Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամուսնությունս եղավ արվեստի շնորհիվ»

Նոյեմբեր 25,2011 13:58

 

«Սովորական շշերի վրա չուլկիներ էինք հագցնում, փայտից ձեռքեր էինք պատրաստում, հագուստը մայրս էր կարում, իսկ դեկորացիան հայրս էր սարքում: Այն շատ մեծ էր, բայց հավաքելիս փոքրանում էր: Ամեն ինչ այնպես էինք հարմարեցրել, որ տեղափոխելը հեշտ լիներ, որովհետև դեպքեր էին լինում, որ գյուղից գյուղ ոտքով էինք գնում. տրանսպորտ չկար»,-պատմում է դերասան Հրաչյա Հովհաննիսյանը:

1993 թվականին Հրաչյայի հայրը` դերասան Նաիրի Հովհաննիսյանը, իր երեխաների ու կնոջ հետ որոշեց ընտանեկան թատրոն ստեղծել, թեև կինը մասնագիտությամբ երաժիշտ էր, երեխաները դպրոցական՝ դա չխանգարեց նրանց բեմադրել մի քանի ներկայացումներ. «Փորձերը մեր տան առաջին հարկում էինք անում: Դահլիճ սարքեցինք, աթոռներ դրեցինք ու բեմի դեկորացիան պատրաստեցինք: Մեր բոլոր ներկայացումների պրեմիերան նախ մեր հարևաններն էին դիտում»,- ասում է Նաիրիի դուստրը` Էլենը:

Նրանք հանդես էին գալիս Հայաստանի տարբեր քաղաքներում ու գյուղերում` Կապան, Գորիս, Սիսիան, Արարատ, Ջերմուկ, Գավառ և այլն: Ճանապարհին  դժվարությունների հետ մեկտեղ շատ հետաքրքիր դեպքեր էլ էին լինում: Հրաչյան պատմում է, որ մի անգամ գավառում ներկայացումից հետո երկու հարևան սկսել են վիճել, թե ով պետք է  դերասաններին տանի իրենց հյուր: Որպեսզի վեճը պատերազմ չդառնար, հայր ու որդի հյուրընկալվել են մի հարևի տանը, մայր ու աղջիկ` մյուսի տանը:

Որոշ ժամանակ անց Հովհաննիսյանները նաև տիկնիկային ներկայացումներ բեմադրեցին` «Քաջ Նազար», «Գնդիկ բոքոնիկ», «Տերն ու ծառան», «Կարմիր գլխարկը» ու ելույթներ ունեցան նաև դպրոցներում: Մասնագիտության հանդեպ ունեցած ողջ սերն ու նվիրվածությունը ներդնելով տիկնիկների մեջ` նրանք այդ ամենը փոխանցում էին իրենց հանդիսատեսին:

Ընտանեկան թատրոնը Հրաչյա Հովհաննիսյանի համար ճակատագրական դարձավ: Բացի այն, որ նա երաժշտական կրթություն ստանալուց հետո ընտրեց դերասանի մասնագիտությունը ու սովորեց Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, նաև հանդիպեց իր երկրորդ կեսին` Նարինե Ավետիսյանին: «Կապանում փառատոնի էինք մասնակցում, տարբեր մարզերից թատրոններ էին եկել, կնոջս հետ այնտեղ ծանոթացա: Նա Արմավիրի մարզից էր, այդ մարզից եկած թատերական խմբից էր:  Ստացվեց, որ ամուսնությունս արվեստի շնորհիվ եղավ»:

Նարինեն նույնպես ընդգրկվեց ընտանեկան թատրոնի ներկայացումներում: Երեք տարի առաջ Հրաչյայի մայրը` տիկին Մանիկը, հիվանդացավ, մի քանի վիրահատություն տարավ ու այլևս հնարավոր չեղավ շարունակել իրենց գործը: Այսօր նրանցից միայն  Հրաչյան է, որ զբաղվում է դերասանությամբ: Կարոտով հիշելով անցած օրերը` նա նշում է, որ ծնողներն իր ամենալավ ուսուցիչներն են եղել:

 

Աննա Կոստանյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930