Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին փակ է Էջմիածին-Երեւան ճանապարհը

Նոյեմբեր 25,2011 16:13

Այսօր առավոտից կրկին փակ էր Էջմիածին-Երևան ավտոճանապարհը: ՀԱԿ-ի հանրահավաքի պատճառով մայրաքաղաքում աշխատող ու սովորող էջմիածինցիների համար ստեղծվել էր հերթական կատաստրոֆիկ վիճակը: Միկրոավտոբուսների վարորդներին հերթական անգամ հրահանգ էր տրվել` գիծ դուրս չգալ: Որքան մեծանում էր մարդկանց` դասից ու աշխատանքից ուշանալու հավանականությունը, այնքան մարում էին Երեւան հասնելու հույսերը:

Նունե Անտոնյանի համար ուսումնական օրը սկսվեց ու ավարտվեց Էջմիածնի ավտոկայանում. «Երկու ժամ է` կանգնած եմ: Գազել չկա, տաքսիներից էլ չեմ կարողանում օգտվել: Կանգնում են թե չէ` վայրենու պես մարդիկ ներս են քցվում: Չեմ էլ հասցնում նույնիսկ դռանը մոտենալ: Էս ժամին դասի գնամ որ ի՞նչ: Տուն եմ գնում»:

Եթե ոչ միտինգային օրերին 300 դրամ ուղեվարձով նաև տաքսիներն էին ուղևորներին սպասարկում, ապա այսօր, օգտվելով առիթից, նրանք իրենց ծառայության գինը հասցրել են 500-ի: «Գազել չկա, դրա համար 500-ով ենք քշում: Ամիսը մեկ սենց հնարավորություն ա տրվում՝ ինչի՞ ձեռներիցս բաց թողնենք: Ամեն մեկը իրա կրակն ա թեժ պահում, մենք էլ` մերը: Փոխանակ շնորհակալ ըլնեն, որ տանում-տեղ ենք հասցնում՝ դժգոհում են, թե թանկ ենք տանում: Բա որ մենք էլ պրինցիպի ընկնենք ու չքշենք, պատկերացնո՞ւմ եք ինչ տեղի կունենա: Ընենց որ, համարեք` սա էլ մեր բարեգործությունն ա էսօրվա ուղևորներին»,-անկեղծացավ ներկայանալ չցանկացող մի տաքսիստ:

Երթուղայինի վարորդներից մեկն էլ խոստովանեց, որ ինքն արդեն հոգնել է այս վիճակից. «Ամբողջ օրն անիմաստ տեղը կորցնում ենք: Դառել ենք որոշ մարդկանց սեփականությունը. իրանց երբ հարմար ա` քշում ենք, երբ չէ` այ սենց պարապ նստում ենք: Էս ի՞նչ կապիկություն ա, չեմ հասկանում: Ինչի ո՞վ չգիտի, որ միտինգ գնացողը մեր «Գազելների» հույսին չի: Մենք չտանենք` տաքսիները կտանեն: Ես գյուղում եմ ապրում ու հաստատ գիտեմ, որ մեր գյուղի ընդդիմադիր տղերքը էրեկվանից Երևանում են: Միշտ էլ ըտենց են անում՝ մեկ-երկու օր առաջ գլխների ճարը տեսնում են: Թե չէ, պտի նստեն` սրանց ծառայությա՞նը սպասեն»:

Ավտոձեռնարկության ղեկավարի հետ կապ հաստատել չհաջողվեց. շարունակ անհասանելի էր: «Հեռախոսն անջատել է»,-նկատեց վարորդը:

Ինչպես յուրաքանչյուր հանրահավաքային օր, այսօր էլ Փարաքարի «ԳԱԻ-ի պոստի» մոտ ուժեղացված հերթապահութուն էին անցկացնում պետավտոտեսուչները: Ասացին, թե իրենց ամենօրյա աշխատանքն են անում, միայն թե այսօր`առավոտ ծեգից: Թեեւ տրանսպորտային որևէ միջոց անհիմն չեն կանգնեցնում, բայց, ամեն դեպքում`վերահսկում են: Իսկ թե հատկապես ի՞նչն են վերահսկում կամ փոխադրամիջոցի հատկապես ո՞ր տեսակը, չմանրամասնեցին: Նրանցից մեկը միայն, կամա թե ակամա, անկեղծացավ, թե ասենք` եթե մի 50 հոգով, ոտքով գնան միտինգ` հո չե՞նք կարող հետ ուղարկենք: Շատ-շատ, պիտի ասենք` աջով քայլեք` մեքենաների տակ չընկնեք:

Մարիամ ԱՐՍԵՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930