Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հեքիաթ՝ մեծահասակների համար

Նոյեմբեր 25,2011 12:28

ՀՀՇ նախկին անդամ Ալբերտ Բաղդասարյանը՝ ՀԱԿ-ի նախաձեռնած իմպիչմենտի մասին

Այսօր տեղի ունենալիք հանրահավաքում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է հրապարակել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավաքաղաքական հիմքերի մասին հռչակագիր: Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՀՇ առաջին վարչության անդամ Ալբերտ Բաղդասարյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ Հայաստանում նախագահի իմպիչմենտի իրավաքաղաքական իրական հնարավորություններ տեսնո՞ւմ է: Հիշեցնենք, որ նախագահի պաշտոնանկության գործընթացը սահմանվում է երկրի գլխավոր օրենքով՝ Սահմանադրությամբ: ՀՀ առաջին Սահմանադրությամբ, որի «կնքահայրը» այն ժամանակ գործող իշխանությունն էր՝ ի դեմս Հայոց Համազգային Շարժում կուսակցության, ամրագրված պաշտոնանկության հիմքերը հետագայում սահմանադրական փոփոխությունների արդյունքում տեղ գտան նաեւ փոփոխված Սահմանադրության մեջ: «Եթե Հայաստանում կա մի մարդ, ով գրագետ է, կարդալու ունակ է եւ կարդացածը դեռեւս կարողանում է հասկանալ ու ոչ թե հետեւում է դրա՝ այլոց մեկնաբանություններին, թող բացի ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածը, կարդա՝ կհասկանա, որ դա հեքիաթ է, դա սուտ է: Դա ուրիշ նպատակով հյուսվող հեքիաթ է»,- ասաց մեր զրուցակիցը: Ալբերտ Բաղդասարյանը պնդում է, որ իմպիչմենտի գործընթացն անիրագործելի է, եւ հիշում. «Դեռեւս 1994-95 թվականներին, երբ ՀՀ ԳԽ-ում քննարկվում էին այն ժամանակվա Սահմանադրության դրույթները, որոնք անցել են նոր Սահմանադրության մեջ, դրվեց մի մեխանիզմ, որն անհնար է դարձնում նախագահին անվստահություն հայտնելը: Ես գիտեմ, որ եւ կոնգրեսականները, եւ միտինգավորները, եւ պատգամավորները կալարեն կարդալ, ուստի լուսաբանեմ՝ որպեսզի իմպիչմենտ հայտարարվի, պետք է ԱԺ-ի ընդհանուր թվի կեսը որոշում կայացնի եւ դիմի Սահմանադրական դատարան: Այսինքն՝ ներկայիս ԱԺ-ի կեսից ավելին պետք է որոշում կայացնի, դիմի ՍԴ, որպեսզի այն եզրակացություն տա: Եթե Հայաստանում կա գոնե մեկ ռոմանտիկ կամ հիմար, որը ասում է, որ այսօրվա ԱԺ-ի կեսից ավելին երբեւէ կարող է այդպիսի որոշում կայացնել… Դրան հետեւելու է մյուս քայլը. ՍԴ-ն պետք է եզրակացություն տա նախագահի պաշտոնանկության հիմքերի առկայության մասին: Եզրակացությունը պետք է վերադարձնի ԱԺ-ին: Եթե այսօր Հայաստանում կա մեկ հոգի, ով հավատում է, որ ՍԴ-ն կասի՝ այո, նախագահին անվստահություն հայտնելու հիմքեր կան, եւ այդ եզրակացությունը կուղարկի ԱԺ-ի կատարմանը, ես ասելու ոչինչ չունեմ: Եվ եթե այդ ամենից հետո գործող ԱԺ-ն կհաստատի ՍԴ որոշումը, ուրեմն մենք Հայաստանում չենք ապրում, մենք Շվեյցարիայում ենք ապրում, պարզապես տեղյակ չէինք»:

«Առավոտի» հարցին՝ ի՞նչ քաղաքական նպատակ է հետապնդում ՀԱԿ-ի այս քայլը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Հիմքեր ստեղծել ապագա ԱԺ ընտրություններում պայքարը հիմնավորելու՝ մենք ոչ թե գնում ենք ԱԺ, որ պատգամավոր դառնանք, այլ եթե մեզ 2/3 ձայներ տաք, մենք կլինենք ԱԺ-ում եւ իմպիչմենտ կանենք, Սերժ Սարգսյանից կազատվենք: Հետո էլ կասեն՝ այ, մեզ այդքան ձայն չտվեցիք, իմաստ ունե՞ր մեր պայքարը ԱԺ-ի համար, էլ ո՞նց ազատվենք Սերժից: Դրա համար էլ մենք կվայելենք մեր պատգամավորական լիազորությունները, դուք էլ արժանի եք նրան՝ ինչին արժանի եք, քանի որ կրիտիկական զանգված չհավաքեցիք՝ հերիք չէր, մեզ էլ 2/3 ձայն չտվեցիք: Դրանք սարքված հեքիաթներ են, ինչպես տեսնում եմ՝ լսելու ցանկություն ունեցողներ էլ կան, բայց դրանից Հայաստանում ոչինչ չի փոխվել ու չի փոխվի»: Ավելի պատկերավոր դարձնելու համար իր խոսքը՝ մեր զրուցակիցը զուգահեռներ է անցկացնում Արաբական աշխարհի պետությունների ղեկավարների հետ, քանի որ Հայաստանում շատ են ոգեւորվոծ արաբական հեղափոխություններով. «Պետք է մոռանալ, որ երբեւէ իմպիչմենտ կարելի է հայտարարել, ասենք, Ասադին: ԱՄՆ-ով, ԵՄ-ով, Արաբական լիգայով, Թուրքիայի նախագահով, ժողովրդով իմպիչմենտ են հայտարարում՝ չի գնում: Կպայքարի մինչեւ վերջ՝ ինչպես Քադաֆին: Հիմա դուք Հայաստանում ի՞նչ իմպիչմենտ եք ուզում անել՝ ումո՞վ, ո՞նց, ինչո՞ւ… Ասենք, հանրահավաքում մեկ ժամ գրավոր տեքստ կկարդան, թե՝ Սերժ Սարգսյանն իր գոյության եւ գործունեության ընթացքում ինչպիսի ծանր, պետական հանցագործություններ է արել՝ ամեն մի քաղաքացի իր համար հազարներով կթվարկի եւ ոչ միայն գործող, այլեւ նախորդ նախագահների մասին էլ: Ընդհանուր արդյունքը լինելու է զրո: Քաղաքական պայքարի առումով կիմաստավորի խորհրդարանական տեղերի համար պայքարը»:

Ընդհանուր առմամբ նախկին պատգամավորը հնարավոր չի համարում վրացական սցենարով Սերժ Սարգսյանի լեգիտիմացումը, ինչի հավանականության մասին նախօրեին խոսել էր ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը: Ալբերտ Բաղդասարյանի համոզմամբ՝ բավականին լուրջ է ՀՀ երկրորդ նախագահի գործոնը, որին «խաղից դուրս» թողնել Սերժ Սարգսյանը չի կարող, մանավանդ, որ դեռ լուծված չէ ԲՀԿ-ի հետ կապված թնջուկը, իշխանության ներքին օղակների արտահայտվող ու չարտահայտվող թնջուկը՝ դարձյալ երկրորդ նախագահի հետ կապված. «Առաջին նախագահի հետ կապվածը փակվեց Գագիկ Ջհանգիրյանով: Երկրորդ նախագահի հետ կապվածը հայտնի չէ՝ որն է սկսվել, որը՝ վերջացել. ԱԺ նախագահո՞վ, ոստիկանապետո՞վ, ԲՀԿ-ն հայաստանածի՞ն է, Քոչարյանի՞ կուսակցությունն է: Դեռ հնարավոր չէ եզրակացություններ անել: Որ պահին որ այդ խնդիրները լուծում ստացան՝ չի բացառվում Սահակաշվիլու սցենարի կիրառումը, բայց առաջիկայում դեռ չի երեւում այդ խնդիրների լուծումը, քանի որ հայտնի չէ, թե քանի մարդու է ծառայում յուրաքանչյուր պաշտոնյա, քանի հոգու է երդումներ տալիս: Ժողովուրդ-իշխանություն հակադրությունը հեշտ է լուծել՝ մեզ հայտնի ընտրություններով՝ հերթական չընտրվածը կունենանք»: Ի դեպ, ՀՀ երեք նախագահներից, ըստ մեր զրուցակցի, այս պահին ամենաուժեղը Սերժ Սարգսյանի դիրքերն են, քանի որ նա գործող նախագահ է եւ մի շարք լծակների եւ ռեսուրսների է տիրապետում: Նրա կարծիքով՝ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը շարունակի սկսած գիծը՝ ժողովրդական զանգվածների աջակցությունը, դա ոչ մի արդյունքի չի հանգեցնի. «Հեղափոխության ժամանակ ժողովրդական զանգվածների աջակցությունն արդյո՞ւնք է: Իսկ Հայաստանի նման երկրների համար շատ քիչ, ծրագրավորվող, կանխատեսելի արժեք է»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930