«Ռոմանոյի աղջիկներն արդեն ավելի սիրուն են, քան Բրյուսովինը, Ռոմանոյի փեսեքի բորդյուրը տոմսով, նստատեղերով ու հերթով ա»: Բլոգեր Վահե Շահվերդյանը հիշում է՝ այս տողերով էին սկսում իր բլոգի առաջին գրառումը: Բլոգի մասին էլ ոչ թե լսել է, այլ տեսել՝ 2008թ., երբ 16 տարեկան էր. «Հեռախոսով մտա ինտերնետ, տեսա livejournal ա գրված, մտա ուսումնասիրեցի, հասկացա՝ այդտեղ կարող եմ սեփական մտքերս գրել, որոշեցի գրանցվել»,- պատմում է Վահեն: Ասում է՝ սկզբից շատ «անիմաստ բաներ» էր գրում՝ սեփական արկածների եւ մտքերի մասին, հետո որոշեց քննադատել բոլորին եւ ամեն ինչը, ասում է՝ դրանից խնդիրներ չի ունենում, մարդկանց զվարճացնում են իր գրառումները: Բլոգային հասարակությունում ամենակրտսերներից է, բոլոր բլոգերներն էլ իր ընկերներն են. «Բացի մի քանի խարդախից, որ գցում են բլոգերի պատիվը»,- ասում է նա: Սովորում է ԵՊՀ-ի Ֆիզիկայի եւ մաթեմանիտիկայի ֆակուլտետում, ասում է՝ իր սիրած մասնագիտությունը չէ, ուզում էր լրագրող կամ էլ դերասան դառնալ: Անկեղծանում է. «Բլոգերությունն էլ ինձ համար կարիերայի կերտման ճանապարհ է, ուզում եմ շոուբիզնես մտնել, երբ կարողացա, բլոգով ավելի քիչ կզբաղվեմ»,- ասում է նա: Իրական եւ վիրտուալ Վահեներն էլ տարբերվում են. «Բլոգեր Վահեն շատ պարզ ու վճիտ մարդ ա , իսկ իրական Վահեն, ինչպես բոլորն են չարախոսում, գոռոզ է»,- իրեն է գնահատում բլոգերը: Գիտի՝ բլոգին շատերն են հետեւում, քննադատում են, բայց հիմնականում «ականջին» հաճելի բաներ են ասում: Իր մասին եղած դրական կարծիքներից չի ցանկանում խոսել, ասում է` գլուխ գովալ կստացվի, նշում է` բացասական կարծիքներ էլ է լսել. «Սկսած էս էն հիստերիկը չի՞ »: Համացանցում` լինի բլոգ, թե` սոցիալական ցանց, հանդես է գալիս Liberboy անվամբ. «Ընթերցողներս են ասել այդպես իմ անունը դնեմ, աջուձախ բոլորին քննադատում էի, ազատ գրում էի եւ արտահայտվում»,- ասում է բլոգերը: Նշում է կյանքում կարող է ասել մարդկանց այն, ինչ գրում է բլոգում, մարդկանց մեջ էլ անկեղծությունն է գնահատում: Հիմա ունի 30-ից ավելի կայք, դրանցից շատերը բլոգային ուղղվածություն ունեն, իրեն ամենահարազատը blog.connect.am-ն է: Որոշել է, երբ բլոգերությամբ չզբաղվի, «դերասանություն է» անելու:
Հռիփսիմե Հովհաննիսյան