Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում էլ քիչ չեն բացակա անդամով ընտանիքներն ու դատարկ տները:
Նախկինում հարսանեկան ավտոշարասյուների կարելի էր հանդիպել հիմնականում շաբաթ եւ կիրակի օրերին: Դա բացատրվում էր քաղաքացիների զբաղվածությամբ: Մարդիկ աշխատում էին, գումար վաստակում, իսկ հանգստանալու եւ լիցքաթափվելու, նաեւ ուրախ առիթներն ու տարեդարձերը տոնելու համար ընտրում էին հանգստյան օրերը:
Հիմա պատկերն այլ է. երիտասարդներն ամուսնանում են այն ժամանակ, երբ նրանց ծնողները վերադառնում են արտագնա աշխատանքից: Այս երեւույթը նկատելի է հատկապես գյուղական համայնքներում, որտեղ տղամարդկային առողջ ուժը տուն է վերադառնում միայն ուշ աշնանը: Հենց այս շրջանում էլ ով ինչ հետաձգած արարողություններ ուներ՝ իրականացնում է:
Խորհրդային Հայաստանում միայն Մարտունի ու հարակից գյուղերն էին հայտնի արտագնա աշխատանքի մեկնելու ավանդույթներով: Այստեղ նույնիսկ քիչ կոպիտ կատակ կար. ասում էին՝ եթե մարտունեցի աղջիկ ես տուն տանում, ուրեմն տրակտոր ունես: Ասել կուզի՝ տղամարդկանց 9-10-ամսյա բացակայությունը կնոջը դարձրել է ամենագետ: Նա գլուխ է հանում եւ հող-այգի-անասունից, եւ տան հոգսերից, եւ հասցնում երեխաներով զբաղվել: Միայն իրենով զբաղվել չի հասցնում:
Կարդացեք նաև
Հիմա նման պատկեր է ողջ Հայաստանում: Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքը բացառություն չէ: Այս գյուղում էլ են աշնանը, ձմեռնամուտին հարսանիքներն ու ծնունդները շատացել: Փաստը, անշուշտ, ուրախալի է, եթե միայն նորապսակներն ու նոր ծնունդները շարունակեն իրենց կյանքը կապել գյուղի հետ:
Մյասնիկյանի միակ դպրոցը երկու առաջին դասարան ունի: Ուսուցչուհի Արմենուհի Ամատունու ասելով՝ վատ ցուցանիշ չէ, «բայց կարելի էր ավելին լինել»: Ըստ նրա՝ ծնունդները շատացել են, բայց ընտանիքներով հեռացել են երկրից: Մյասնիկյանցիների հավաստմամբ՝ տուն չկա, որ բացակայող չունենա: Կանայք ապրում են առանց տղամարդկանց: Իրենց երեխաների համար ոչ միայն մայր, այլեւ հայր էլ են ծառայում: «Այնքան ենք սովորել այդ վիճակին, որ չենք էլ տրտնջում: Ճիշտ է՝ չենք էլ խրախուսում մեր տղամարդկանց բացակայությունը, բայց հաշտվում ենք իրողության հետ: Բա մնան՝ ի՞նչ անեն: Ոչ միայն մենք, իրենք էլ իրենց չեն հարգի, եթե ամբողջ օրը պարապ-սարապ օր մթնեցնեն: Ուժեղ, առողջ տղամարդիկ են. աշխատել, ընտանիքի հոգսը հոգալ են ուզում, բայց որտե՞ղ: Դրա համար էլ դուրս են գալիս: Մենք էլ, գիտակցաբար, իրենց բացը լրացնելու համար, ուժասպառվելու աստիճան մեզ մաշում ենք՝ ցերեկը՝ դպրոցում աշխատելով, երեկոյան՝ հողում: Հետն էլ՝ տուն, երեխաներ, տնտեսություն՝ լրիվ մեր ուսերին է»,- ասաց ուսուցչուհի Արաքսյա Բադալյանը, ըստ որի՝ կարոտախտն իրենց համար այլեւս անբուժելի հիվանդություն է: Վերջինս մտահոգված է՝ եթե այսպես շարունակվի՝ գյուղում մարդ չի մնա: «Բայց այլընտրանք չկա, որովհետեւ դրսից ուղարկվող փողով ենք ապրում, երեխաների ուսման վարձ տալիս: Օրական միայն 3000 դրամ ճանապարհի ծախս եմ տալիս, որ մագիստրատուրայում սովորող երեխաս դասերից չբացակայի»:
Բարձրագույն կրթություն ստացողների համար էլ է ապագան մշուշոտ: Երիտասարդները մասնագիտություն են ստանում եւ թարմ ուժերով ու նոր գաղափարներով տեղում հաստատվել-արարելու փոխարեն, հավաքում են ճամպրուկներն ու բռնում օտարության ճամփան:
Էլմիրա Կարապետյանը Մյասնիկյանի մտավորականներից է: Տիկնոջ ուրախությունն անասելի էր. իմացել էր, որ որդին Ռուսաստանից վերադառնալու է՝ հետ գնալու պայմանով: Թեեւ ցանկությունը մեծ էր տղային մեկընդմիշտ հայրենիք վերադարձնելու, բայց գիտակցում էր՝ եթե չունենային նրա ֆինանսական աջակցությունը, իրենք էլ շատերի նման խորը ճգնաժամ կապրեին:
Որքան էլ արական կեսի տեւական բացակայությանը գյուղի կանայք ըմբռնումով են վերաբերվում, այդուհանդերձ, չխոսել դրա բացասական ազդեցության մասին՝ չեն պատրաստվում: «Կանայք հիվանդ են, մաշված, իրենց տարիքից մեծ են երեւում: Ասում-խոսում են, բայց հոգու խորքում ցավ կա՝ կարոտի ու սպասումի ցավ: Էլ ի՞նչ կին, եթե կողքը տղամարդ չկա: Ճիշտ է՝ շատ սիրում ու միշտ սպասում ենք նրանց, բայց մի տեսակ հեռակա ամուսիններ ենք դարձել»,- սա է մյասնիկյանցի կանանց հավաքական գնահատականը: Այս վիճակից ծնված վտանգի մասին էլ չեն մոռանում. օտար ափերում տեղավորվածը Հայաստանի իր ընտանիքին եւ հարազատներին միառժամանակ օգնելուց հետո աշխատում է ընտանիքին իր մոտ տանելու ուղղությամբ, ու այսպես են դատարկվում գյուղերն ու քաղաքները:
Եթե նախկին խորհրդային այն երկրներ, ուր գնալու համար հայաստանցին մուտքի թույլտվության՝ վիզայի կարիք չունի, մեկնածները դեռ մեկ-մեկ գալիս-գնում են, ապա Ամերիկա ու Եվրոպա մեկնածների վերադարձի հույսերը արդեն մարել են: Սեզոնային վերադարձի ակնկալիք ունեն միայն Ռուսաստան գնացածներից: «Եթե պետությունը կոնկրետ քայլեր չձեռնարկի արտագաղթը կանխելու ուղղությամբ, երկիրը կդատարկվի: Ավելի լավ է, թեկուզ ցածր աշխատավարձով, այստեղ աշխատատեղեր բացի, քան մի քանի կոպեկ ավելի վաստակելու համար էս ժողովրդին դռնեդուռ գցի»,- կարծիք հայտնեցին գյուղի մտավորական կանայք:
ՄԱՐԻԱՄ ԱՐՍԵՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ