Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լավագույն գիրքը 50-70 օրինակ է իրացվում

Նոյեմբեր 25,2011 12:54

Հրատարակչությունները՝ գրքերի հրատարակման խնդիրների մասին

«Առավոտին» հասած տեղեկություններով՝ 2-3 հրատարակչություններից բացի, մյուսները ¥շուրջ 200) հրատարակում են տարեկան մինչեւ 5 գիրք (գեղարվեստական, մանկական, ուսումնական եւ այլն), այն էլ՝ պետության կամ որեւէ հովանավորի կողմից տրված գումարով։ Քանի որ հրատարակելուց առաջ «ձեռնարկատերը» արդեն գումարը ստանում է, հավանաբար ոգեւորված էլ չի լինի բովանդակալից գրքեր արտադրել։ Մյուս կողմից՝ նման դեպքում հրատարակիչը կարծես հրատարակում է միայն պատվիրատուի համար, որը ընթերցողների բանակ չէ։ Մինչդեռ աշխարհում գրքի պատվիրատու համարվում է սպառողը (ընթերցողը), որի վճարած գումարներով է հրատարակիչը հոգում բոլոր ծախսերը։

«Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանը մեզ հետ զրույցում նախ նշեց, թե խնդիրը շուկայի բացակայությունն է, եւ որ ցանկալի կլիներ՝ հանրապետությունում գործեին գրախանութներ: Հետո էլ ավելացրեց. «Լավագույն գիրքն այսօր իրացվում է ընդամենը 50-70 օրինակ»։

«Կոմիտաս» հրատարակչության տնօրեն Ռուզաննա Եսայանը փոխանցեց, որ պետպատվերով հատկացվող գումարը տրամադրվում է ՀՀ մշակույթի նախարարությանը կից երաժշտական խորհրդի կողմից, որի անդամները հանրապետությունում ճանաչված դեմքեր են՝ Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսորներ Ալինա Փահլեւանյան, Դավիթ Ղազարյան, Մհեր Նավոյան եւ այլք։ «Մենք տպագրում ենք բացառապես երաժշտական ձեռնարկներ, գրքեր, ժողովածուներ։ Մինչ տպագրությունը դրանք ներկայացնում ենք երաժշտական խորհրդի քննարկմանը։ Մեծ ուշադրություն ենք դարձնում գրքի ձեւավորմանը. գեղեցիկ ձեւավորումը ակնահաճո է եւ ձգում է սպառողին։ Նշեմ նաեւ, որ հիմնականում տպագրում ենք անտիպ նյութեր։ Եվ քանի որ ներկայացնում ենք հայկական երաժշտարվեստի ոլորտը, ուստի մեր հրատարակած գրքերը երկլեզու են, նաեւ՝ եռալեզու»,- հայտնեց տիկին Եսայանը։

Երեւանի պետական համալսարանի հրատարակչության տնօրեն Պերճ Ստեփանյանն էլ ասաց, որ նախորդ տարիների համեմատությամբ՝ նաեւ համալսարանն է իրենց ֆինանսավորում, հատկապես՝ ուսումնական եւ գիտական մենագրությունների հրատարակման գործընթացում, վստահեցնելով, որ հրատարակչությունը կարգավիճակը չի փոխել ու տպագրում է բացառապես ուսումնական, գիտական գրականություն։ Տպագրական որակի «մասով» էլ փաստեց, որ այս տարի «Գրքարվեստ-2011» ամենամյա մրցույթում իրենց տպագրած երեք գիրք է արժանացել մրցանակի։ «Հաջորդ շաբաթ ընթերցողի սեղանին կդրվի Պետրոս Բեդիրյանի «Հայոց լեզվի աստվածաբանական բառարանը»։ Ընթացքի մեջ են Հրաչյա Աճառյանի անտիպ 4 ուսումնասիրությունները, շուրջ 20 տարվա դադարից հետո Հակոբ Մանանդյանի ակադեմիական հրատարակության 7-րդ եւ 8-րդ հատորները։ Հիշյալ գրքերի տպագրության հարցում մեր խնդրանքին ընդառաջել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության հայկական բաժանմունքի տնօրեն, ճանաչված հայագետ Զավեն Եկավյանը»,- հայտնեց պարոն Ստեփանյանը։ Տեղեկացրեց նաեւ, որ այս պահին Ավետիք Իսահակյանի ակադեմիական հրատարակության 2 հատորները պատրաստ են, ինչն առաջիկայում կունենա շարունակություն։

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930