Այսօր ԱԱԽ Քարտուղար Արթուր Բաղդասարյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ստորագրել են նախորդ` մոսկովյան հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կենսագործմանն ուղղված, ՀԱՊԿ շրջանակներում իրականացվելիք միջոցառումների 2012թ. ծրագիրը, որին հետևել է համատեղ մամուլի ասուլիս:
Ընդգծելով ստորագրված փաստաթղթի կարևորությունը` ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել է. «Մենք 2012թ. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում, համաձայն ստորագրված փաստաթղթի, կիրականացնենք 15 միջոցառումներ Երևան քաղաքում և Մոսկվայում»: Փաստաթղթում նախանշված միջոցառումները վերաբերում են ամենատարբեր բնագավառների, այդ թվում ռազմատեխնիկական համագործակցությանը, սահմանային և տեղեկատվական անվտանգության ոլորտներին, ինչպես նաև 2012թ. Հայաստանի տարածքում կազմակերպվելիք ՀԱՊԿ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումների զորավարժության կազմակերպման խնդիրներին:
Համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումների շարքում 2012թ. ՀՀ ԱԱԽ աշխատակազմի, շահագրգիռ գերատեսչությունների և ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչների մասնակցությամբ կանցկացվեն երկկողմ քննարկումներ` թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի “Կանալ”, անօրինական միգրացիայի դեմ պայքարի «Նելեգալ», տեղեկատվական անվտանգության ապահովմանն ուղղված «Պրոկսի» միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցերի շուրջ: Ռազմատնտեսական համագործակցության շրջանակներում կքննարկվեն համատեղ ձեռնարկությունների հիմնմանը և միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսներին Հայաստանի Հանրապետության մասնակցությանն առնչվող հարցեր:
Ըստ ԱԱԽ հաղորդագրության