Նոյեմբերի 24-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի գրադարանում հանդիպում ունեցավ մարզի ՀԿ-ների հետ, եւ մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ բողոքներ ստացավ 3-4 քաղաքացիներից: Հանդիպման վայրի եւ ժամանակի իրազեկումը պատշաճ չէր կատարվել: Միգուցե դրանով էր պայմանավորված, որ հանդիպման մասնակիցները մոտ տաս հոգի էին, այն էլ` կրթամշակութային եւ բարեգործական կազմակերպությունների ղեկավարներ:
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ներկայացրեց Դալյային (առանց` ազգանունի), որը Հայաստանում Եվրոպական Միության խորհրդատվական խմբի ներկայացուցիչն է: ՄԻՊ Կարեն Անդրեասյանը խոսեց մարզային իրենց այցելությունների, մարզերում ՄԻՊ գրասենյակների առաջիկա բացման մասին:
2012թ. հունվար-փետրվար ամիսներին նախատեսվում է ՄԻՊ գրասենյակ բացել նաեւ Տավուշի մարզում: Կարեն Անդրեասյանը Տավուշի մարզի ՀԿ սեկտորի ներկայացուցիչներին խնդրեց խոսել Տավուշում մարդու իրավունքների ոտնահարման առկա տիպիկ դեպքերի մասին: «Բայրամյան» բարեգործական, սոցիալական բարեգործական հիմնադրամի տնօրեն Արսեն Բայրամյանը հայտարարեց, որ Տավուշի մարդու մարդու իրավունքները չեն ոտնահարվում, քանզի Տավուշի մարզպետարանն իր աշխատանքով թույլ չի տալիս մարդու իրավունքների ոտնահարում:
Իսկ «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցացիայի» Տավուշի մարզի ներկայացուցիչ Սիլվա Մկրտչյանը խոսեց այն մասին, որ աղանդավորական կազմակերպությունները թուլլ չեն տալիս բժշկական պարտադիր, կանխարգելիչ պատվաստումներ կատարել երեխաներին:
Կարդացեք նաև
ՀԿ-ների ներկայացուցիչները հարցեր առաջադրեցին մարզում բժշկասոցիալական փորձաքննություններ կատարող եւ հաշմանդամություն կարգ տրամադրող հանձնաժողովների ոչ օբյեկտիվ աշխատանքի , մարզում ոչ մաքուր բնական միջավայրի եւ այլնի մասին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Ոսկան Սարգսյան