Առաջիկա երկու տարիներին՝ ոչ մի առաջընթաց
Վերջին շրջանում բավականին լարված հայ-ադրբեջանական շփումները անհանգստացնում են ոչ միայն երկու երկրների հասարակություններին, այլեւ միջազգային կառույցներին, թեպետ վերջիններս առանձնապես նկատելի քայլերի չեն դիմում մեր հարեւաններին իրենց իրական տեղը ցուցանելու եւ վերջակետ դնելու հիմնական հարցում, այն է՝ ռազմական հռետորաբանությունը, ռազմական հոխորտանքը եւ սադրանքը սահմանին ոչ մի լավ բանի չեն հանգեցնելու: Ըստ ամենայնի, միջազգային կառույցները պետք է շատ ավելի կոշտ եւ ուղղակի հայտարարություններով հանդես գան ընդդեմ ադրբեջանական ապակառուցողականության, քանի որ, ժողովրդական ասացվածք կա. «Հասկացողին՝ մին, չհասկացողին՝ հազար ու մին»: Ադրբեջանական կողմն առայժմ միջազգայնորեն ընդունված լեզուն կարծես չի հասկանում: Թեպետ հայկական կողմն էլ իր հերթին է պատրաստ հարեւանի հետ խոսել վերջինիս համար հասկանալի լեզվով, իսկ դա ավելի քան ուրիշ տեղ կտանի: Առայժմ հայկական կողմի հավասարակշիռ եւ սառնասիրտ պահվածքի շնորհիվ իրավիճակը պահպանվում է: Նոյեմբերի 28-ին տարածաշրջան են այցելելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հուսանք՝ այս անգամ նրանց՝ արդեն պատմական դարձած այցերից կոնկրետ արդյունք կլինի, եւ ադրբեջանական կողմին կստիպեն ավելի ողջամիտ գործել:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Աֆղանական պատերազմի վետերանների միության նախագահ, արցախյան պատերազմի մասնակից Արմեն Մխիթարյանը «Առավոտի» հետ զրույցում նկատեց, որ Ադրբեջանի պահվածքը նման է ֆաշիստական պահվածքի, քանի որ «այդ երկիրը բավականին վտանգավոր խաղերի մեջ է եւ առաջին հերթին՝ իր սեփական ժողովրդի հանդեպ: Իր ժողովրդի մեջ սերմանելով չարություն, թույն եւ ռազմատենչություն՝ մեր հարեւան երկիրը վտանգում է տարածաշրջանային կայունությունը, վտանգում է հարեւան ժողովուրդների՝ իրար կողքի խաղաղ եւ համերաշխ ապրելու հեռանկարը: Ի վերջո, Ադրբեջանը պետք է հասկանա, որ Արցախի ժողովուրդը ինքնորոշված է, եւ արդեն քսան տարուց ավելի ինքն է կերտում իր սեփական ճակատագիրը, եւ այլեւս ազատ ու ինքնիշխան Արցախը ոչ մեկի համար չի կարող լինել խաղալիք: Կատարված իրողության հետ Ադրբեջանի ղեկավարությունը պետք է հաշվի նստի: Համոզված եմ՝ հասարակ մարդիկ, ադրբեջանցի ժողովուրդը շատ ավելի սիրով եւ պատրաստակամությամբ հարեւանություն կանի արցախցիների եւ հայաստանցիների հետ, քան կկռվի: Հարցի ռազմականացումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի եւ առաջին հերթին՝ ադրբեջանցիների համար»:
Մեր զրուցակիցը համոզված է, որ ռազմական իրավիճակի լարվածության դեպքում ադրբեջանական կողմը պարզապես ջախջախիչ հարված է ստանալու, եւ քանի դեռ հարցը գտնվում է բանակցային փուլում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի համար շատ ավելի շահեկան կլինի իր երկրի ժողովրդին պատրաստել խաղաղության, ինչպես ժամանակին եւ այսօր եւս հորդորում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Կարդացեք նաև
Արմեն Մխիթարյանը համոզված է, որ Ադրբեջանի իշխանությունը ռազմատենչ հայտարարություններով եւ դիպուկահարների կրակոցներով միայն մեկ հարց է փորձում լուծել՝ իր սեփական իշխանության պահպանման հարցը, քանի որ սոցիալ-տնտեսական իրավիճակը հարեւան երկրում մեղմ ասած՝ բարենպաստ չէ:
Ի դեպ, վերը նշված հարցերի շուրջ երեկ խոսել է նաեւ ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Եվ ամենեւին զարմանալի չէ, որ Արցախի հարցում թե իշխանության եւ թե ընդդիմության ներկայացուցիչների կարծիքները համահունչ են: Կիրո Մանոյանը երեկ հայտարարել է. «Միջնորդների անելիքն այս երկու տարիներին, կարծում եմ, կենտրոնանալու է պատերազմի հավանականությունը նվազեցնելու վրա՝ առանց փորձելու քաղաքական լուրջ տեղաշարժ ապահովել»: ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն կարծում է, որ ԼՂ խնդրի կարգավորման գործում լուրջ տեղաշարժեր չեն սպասվում՝ երկու պատճառով: Նախ՝ առաջիկա երկու տարիներին եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում ընտրություններ են լինելու, ի դեպ, ընտրություններ են սպասվում նաեւ համանախագահող երեք երկրներում: Հաջորդը հետեւյալն է. «Ադրբեջանն ընտրվել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ եւ անընդհատ ձգտելու է ԼՂ հարցը տեղափոխել այդ դաշտ, իսկ աշխարհը հասկանում է, որ առայժմ հիմնական եւ միակ ձեւաչափը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում է՝ ՄԽ համանախագահների միջնորդությամբ»:
Իսկ հարցին՝ ի՞նչ պետք է անի հայկական կողմը ադրբեջանական սադրանքները եւ դիպուկահարներին զսպելու համար, Արմեն Մխիթարյանը՝ մեզ հետ զրույցում, իսկ Կիրո Մանոյանը՝ մամուլի ասուլիսում նույն կերպ են պատասխանել՝ Ադրբեջանին զսպելու միակ եւ արդյունավետ ձեւը իրենց իսկ գործողություններին համապատասխան գործողություններով պատասխանելն է:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ