Լրահոս
Օրվա լրահոսը

« Մենք մի քիչ «լաքայոտ» ենք, դուք լավն եք ». Վարդան Պետրոսյան

Նոյեմբեր 25,2011 12:42

Այսօրվա մեր ժամադրությունը դերասան, բեմադրիչ Վարդան Պետրոսյանի հետ է: Նրա հետ ժամադրությունը եղավ իր մամուլի ասուլիսից հետո: Շատ սպասեցինք, բայց վերջապես զրուցեցինք: Խոսեցինք նրա մանկությունից, երիտասարդությունից եւ մեր մասին իր ունեցած վերաբերմունքից:


– Պարոն Պետրոսյան, պատմեք Ձեր մանկությունից և երիտասարդական տարիներից:

– Ես ունեցել եմ շատ-շատ հետաքրքիր և երջանիկ մանկություն: Ծնվել եմ Երևանում, մեծացել եմ բակում: Ընտանիքում ես չորրորդ երեխան էի՝ ամենափոքրը, ամենասիրվածը: Բակում շատ աշխույժ տղա էի, շատ լավ ֆուտբոլ էի խաղում, պարսատիկով կրակում էի, մասնակցում էի բակի բոլոր խաղերին ու նաև կազմակերպում էի խաղեր: Գիշեր-ցերեկ փողոցում եմ մեծացել ու շատ երջանիկ եմ: Ի վերջո բակը կյանքի առաջին դպրոցն է,: Երիտասարդությունս անցել է շատ գունեղ ու շատ բուռն, որովհետև ես մեծացել եմ մի շատ հետաքրքիր ստեղծագործական միջավայրում: Աստված ինձ նվիրել է մեծ ընկերներ, որոնց հետ ընկերություն եմ անում  արդեն 37 տարի: Իմ պատանեկության, երիտասարդության ընկերները եղել են ստեղծգործող մարդիկ, և այդ ժամանակ մենք կարողացանք ստեղծել մի մթնոլորտ, որ նորից` գիշեր-ցերեկ փողոցներում վազում էինք, նվագում էինք, ելույթներ էինք ունենում, սերենադներ էինք երգում աղջիկների պատուհանների տակ: Այդպիսի խենթություններ մենք անընդհատ անում էինք: Ես ավարտել եմ գեղարվեստաթատերական ինստիտուտը, երբ թատերական, նկարչական ֆակուլտետները իրար հետ միասին էին: Դաստիրակվել եմ շատ լավ ընտանիքում: Շատ երջանիկ եմ, որ այդ ընտանիքում եմ ծնվել:

– Բակում ո՞ր խաղն էիք սիրում և ինչու՞:
– Ֆուտբոլի խենթ էի ես, խաղում էի, այնքան, որ ես կարող էի ֆուտբոլիստ դառնալ: Ինչու՞ էի շատ սիրում, չգիտեմ, բայց մի կողից ես այդտեղ ինձ «արտիստ» էի զգում: Հիշում եմ, երբ ես խաղում էի ֆուտբոլ, հարևանությունը դուրս էր գալիս պատժգամբ` իմ խաղը դիտելու և այդտեղ էր, որ ես «թատրոն-թատրոն էի խաղում»: Ի դեպ, ես լավ դարպասապահ էի: Երբ նայում էի, ասենք էս ինչ աղջիկը նայումա ինձ, և մեր Սահակը 11 մետրանոցա հարվածում, աչքով հասկացնում էի, որ ձախ կողմ հարվածի. ձախ կողմի վրա ես լավ էի քցվում:

– Ձեր ամենահետաքրքիր չարաճճիությունը ո՞րն է եղել, որ մինչ այսօր հիշում եք կամ հիշեցնում են:
– Օրինակ` ես մի անգամ հետաքրքրության համար ցանկացա տեսնել՝ կկարողանամ գյուղի տունը վառել: Երեխա էի` 5-6 տարեկան: Հիշում եմ, մի անգամ էլ, որպես ջենտլմենական նվեր, իմ մոր և քրոջ գլխին կտուրից գցել եմ մի մեծ դույլ, որի մեջ կար լիքը քար, բայց դա որպես նվեր էր, որպեսզի նրանք գնահատեն իմ ասպետությունը: Ուսին քսելով գնաց: Ես հատուկ ծրագիր էի մտածել` դույլը կապել էի պարանով, քարերը լցրել էի դույլի մեջ, պարանով քաշել վերև, կապել, որ կացինով կտրեմ:

– Ուսուցիչները Ձեզանից բողոքու՞մ էին :
– Ինձանից չեն բողոքել: Ինչքան էլ ես չարաճճի էի, դպրոցում լավ եմ սովորել: Նույնիսկ չարությունները, որ մենք կազմակերպում էինք, նենց համով-հոտով էինք կազմակերպում, որ դժգոհելու տեղ չլիներ:

– Դպրոցական ամենահետքրքիր դեպքը ո՞րն է եղել:
– Իմ դպրոցական կյանքը այդքան էլ չեմ սիրում: Դպրոցի ժամանակ ես ապրում էի բակով և դպրոցի հետաքրքրություններով երբեք չեմ ապրել:

– Ո՞րն է ամենաթանկ խորհուրդը, որ երբևէ ստացել եք:
– Երևի թե եղբորս խորհուրդը` «Լավ հիշիր, ամենաթանկ բանը մայրն է, բայց ժողովուրդը մորից թանկ է»: Սա ոչ մի կերպ չեմ  մոռանում: Կարծես ժամանակի ընթացքում դարձավ միս և արյուն:

-Կպատմե՞ք Ձեր առաջին ժամադրության մասին, ե՞րբ և ինչպե՞ս է եղել:
-Չեմ հիշում: Ես չէի սիրում սիրային ժամադրությունը: Չէի սիրում երկար պահպանել սիրային հարաբերությունները: Տարիքի հետ դա փոխվեց: Սիրում էի կարճատև սիրային հարաբերություններ: Ազատատենչ էի շատ, իսկ ինձ համար այդպիսի հարաբերությունները պարտականություն էին, ես այդ պարտականությունից փախչում էի: Մեկի հետ երկար ընկերություն անել՝ նշանակում է տանել սրճարան և այլն, իսկ ես ինքս էի «իրենց հաշվին» գնում սրճարաններ: Մի անգամ եղել է այնպես, որ հարբած ծանոթացել եմ մի աղջկա հետ, պայմանավորվել, որպեսզի հաջորդ օրը հանդիպենք: Սակայն հարբած լինելու պատճառով դեմքը չէի հիշում: Բայց, երբ ես նրան տեսա` միանգամից ճանաչեցի:

– Ըստ Ձեզ` ծերությունը տարի՞ք է, թե՞՝ հոգեվիճակ:
– Ես մի երգ եմ գրել հենց այդ բառերով, որ կոչվում է այսպես` «Ծերությունը տարիք չի, այլ հոգեվիճակ»: Մարդիկ կարծում են ծերությունը դա այն է, որ դու չես կարողանում անել: Ըստ իս ծերությունը է, որ դու էլ չես ցանկանում ոչինչ, երբ ներսդ անշարժ է: Ի դեպ, բավական երիտասարդ տարիքում ես ծերության շատ  մեծ դեպրեսիա եմ ապրել:  Հիմա ինձ ավելի երիտասարդ եմ զգում, քան 25 տարեկան էի: Ծերությունը ինձ համար հոգեվիճակ է:

– Այսօրվա երիտասարդների մեջ ի՞նչն եք գնահատում:

– Դուք ուրիշ եք, մենք ուրիշ ենք: Մենք մի քիչ «լաքայոտ» ենք, դուք լավն եք: Ցավոք այդ լավերը փախնում են այստեղից: Ես շատ եմ սիրում ձեզ, լուսավոր եք: Այնքան լավ ու սիրուն բան կա ձեր դեմքի մեջ:
– Ինչի՞ համար եք ափսոսում, որ արել եք Ձեր երիտասարդ տարիներին եւ Կա՞ մի բան, որ ափսոսում եք, որ այդ ժամանակ չեք արել:
-Ինչի համար որ ափսոսում եմ, չեմ կարող ասել` շատ անձնական է, բայց կան բաներ, որ ափսոսում եմ, որ չէի անի, բայց արել եմ և խորապես զղջում եմ դրա համար: Կան բաներ, որոնք որ արել եմ և ուրախ եմ, որ արել եմ:

– Ունե՞ք կյանքի կարգախոս:
– Բազմաթիվ կարգախոսներ ունեմ, որոնք ամրագրված են «Նոր կտակարանում», բայց երևի թե սրանք են` «Սիրիր դիմացինիդ» և «Հաջողությանդ մեջ փառաբանիր Աստծուն, անհաջողություններումդ մեղադրիր քեզ»:

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930