Բաթումից վերադարձել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի պատվիրակությունը, որը օրերս մասնակցել է «Քույր քաղաքների միջեւ երիտասարդական շաբաթ» փառատոնին: Վերջինիս ներկա էին տարբեր երկրների 10 քույր-քաղաքների ներկայացուցիչներ: Վանաձորը ներկայացրել է Մանկավարժական ինստիտուտի մշակույթի կենտրոնը:
Փառատոնը ներառել է լուսանկարչական ցուցահանդես եւ համերգային ծրագիր: Ըստ ՎՊՄԻ մշակույթի կենտրոնի եւ վանաձորյան պատվիրակության ղեկավար Գայանե Հովհաննիսյանի՝ հանդիսատեսը բարձր է գնահատել Սերգեյ Վահրադյանի «Իմ քաղաքը» ֆոտոշարքը եւ վանաձորցիների ժողովրդական, էստրադային երգերն ու պարային կատարումները: Դահլիճը բուռն ծափողջույններով է հատկապես ընդունել հայկական ռեփը՝ «Բերդ» պարի ուղեկցությամբ: «Հանդիսատեսը մեզ շատ լավ էր ընդունում: Մեզնով շատ էին հետաքրքրվում նաեւ լրատվամիջոցները, որոնք նույնիսկ մեր փորձերն են նկարահանել եւ լուսաբանել,- պատմում է Գ. Հովհաննիսյանը: – Իսկ Բաթումում Հայաստանի հյուպատոսարանի լրատվական ծառայությունը մեզ ուղեկցել է ամենուրեք: Ընդհանրապես թե՛ հյուրընկալող կողմը, թե՛ հյուպատոսարանը եւ թե՛ հայկական համայնքը մեզ մեծ ուշադրություն էին դարձնում»: Երիտասարդական շաբաթի շրջանակներում ուսանողների համար կազմակերպվել են էքսկուրսիաներ թանգարաններ եւ տեսարժան վայրեր:
Վանաձորցիները վերադարձել են ոչ միայն վառ տպավորություններով, այլեւ համագործակցության առաջարկներով, որոնք հնչել են Բաթումի քաղաքապետ Ռոբերտ Չկաիձեի եւ պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում: «Մեկը վերաբերում է Աջարիայի հայկական համայնքի հետ մշակութային կապերի ընդլայնմանը: Համագործակցության առաջարկներ են արել նաեւ Բաթումի Շոթա Ռուսթավելու անվան պետական համալսարանի սլավոնագիտության դեպարտամենտը եւ Ստավրոպոլի պետական համալսարանի ռուսաց լեզվի եւ գրականության ամբիոնը: Անգամ Տրապիզոնի մշակութային պատասխանատուներն են առաջարկել համերգային փոխադարձ այցերով հյուրընկալվել միմյանց»,- ասում է Գ. Հովհաննիսյանը:
ՏԱԹԵՎ ԱՇՈՒՂԱԹՈՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ