Այսօր Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական հաստատությունների ջեռուցումից եւ սննդից: Տիկին Սողոմոնյանը փաստեց, որ նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի մարտյան որոշումը՝ նախադպրոցական հաստատությունների անվճար լինելու մասին, վճռորոշ է եղել: Եվ եթե նախկինում շուրջ 25000 երեխա էր հաճախում երեւանյան մանկապարտեզներ, այսօր արդեն 29000, 6000 երեխա էլ դեռ հերթի մեջ է: Նրա խոսքով, քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւս խոստանում է մանկապարտեզների անվճար լինելու սկզբունքը պահպանել եւ, ինչպես Գայանե Սողոմոնյանը նշեց, արդեն 2012-ի մասով ապահովված է ֆինանսավորումը:
Վարչության պետը նաեւ տեղեկացրեց, որ մինչեւ դեկտեմբերի 1-ը չի լինելու որեւէ չջեռուցվող մանկապարտեզ: Ինչ վերաբերում է սննդին, ապա քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծված հանձնախումբը՝ բաղկացած ծնողներից, մանկապարտեզի տնօրենից, բուժքրոջից, տնտեսվարից եւ խոհարարից՝ ամեն օր հսկելու է, որ առավոտյան 8:30 սնունդը պահեստից գնա խոհանոց:
Ի դեպ, յուրաքանչյուր երեխա ամեն օր սնվում է 350 դրամի չափով: «Մեր քաղաքապետը նրբանկատ է մանկապարտեզների ջեռուցման եւ սննդի հարցում»,-ասաց կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ