Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւան հասնելու համար բժշկի թո՞ւղթ է պետք ցույց տալ ոստիկաններին

Նոյեմբեր 25,2011 18:00

ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Ալեքսանդր Ալեքյանն Aravot.am-ի հետ զրույցում քիչ առաջ տեղեկացրեց, որ Վանաձորից Երեւան ճանապարհի մի հատվածում «գազելի» վարորդը տեղեկացել է, որ Աշտարակից Երեւան ճանապարհին ոստիկանները կանգնած են եւ արգելում են մեքենաների մուտքը մայրաքաղաք: Ուղեւորների հետ համաձայնության արդյունքում՝ վարորդը փորձել է Եղվարդի ճանապարհով հասնել Երեւան: Ճանապարհի սկզբին ոստիկաններ են եղել կանգնած, որոնք այլ մեքենաներով «զբաղված»՝ չեն կանգնեցրել տվյալ «գազելին»: Իսկ Եղվարդի կենտրոնում արդեն, 4-5 ոստիկանական մեքենա փակել են «գազելի» ճանապարհը: Վարորդը պատճառաբանել է, որ իր հիվանդ քեռուն պետք է հասցնի մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկը: Ուղեւորներից մեկն իսկապես եղել է վատառողջ եւ իր հետ է ունեցել իր առողջական բոլոր փաստաթղթերը: «Քեռին իջավ, բարկացավ՝ այ մարդ, ասում է, ես բժշկի այցելությունից ուշանում եմ, ինչի՞ Եք կանգնեցրել: Մայորը համոզում էր, որ ճանապարհային ոստիկանը կանգնեցրել է, վարորդը չի կանգնել, դրա համար էլ իրենք հիմա պետք է պարզեն՝ ովքեր են ուղեւորները եւ ուր են գնում»,- պատմեց պարոն Ալեքյանը: Այնուհետեւ մեքենայից իջել են բոլոր ուղեւորները, թեթեւ վիճաբանություն է բռնկվել ուղեւորների եւ ոստիկանների միջեւ: Ուղեւորներից մեկը փորձել է տեսանկարահանել այդ ամենը, ինչից ոստիկանները զգաստացել են՝ «Այ մարդ, բան չկա, ի՞նչ է եղել, գնացեք»:

Ավելի ուշ, տեղի բնակիչները «գազելի» ուղեւորներին տեղեկացրել են, որ դա տեղի ոստիկաններ չեն, այլ Երեւանի ճանապարհային ոստիկանությունն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել