«Հայոց ցեղասպանության հարցի ճանաչման գործընթացը Թուրքիային զսպելու քաղաքականության տարր է, բայց ոչ նրա հետ վերջնականապես հաշիվները փակելու համար»,- այսօր «Արմատ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը քննարկման դնելու մասին, ասաց Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Շիրինյանը: Ըստ նրա, Ֆրանսիան եւ Թուրքիան 200-300 տարի, իրար լավ հասկանալով, իրար աչքերի մեջ նայելով քաղաքականություն են վարում:
«Այստեղ լինենք լավատես անտարբերության կողմնակիցներ, շատ չտառապենք: Եթե չընդունեն` մեր խիղճն ազատ է, իրենց խիղճն ազատ չէ, բայց խոշոր տերություններն էդպիսի խիղճ էլ չունեն»,- ասում է քաղաքագետը եւ խորհուրդ տալիս` կյանքում լինել իդեալիստ, բայց քաղաքականության մեջ` ռեալիստ: Շիրինյանը կարծում է, որ ցեղասպանության ճանաչման հարցը առաջ տանելու գործում Հայաստանն առանձնապես շահելու կամ կորցնելու շատ բան չունի. «Սա համաշխարհային քաղաքականության եւ համաշխարհային քաղաքական ընտրանու բարոյականության հարցն է: Այդ երկրները գործում են իրենց երկրների շահերով: Ֆրանսիան առաջինն է աշխարհում հայտնաբերել ազգային շահի հայեցակարգը եւ այդ երկիրը երբեւիցե դուրս չի եկել այս շրջանակից: Սովորաբար հայ քաղաքացին համեմատություն է անում հոլոքոստի հետ եւ հրեական հզորության հետ: Եթե խոշոր տերությունները` Միացյալ Նահանգները, Սովետական միությունը, Մեծ Բրիտանիան, չուզենային գերմանացիների վզին փաթաթեին այդ ոճիրը, ինչպես որ մենք ենք ուզում Թուրքիայի պարագայում լինի, ուրեմն վստահ եղեք, որ ոչ մի հրեական ժողովուրդ չէր կարող այդ հարցը լուծել այն տեսքով, ինչ որ կա : Այսինքն, մենք այստեղ չպետք է շատ վհատվենք: Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Ռուսաստանը կանգնած են ընտրությունների նախաշեմին, այս երկրներում կան հայկական կազմակերպված համայնքներ, իսկ Միացյալ Նահանգներում եւ Ֆրանսիայում` նաեւ լոբբի»:
Ըստ Լ. Շիրինյանի, նախագահների ընտրության պարագայում հայոց ցեղասպանության հարցի մեջ պետք է օրակարգը ընդլայնել հետեւյալ տեսքով` Արցախի հանրապետության ճանաչում, Հայաստանի Հանրապետության անվտանգության շեմի բարձրացում, որովհետեւ. «Թուրքիան հզորանում է տնտեսապես, ռազմապես եւ գիտականորեն, մենք մեր գիտական պոտենցիալը շարունակում ենք կորցնել, Լեռնային Ղարաբաղի հարցը մնում է հարց, որի ճանաչման համար պայքարը պետք է շարունակենք: Վերջին հաշվով աշխարհին ասենք` ուզում եք ճանաչեք, ուզում եք` ոչ: Եթե Թուրքիայի փոխհատուցման հարցը չլինի, հիմա ոչ միայն Էրդողանը, նախագահը, այլեւ Ազգային Ժողովը նիստեր, հայտարարություններ կանի, ներողություն կխնդրի իրենց ոճրագործ պապերի արածի համար, կշարունակի հայ քույրերի եւ եղբայրների հետ իրենց ավանդական բարեկամությունը»:
Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կարդացեք նաև