Հայաստանի Վերահսկիչ պալատը ավարտել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամում կատարած ստուգումները, որոնց արդյունքներով պարզվել է, որ Թամար Պողոսյանի ղեկավարած տարիներին այստեղ ֆինանսական լուրջ չարաշահումներ են կատարվել:
Ինչպես Վերահսկիչ պալատից տեղեկացնում են Panorama.am-ին, կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հիմնադրամի 2008, 2009, 2010 թվականների հաշվետվություններով ներկայացված բյուջետային միջոցներից կատարված ծախսերը չեն համապատասխանել փաստացի ծախսերին` դրամարկղային ծախսը ցույց է տրվել որպես փաստացի ծախս, իսկ տարեսկզբի մնացորդները ծախսվել են գործադիր տնօրենի հայեցողությամբ հիմնադրամի կարիքների համար:
Հայտնի է, որ այդ տարիներին «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրենը Թամար Պողոսյանն է եղել, նույն ինքը` մշակույթի նախկին նախարարը, «Օրինաց երկիր» կուսակցության նախկին անդամը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նորագիր անդամը:
Հիմնադրամի կողմից 2008-ին կայացած «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային 3-րդ փառատոնի միջոցառումների իրականացման նպատակով, ըստ ՎՊ-ի ներկայացրած տվյալների, Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդից հիմնադրամին հատկացվել է 81 մլն 444.0 հազար դրամ, ինչի համար ՀՀ մշակույթի նախարարության և հիմնադրամի միջև 2008-ի հունիսի 25-ին կնքվել է N 188 նվիրաբերության պայմանագիրը, որով փառատոնի շրջանակներում հիմնադրամին նախատեսվել է 81,444.0 հազար դրամ, այդ թվում` ապարատի պահպանման ծախսեր` 12,834.0 հազար դրամ:
Կարդացեք նաև
Սակայն, փառատոնի անցկացման համար հիմնադրամին հատկացված 68,610.0 հազար դրամից 2008-ին չի ծախսվել 3 մլն 498.9 հազար դրամը: Բայց հատկանշականն այն է, որ հիմնադրամը ներկայացրել է հաշվետվություն և ցույց տվել, որ միջոցներն ամբողջությամբ ծախսվել են, որն էլ նախարարության կողմից հաձնման-ընդունման ակտով ընդունվել է: «Հիմնադրամը չծախսված 3,498.9 հազ. դրամը չի փոխանցել պետական բյուջե: Խախտվել է նվիրաբերության պայմանագրի 2.10 կետի պահանջը, այն է` «Նվիրառուի կողմից ստացված և փառատոնի իրականացման նպատակով պայմանավորված ժամկետներում չօգտագործված միջոցները պետք է վերադարձվեն Նվիրատուին», -արձանագրել է Վերահսկիչ պալատը:
Այս և նման այլ խախտումներ Թամար Պողոսյանի ղեկավարած հիմնադրամում, ՎՊ ներկայացված ուսումնասիրության համաձայն, 2008, 2009-ին մեծաթիվ են:
Օրինակ մեկ այլ խախտում ևս մատնանշենք` «Գիտաճանաչողական ուղևորություններ» և «20 տարի անց» միջոցառումներով կատարված ծախսերը հիմնադրամի կողմից ներկայացված հաշվետվություններով կազմել են 11 մլն 470.0 հազար դրամ: Սակայն ուսումնասիրությունից պարզվել է, որ փաստացի պակաս է ծախսվել 1մլն 783.4 հազար դրամ, այսինքն հիմնադրամի կողմից հաշվետվությամբ ներկայացված տվյալները չեն համապատասխանել փաստացի ծախսերին: Չծախսված 1 մլն 783.4 հազար դրամը չի փոխանցվել պետական բյուջե: ՎՊ-ն արձանագրել է, որ խախտվել է նվիրաբերության պայմանագրի 2.8 կետի պահանջը, այն է` «Նվիրառուի կողմից ստացված և պայմանավորված ժամկետներում չօգտագործված միջոցները պետք է վերադարձվեն Նվիրատուին (մշակույթի նախարարություն)»:
Բացի այդ, գործադիր տնօրենը` այսինքն Թամար Պողոսյանը, միանձնյա է սահմանել հիմնադրամի հաստիքացուցակը, ավելացրել կամ պակասեցրել այն. Դա այն դեպքում, երբ ըստ կանոնակարգի, այդ հարցը պետք է որոշվեր Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում: Նա միանձնյա է որոշել նաև իր աշխատողների աշխատավարձերի ավելացումների ու հավելավճարների չափը:
Բյուջետային միջոցները ծրագրվածից շատ են ծախսվել հատկապես հիմնադրամի կողմից կազմակերպված տարբեր միջոցառումների ժամանակ, երբ նախատեսվածից ավելի մարդ է հրավիրվել մասնակցելու դրանց:
Մասնավորապես, «Զանգվածային լրատվամիջոցների շաբաթ» միջոցառումը ծրագրվել է համաժողովի 100 մասնակցի համար: Միջոցառման կազմակերպման նպատակով հիմնադրամի և Սփյուռքի նախարարության միջև կնքված պայմանագրով նախատեսվել է 8 մլն 500.0 հազար դրամ:
Խախտվել է սահմանված պահանջներից մեկը, և հիմնադրամի կողմից միջոցառումն իրականացվել է 180 մասնակցով (100-ի փոխարեն): Արդյունքում առաջացել է 6 մլն 874.2 հազար դրամի լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջ: Նշենք, որ այս միջոցառումն անցկացվել էր նախորդ տարվա հոկտեմբերի 12-16-ը, Արցախում:
Հ. Գ. Թամար Պողոսյանը մեր բազմաթիվ զանգերը թողեց անպատասխան, ինչի պատճառով էլ չկարողացանք նրանից ստանալ մեկնաբանություններ իրականացված ստուգումների մասին ՎՊ հրապարակած փաստաթղթի վերաբերյալ: