Ուզում են դասամիջոցներին դասական երաժշտություն լսել: Ցանկացողները Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հեռուստառեժիսուրա բաժնի 1-ին կուրսի մի քանի ուսանողներ են: Նրանք այդ մասին արդեն ասել են Կուլտուրայի ֆակուլտետի ուսանողական խորհրդին և ստացել նախագահի համաձայնությունը, կազմակերպել են ստորագրահավաք: «Տարբեր համալսարաններում իրականացվող այս նախաձեռնության միտքն ինձ գրավեց ու շատ դուր եկավ, և ցանկություն հայտնեցի, որ մեր համալսարանում ևս դասական երաժշտություն հնչի: Դասամիջոցներն ավելի հետաքրքիր կլինեն, ուսանողները կկարողանան լիցքաթափվել», – ասում է նախաձեռնողներից Սվետա Գևորգյանը: Ուսանողների այս քայլը դրական է համարում Կուլտուրայի ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Վարազդատ Եղիազարյանը. «Կազմակերպվել է ստորագրահավաք ուսանողների միջև և 500 ուսանողի ստորագրություն ունենալով, մենք այն կներկայացնենք դեկանատ` ակնկալելով դրական պատասխան»,- ասում է նա: Այս նախաձեռնությունը կիրականացվի՞ բոլոր ֆակուլտետներում, թե՞՝միայն Կուլտուրայի ֆակուլտետում, դեռ պարզ չէ, ուսանողական խորհրդի նախագահի խոսքով` իրենք դիմելու են միայն իրենց ֆակուլտետի համար, մնացածը դեկանատում կորոշեն: Ստորագրությունների թիվն արդեն հասել է 300-ի: Ուսանողները ոգևորված են, կարծում են սա լավ միտք է, նաև կնպաստի երաժշտական ճաշակի զարգացմանը: Իսկ նրանք, ովքեր հրաժարվել են ստորագրել, մեկնաբանել են, որ չեն սիրում դասական երաժշտություն, ասում են ավելի լավ կլինի ժամանակակից երաժշտություն միացնեն: Ինչևէ, ստորագրել չցանկացողների թիվն անհամեմատ քիչ է, ուստի նախաձեռնության հեղինակները դեկանատից ակնկալում են դրական պատասխան:
Տիգրանուհի Թասլակյան