Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այդպես չէինք պայմանավորվել»

Նոյեմբեր 25,2011 12:14

Անցած ամառ մի քանի ժամ անցկացրինք եվրոպական մայրաքաղաքներից մեկում, եւ ես գնեցի բոլոր փոխադրամիջոցների մեկօրյա տոմսերը: Ինձ փորձում էին համոզել, որ ես դա չանեմ՝ «միեւնույն է՝ ոչ ոք չի ստուգելու»: Եվ իրականում էլ չստուգեցին: Բայց ես տոմս եմ առնում ոչ թե «բռնվելու վախից», այլ միանգամայն այլ պատճառով. ես գիտեմ, որ տվյալ ծառայության համար սահմանված է որոշակի գին, եւ եթե ես օգտվում եմ այդ ծառայությունից, ապա պարտավոր եմ դրա համար վճարել: Ահա այս հստակ, միանշանակ, բոլորի համար պարտադիր կանոններին հետեւելն է ամեն ինչի հիմքը՝ եվրոպական արժեքների, օրինապաշտության, ավելին ասեմ՝ սահմանադրական կարգի եւ լեգիտիմության: Մինչեւ որ Հայաստանի բնակչության մեծամասնությունն այդպես չմտածի, այս հրաշալի եւ խիստ անհրաժեշտ երեւույթների մասին չարժե խոսել:

Բնականաբար, այդպես պետք է մտածեն ոչ միայն ծառայություն ստացողները, այլեւ ծառայություն մատուցողները: Ես, օրինակ, 4 տարի շարունակ բողոքում եմ, որ իմ տան էլեկտրաէներգիայի լարումը ցածր է, եւ էլեկտրականությունը պարբերաբար թարթում է՝ դառնալով խոշտանգման յուրահատուկ ձեւ, բայց էլցանցին իմ բողոքները բացարձակապես չեն հուզում, որովհետեւ ես միեւնույն է՝ ստիպված եմ վճարել այդ անորակ ծառայության համար: Առաջ ես կարծում էի, որ խնդիրն այն է, որ ես ապրում եմ գյուղում` երեւի մտածում են՝ դե, գյուղացի մարդիկ են, մի կերպ յոլա կտանեն, բայց վերջերս նամակներ ստացա, որ ճիշտ նույն վիճակն է Երեւանի բազմաթիվ թաղամասերում:

Հասարակական հարաբերություններում կարող է գործել միայն պայմանագիրը, կոնտրակտը, եւ որքան հստակ ու մանրամասն են գրված պայմանագրի կետերը, որքան մեծ հարգանք կա այդ կետերի նկատմամբ, այնքան ներդաշնակ է այդ երկրի ներքին կյանքը: Պատահական չէ, որ եվրոպական մտածողությունը, որին մենք կարծես թե ձգտում ենք, սերում է 17-րդ դարի փիլիսոփայությունից, որի անկյունաքարը «հասարակական պայմանագիրն» է:

Այդ մտածողությանը խորապես խորթ են ինձ ուղղված այն հարցերը, որոնք ես ամեն օր լսում եմ փողոցներում՝ «ե՞րբ է էս իշխանությունը սկսելու գոնե մի քիչ մտածել էս ժողովրդի մասին, բա կարելի՞ է էս ձեւով ժողովուրդ պահել»: Սակայն խնդիրն այն է, որ «էս իշխանություն» կոչվածը մեր կողմից ժամանակավորապես վարձած մարդիկ են, որոնց պայմանագրային (օրինական, սահմանադրական) գործառույթների մեջ չի մտնում ոչ մեր մասին մտածելը, ոչ էլ մեզ պահելը: Մենք նրանց վարձել ենք մեր անվտանգությունն ու մեր իրավունքները պաշտպանելու համար: Առաջին պարտականությունը նրանք կատարում են «3»-ի, երկրորդը՝ «2»-ի: Բայց մեր հասարակության մեծ մասի պահանջը ձեւակերպվում է հենց վերոհիշյալ հարցերի տեսքով, որոնք ուղղված են «պապաներին», «տերերին», «թագավորներին»: Վերջիններս էլ իրենց դրսեւորում են հենց այս ձեւով՝ ժամանակ առ ժամանակ լավ են նայում «իրենց» ժողովրդին՝ մասնավորապես, ընտրությունների ժամանակ բաժանելով 5, 10 կամ 20 հազար դրամ:

…Չորս տարվա ընթացքում ես չկարողացա գտնել մի մարդու, որը կզբաղվեր իմ այգով (վարձավճարով՝ բնականաբար): Զարմանալի չէ՞ համատարած աղքատության, գործազրկության եւ, ամենակարեւորը՝ կյանքից անդադար բողոքելու պայմաններում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930