Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ իշխանությունը մի օր կմոռանա նաեւ ԼՂ հարցի բանակցություններին գնալ

Նոյեմբեր 25,2011 17:36

 Այսօր, «Կոնգրես» հյուրանոցում «Քաղաքացիական եւ միջազգային հետազոտությունների» կենտրոնի ու ԱՄՆ ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) համատեղ կազմակերպած քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը հայտարարեց, թե Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումն ու Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերը Հայաստանի արտաքին քաղաքական գործընթացների կենտրոնում են, եւ այդ հարցերի շուրջ ՀՀ ներքաղաքական դաշտում ձեւավորվել է գրեթե կոնսենսուսային մոտեցում: Ըստ նրա, այս հարցերի առնչությամբ հայաստանյան քաղաքական ուժերի հիմնական տարակարծություններն առնչվում են ոչ թե «ինչ», այլ «ինչպես» հարցադրմանը, որը   կարող է փոփոխվել ժամանակի ընթացքում: «Մենք ունենք դրա օրինակները եւ տեսել ենք, թե ինչպես են  քաղաքական ուժերը տարբեր ժամանակահատվածներում շատ արագ փոխում իրենց դիրքորոշումը այդ «ինչպեսի» հետ կապված»,- հայտարարեց Արտակ Զաքարյանը՝ հավելելով, որ գոնե խորհրդարանական ուժերը ԼՂ եւ Ցեղասպանության ճանաչման հետ կապված հարցերում միշտ իրականացրել են համաձայնեցված գործողություններ:

Ա. Զաքարյանի այս տեսակետի դեմ առարկեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: «Իրականում մեր դիրքորոշումների համար լակմուսի թուղթ ինքս համարում եմ հենց «ինչպեսի» նկատմամբ վերաբերմունքը: Ասել, թե մենք կողմ ենք Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, դա մեր օրակարգում է եւ մյուս կողմից այնպիսի քայլեր անել կամ դեմ արտահայտվել այնպիսի հանգամանքների, որոնք պիտի ապացույցը հանդիսանային այդ «ինչի» կողմնակիցը լինելուն՝ չափազանց կարեւոր է: Հեշտ է ասել՝ ԼՂ միջազգային ճանաչման հարցը մեր օրակարգում է, բայց ուզում եմ հիշեցնել, որ արդեն քանի տարի է՝ ՀՀ կառավարության ներկայացրած բյուջեի ուղերձում դրա մասին տող անգամ չկա, եւ դա մտցվում է «Ժառանգության» առաջարկով: Այդ հարցն այնքանով է ՀՀ իշխանությունների օրակարգում, որ ամեն տարի մոռացվում է բյուջեի ուղերձում, արտաքին քաղաքականության  անելիքների մեջ նշել ԼՂ-ի ճանաչման ուղղությամբ աշխատանքը»:

«Իսկ մենք մոռանո՞ւմ ենք գնալ բանակցությունների, թե՞ ոնց…»,- ռեպլիկի կարգով նետեց Զաքարյանը: «Այսպես որ շարունակվի՝ կարող է բանակցությունների գնալն էլ մոռանաք»,- հակադարձեց Սաֆարյանը:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930