Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն չի կարող չանդրադառնալ Տեր-Պետրոսյանի առաջարկներին

Նոյեմբեր 25,2011 22:51

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում կարծիք հայտնեց, որ եթե պարզվի, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն «անկեղծորեն մտադիր է դուրս գալ կոալիցիայից եւ պայքարել իրապես արդար ու օրինական ընտրություններ անցկացնելու համար», ապա Կոնգրեսն այդ պարագայում պետք է պատրաստ լինի լրջորեն քննարկել նրա հետ համագործակցելու հնարավորություններն ու հեռանկարները։ «Այդ համագործակցությունը կարող է ունենալ տարբեր դրսեւորումներ, որոնք կհստակեցվեն քննարկումների ընթացքում, բացառելով միայն միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու տարբերակը։ Հավատացած եմ, որ Հայ Ազգային Կոնգրեսի եւ Բարգավաճ Հայաստանի համագործակցությունն ի զորու է արմատապես փոխել քաղաքական ուժերի դասավորությունը եւ լուրջ երաշխիք դառնալ թե՛ սահմանադրական կարգի վերականգնման, եւ թե՛ ժողովրդի շահերից բխող անհրաժեշտ բարեփոխումների իրականացման համար։ Այն միաժամանակ հիմք կարող է հանդիսանալ ընդդիմադիր ուժերի ավելի լայն ճակատի ձեւավորման համար»,– հայտարարեց Տեր-Պետրոսյանը։

«Առավոտի» հետ զրույցում արձագանքելով ՀԱԿ առաջնորդի այս հայտարարությանը, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը կարծիք հայտնեց, թե մեր ժողովրդի, իրատես մարդու ցանկությունն այն է, որ իր երկիրը տեսնի բարգավաճող, ու այդ առումով, ինքը, օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկությունն ուզում է հասկանալ այդ համատեքստում: Բայց Բոստանջյանը նաեւ պնդեց. «Ես կարող եմ հստակ եւ առանց չափազանցության ասել, որ ընդհանրապես  կոալիցիայից դուրս գալու հնարավորության եւ կամ ՀԱԿ-ի հետ համագործակցության վերաբերյալ խոսակցություններ ԲՀԿ-ում, գոնե, ես չեմ լսել: Ինչ վերաբերում է ընդհանրապես քաղաքական ուժերի համագործակցությանը՝ բնականաբար, ես պիտի ողջունեմ, եւ ես իրավունք չունեմ չողջունելու այնպիսի համագործակցությունը, որն ուղղված պետք է լինի մեր երկրի հաջողությանը, զարգացմանը»:

Այսուհանդերձ, ԲՀԿ-ական պատգամավորը նկատեց, թե Կոնգրեսի, ինչպես որեւէ ուժի հետ համագործակցությունը, միանալ-չմիանալը կամ դուրս գալը ակնթարթային որոշման արդյունք չի կարող լինել եւ «բնականաբար, մեկ մարդու կայացնելիք որոշում չի»: «Այդպիսի որոշում պետք է ընդունի քաղաքական ուժի խորհուրդը, որն իմաստավորում ու գնահատում է համագործակցության բոլոր կողմերը: Այդ առումով ես  հակված եմ ձեռնպահ մնալ այդ երեւույթի մեկնաբանությունից՝ սպասելով, որ մեր կուսակցությունը՝ ԲՀԿ-ն, այդուհանդերձ, չի կարող չանդրադառնալ այդ առաջարկություններին, խոսքերին ու մոտեցումներին»,- հավելեց ԲԿՀ խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» վաղվա տպագիր համարում:

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930