Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրասիական միության առնչությամբ դիրքորոշում ձեւակերպելն այսօր օրակարգային չէ

Նոյեմբեր 25,2011 19:40

Այսօր «Կոնգրես» հյուրանոցում  ՀՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցությունների, նաեւ արտախորհրդարանական Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների մասնակցությամբ եւ «Քաղաքացիական եւ միջազգային հետազոտությունների» կենտրոնի և ԱՄՆ ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցած քննարկման ժամանակ  ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը՝ որպես իշխող կուսակցության ներկայացուցիչ, անդրադարձավ մասնավորապես  նաեւ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի կողմից  Եվրասիական միություն ստեղծելու առաջարկին: Այս համատեքստում այդ միության եւ ԵՄ միջեւ գոյություն ունեցող հակակշիռների կամ Հայաստանի՝ եվրաինտեգրման ու եվրասիական միության նկատմամբ վերաբերմունքի մասին խոսելով, պատգամավորը կարեւորեց այն, որ դրանք Հայաստանի համար երբեք ո՛չ երկընտրանքի խնդիր եւ ո՛չ էլ հակասությունների դաշտ չեն ստեղծում, «դրանք մեկը մյուսով պայմանավորված երբեք չեն եղել, ու Հայաստանն էլ երբեք մեկ վեկտորի կամ տարբեր վեկտորների հակասությունների վրա հիմնված քաղաքականություն չի իրականացրել»:

Ե՛վ Արտակ Զաքարյանը, ե՛ւ  Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը ժամանակավրեպ համարեցին խոսել Եվրասիական միության  վերաբերյալ Հայաստանի կամ իրենց կուսակցությունների դիրքորոշման մասին՝ ասելով, թե այդ հարցն այսօր օրակարգային չէ: Ավելին, ՀՀԿ ներկայացուցիչը պարզաբանեց, թե այդ միությունը  սկսելու է գործնականում ձեւավորվել միայն 2015թ.-ից եւ հիմա խոսել ապագայի մասին՝ վաղ է: Այդուհանդերձ, նա արձանագրեց, որ  ԱՊՀ երկրների մաքսային միությանը, որն, ի դեպ, Եվրասիական միության ստեղծման հիմնասյուներից մեկն է, Հայաստանի միանալու մասին խոսք լինել չի էլ կարող, առավել եւս, որ մենք այդ միության անդամ երկրներից եւ ոչ մեկի հետ չունենք ընդհանուր սահման:

Կիրո Մանոյանի համոզմամբ էլ տակավին շատ շուտ է խոսել դրա մասին, բայցեւ «այն գործընթացները, որոնք մենք սկսել ենք ԵՄ-ի հետ՝ պետք է շարունակենք նաեւ տնտեսական  հարաբերությունների առումով: Իսկ  Եվրասիական միություն կոչվածը նախ պետք է ձեւ, մարմին ստանա, վերջը մենք կորոշենք՝ արժե՞, թե՞ չարժե միանալ դրան: Բայց հիմա, կարծեմ, մեր առաջ վաղաժամ դրված օրակարգ է, որը մեր օրակարգը չէ. ուրիշն է դրել, պետք է իրենք էլ որոշեն»:

«Ժառանգության» ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանի մոտեցումն այս հարցում մի քիչ այլ էր: Նրա կարծիքով, անկախ այն բանից, թե  այդ հարցն այսօր օրակարգո՞ւմ է, թե՞ ոչ պետք է այդ հարցի առնչությամբ ձեւակերպել հստակ դիրքորոշում :

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930