Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ձախողվեց Բալիում

Նոյեմբեր 25,2011 13:05

Հերթական մշակութային փնթիությունը

Նոյեմբերի 22-29-ը Բալի կղզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հերթական նստաշրջանի ժամանակ որոշվելու է, թե 84 ազգային ավանդություններից որոնք են ընդգրկվելու «Ոչ նյութական ժառանգության» ցանկում եւ պահպանվելու սերունդների համար: 200-ից ավելի ավանդություններ արդեն այդ ցանկում են: Հայաստանը 2 հայտ էր ներկայացրել՝ Վարդավառը եւ եւ Հայ աշուղական սիրավեպը, որոնք ըստ մեր երկրի մշակութային պատասխանատուների, առաջինների թվում արժե փրկել մոռացումից: «Առավոտի» տեղեկություններով, Բալիում Հայաստանը ներկայացրել է ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը, նրա հետ Ինդոնեզիա են մեկնել Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային կոմիտեի քարտուղար Քրիստինա Մեհրաբեկյանը եւ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող Լիլիթ Երնջակյանը: «Առավոտը» մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գայանե Դուրգարյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կազմով է Հայաստանը ներկայացվել եւ ի՞նչ արդյունքներ կան Բալիի հավաքից Հայաստանի «մասով»: Տիկին Դուրգարյանը պատասխանեց, որ ոչնչից տեղյակ չէ, եւ մեր բոլոր հարցերին պատասխան կտրվի, երբ գործուղումից վերադառնա Արեւ Սամուելյանը:

«Առավոտի» տեղեկություններով, Արեւ Սամուելյանի թռիչքից օրեր առաջ արդեն մերժված են եղել Հայաստանի հայտերը, անգամ պատասխան է ստացվել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի քննելու դրանք, բայց տիկին Սամուելյանը այդ մասին մալբրի համակարգով նախարարության Ոչ նյութական մշակութային ժառանգության վարչությանը տեղեկացրել է իր թռիչքից ժամեր առաջ:

Քանի որ մեր մշակույթի նախարարությունում ձեռնպահ են մնում մեկնաբանել, թե ինչու են մերժվել Հայաստանի հայտերը, կներկայացնենք մեր ունեցած տեղեկությունները, ըստ որոնց՝ ադրբեջանցիները մեծ ներդրում են ունեցել ի վնաս Հայաստանի. նրանք պնդել են, թե աշուղական արվեստը ադրբեջանական է: Չմոռանանք նշել, որ Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական ժառանգության միջկառավարական կոմիտեի անդամ է:

Արդեն երրորդ անգամ Արեւ Սամուելյանի մասնակցությամբ Հայաստանը տապալվում է նման հեղինակավոր միջազգային հավաքների ժամանակ, զարմանալի է, թե ինչո՞ւ է ՀՀ արտգործնախարարությունը հավանություն տալիս այդ տիկնոջ զբոսաշրջային նախասիրություններին: Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին («Առավոտ», 21 հունիսի, 2011թ., «Հայկական փնթիությո՞ւնն է մեղավոր, թե՞ ՅՈՒՆԵՍԿՕՆ-ն») ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան կենտրոնական գրասենյակում կայացած միջադեպի կենտրոնում եւս Արեւ Սամուելյանն էր: ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ հունիսի 5-24-ը կազմակերպել էր «Խաչքարերի արվեստը. Հայկական խաչքարեր» խորագրով ցուցահանդես, որի ժամանակ խաչքարերի ծագումնաբանության մասին ինֆորմացիան հանվել էր լուսանկարների տակից: ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրինությունը հեռացրել էր բացատրական գրությունները՝ թողնելով միայն խաչքարերի ստեղծման տարեթվերը: Հայկական պատվիրակությունը համառել էր, ի պատասխան դրա, սրահից դուրս էր տարվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը, բացման արարողությանն էլ ղեկավարությունը չէր ներկայացել: Մամուլում զանազան որակումներ արեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հասցեին՝ սկսած նրա վրա՝ նավթի վաճառքից ստացված փողի իշխանությամբ եւ Ադրբեջանի աոաջին տիկին Մեհրիբան Ալիեւայի հզոր կապերով, գրաքննությունն իրականացնելուց, վերջացրած մշակութային արժեքների կեղծ ջատագով լինելով: Այդ ժամանակ էլ ՀՀ պատվիրակությունը, որը ղեկավարում էր ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը, կրկին փնթի էր աշխատել, ինչպես անցյալ տարի նոյեմբերի 17-ին Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովի նիստի ժամանակ, երբ համաշխարհային մշակութային ժառանգության ոչ նյութական արժեքների ցանկը համարվում էր աշխարհի 47 ժողովուրդների մշակութային ավանդույթներով: Տիկինը այդ ժամանակ էլ ոչ ճկուն աշխատելու ու ոչ բավարար տեղեկացված լինելու պատճառով ադրբեջանական պատվիրակության հետ լեզվակռվի մեջ էր մտել: Ինչ վերաբերում է խաչքարերի միջադեպին, հայկական կողմը պետք է նախապես ներկայացներ ցուցադրվելիք խաչքարերի ցանկը եւ լուրջ աշխատանք տաներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան բաժանմունքների հետ, մանավանդ՝ այնտեղ ամեն երկիր ունի իր մշտական ներկայացուցչությունը, եւ, ի վերջո, ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատաոճի հիմքում պետությունների վարչական բաժանումներն են: Մշակույթի նախարարությունը, որն իր վրա էր վերցրել կազմակերպչական առաքելությունը, չէր էլ խորհրդակցել ԱԳՆ-ի հետ, եւ ցուցահանդեսը կազմակերպել էր «ոտքի վրա»: Դառնալով Բալիի դեպքերին, հավելենք, որ նոյեմբերի 23-ին, Հայաստանի ժամանակով 12:30-ի սահմաններում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքում հնարավոր էր ուղիղ հեռարձակմամբ հետեւել իրադարձություններին: Տիկին Սամուելյանը իրեն ընձեռված 2 րոպեանոց հնարավորությունը ամբողջովին ծախսեց Բալիի ժողովրդին ողջունելու եւ ոչ թե Հայաստանի հայտերը հիմնավորելու համար:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. Երբ նյութը պատրաստ էր տպագրության, տիկին Դուրգարյանը զանգեց խմբագրություն եւ ասաց, որ Արեւ Սամուելյանից բացի, Բալի է մեկնել Լիլիթ Երնջակյանը, իսկ Հայաստանի հայտը վերադարձվել է լրամշակվելու համար, որովհետեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ֆինանսավորման խնդիր ուներ:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930