Լրահոս
Օրվա լրահոսը

Երկնքից ինչ ասես, որ չի թափվել

Նոյեմբեր 25,2011 13:11

Գունավոր անձրեւ, փողեր, ձկներ, որդեր, արյուն, կով. այս ամենը տեղացել է երկնքից՝ տարբեր ժամանակահատվածներում:

Որքան էլ տարօրինակ հնչի, կան երկրներ, որտեղ տարիների ընթացքում երկնքից տարբեր միջատներ կամ կենդանիներ են թափվել: Այդպիսի դեպք գրանցվել է, օրինակ, 1997 թվին Ճապոնիայում, որտեղ երկնքից կով է ընկել: Ըստ ճապոնական ձկնորսական նավի տեղեկությունների՝  հանկարծ երկնքից կով է ընկել՝ հարվածելով նավին ու դրա խորտակման պատճառ դարձել: Մոտ երկու շաբաթ անց ռուսական օդային ուժերը ճապոնացիներին տեղեկացրել են, որ բեռնափոխադրման մասնագիտացված օդանավերի անձնակազմերից մեկը կով է վերցրել՝ պահելով այն ինքնաթիռի թափքում: Եվ քանի որ այդ կովը սկսել է խուճապի մատնվել, ինքնաթիռի անձնակազմը տեսնելով, որ ինքնաթիռը շուտով կորցնելու է հավասարակշռությունը, որոշել է կենդանուն 9.000 մետր բարձրությունից ցած նետել: Այդօրինակ դեպք արձանագրվել է նաեւ ԱՄՆ-ում, որտեղ անձրեւն այս անգամ որդերի տեսքով է տեղացել: Ականատեսը Ջենինգսի ոստիկանության աշխատակից Էլեանոր Բիլն է եղել: Դեպի աշխատավայր գնալու ճանապարհին հանկարծ նրա գլխին որդերի «կծիկ» է ընկել: Այս իրադարձության առնչությամբ հստակ պատասխան դեռ չկա: Նույն երկրում մեկ այլ դեպք գրանցվել է 1976 թվի մարտի իննին, որի ժամանակ երկնքից ոչխարի թարմ մսի կտորներ են թափվել: Այս անգամ դեպքի ականատեսը Ալեն Քրոուչն էր, ով  անզեն աչքերով տեսել է, թե ինչպես են վերեւից մսի կտորները ցած ընկնում. պատճառը եւս հայտնի չէ:

2007 թվի ապրիլի 6-ին Արգենտինայի Սալտա մարզում երկնքից անձրեւի հետ սարդեր են թափվել: Դեպքի ականատեսը Քրիստիան Օնետո Գաոնան էր, ըստ որի՝ սարդերը բավականին մեծ էին եւ հասնում էին մինչեւ 4 սմ-ի:  Նույն տարի Սիբիրի Օմսկի  տարածաշրջանում բազմերանգ եւ տհաճ հոտով ձյուն է տեղացել: Ըստ որոշ աղբյուրների՝ ձյունը նարնջագույն, դեղին եւ կանաչ գույների է եղել: Իսկ Ավստրալիայի Լաջամանու քաղաքի Թանամի անապատի եզրին ձկան անձրեւ է տեղացել: Ականատեսները նշել են, որ հարյուր-հազարավոր փոքր եւ սպիտակ ձկներ էին թափվում երկնքից, որոնց մեծ մասը կենդանի էր: 2007 թվին Գերմանիայում մարդկանց ամենից շատ զարմացրել է այնտեղ տեղացած փողի անձրեւը, քանի որ «ո՞վ է տեսել, որ այս ճգնաժամին փողերն այս ու այն կողմ շաղ տան»: Դեպքի ականատեսը գերմանացի մի վարորդ  էր, ով հայելիների միջոցով տեսել է, թե ինչպես են փողերն օդում թռչում: Սակայն նրան այդպես էլ չի հաջողվում բռնել դրանցից գոնե մեկը: Եվ ոստիկանության՝ դեպքի վայր ժամանելուց հետո փողերի ոչ մի հետք անգամ չի լինում: Սարսափելի է, բայց 2008 թվին Կոլումբիայի Լա Սիեռա փոքր համայնքում արյան անձրեւ է տեղացել: Դեպքից անմիջապես հետո այդ անձրեւից նմուշ է տարվել մոտակա մասնագիտացված լաբորատորիա՝ որոշ հետազոտություններ կատարելու նպատակով: Ըստ Լա Սիեռայի քահանայի, դա աստվածային նշան էր՝ ուղղված մարդկանց մեղսունակ ապրելակերպի դեմ: Իսկ մեկ տարի անց՝ 2009 թվին Շոտլանդիայում դոնդողանման նյութի տեսքով անձրեւ է տեղացել, որում գիտնականները որոշ փորձերի հիման վրա ԴՆԹ-ի հետքեր են հայտնաբերել: Սակայն պատճառը մինչ օրս չի բացահայտվել: Ենթադրվում է, որ այդ մածուցիկ նյութը կարող էր լինել գորտերի, ձկնկուլի կամ արծվի փսխանքի հետեւանք: Մասնագետները չեն բացառել նաեւ սնկի կամ երկնաքարի վարկածը:

ԵԼԵՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930