Նոյեմբերի 25-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում` Արամ Սաֆարյանի նախագահությամբ, առաջին ընթեցումով քննարկվեց կառավարության հեղինակած «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը: Նա նշեց, որ օրինագիծն ուղղված է քաղաքացիների, անկախ նրանց սեռային պատկանելիությունից, իրավունքների եւ ազատությունների ապահովման պետական երաշխիքների հաստատմանը, հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց եւ տղամարդկանց հավասար հնարավորությունների ընձեռմանը, գենդերային հավասարության սկզբունքի լիակատար իրականացման առաջընթացին, սեռի հատկանիշով խտրականության կանխարգելմանը եւ խտրականության յուրաքանչյուր դրսեւորման համար պատասխանատվության ենթարկելու համապատասխան արդյունավետ միջոցների սահմանմանը: Նշվեց, որ օրինագիծը հիմնված է ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածի դրույթների վրա եւ նպատակուղղված է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի, Պեկինի 4-րդ Համաշխարհային համաժողովի հանձնարարականների, Եվրախորհրդի Կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության հանձնաժողովի փաստաթղթերի, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Հազարամյակի հռչակագրի պահանջների եւ ՀՀ միջազգային այլ փաստաթղթերով սահմանված պարտավորությունների կատարմանը:
Հարակից զեկույցով հանդես եկավ հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը. նա առաջարկեց օրինագծի վերաբերյալ կազմակերպել խորհրդարանական լսումներ եւ լսել շահագրգիռ կողմերի կարծիքները:
Քննարկված օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ չորրորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:
Parliament.am