարգացման հետ: Բայց, կարծում եմ, պակաս կարեւոր չէ այսօր գրավոր տեքստերի էկոլոգիայի հարցը: Արդեն իսկ տպագիր տեքստերում վերջին տարիներին ի հայտ էին եկել հակահիգիենիկ երեւույթներ, որոնք աստիճանաբար դարձան սովորական, գրեթե «նորմատիվ»: Կայքերի, ֆորումների, սոցցանցերի զարգացումը (որն, ինքնին, անշուշտ, դրական երեւույթ է) իր հետ բերեց լեզվական եւ, հետեւաբար, մտավոր ոլորտի սարսափելի աղտոտվածություն, որին դիմակայելը ցանկացած մտածող մարդու պատվի գործն է:

Մեր կայքի մեկնաբանություններում օգտատերերը երբեմն փորձում են գրել «տրանսլիտով»՝ «լատինատառ հայերենով»: Առայժմ մենք այդ մարդկանց զգուշացնում ենք, բայց շուտով ընդհանրապես չենք հրապարակի նրանց մեկնաբանությունները՝ որքան էլ դրանք հետաքրքիր լինեն: Որովհետեւ մեր թերթի (կայքի) գերնպատակը բառիս լայն իմաստով մշակույթ զարգացնելն է: Իսկ մշակույթը սկսվում է լեզվից:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930