Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է թաղվում գիրքը…հարկային բեռի տակ

Նոյեմբեր 25,2011 11:13

 Արդեն երկու-երեք օր է, ինչ գրահրատարակչության ոլորտի ներկայացուցիչներն ահազանգում են, որ օրենսդրական փոփոխությամբ նախատեսվում է եկող տարվանից 10 տոկոս մաքսատուրք սահմանել ներմուծվող գրքերի եւ մամուլի համար: Ավելին՝ հրատարակիչների, գիրք ու նաեւ տպագիր մամուլ տարածողների ասոցիացիաները համատեղ հայտարարությամբ հանդես եկան այդ նախագծի եւ դրանով նախատեսվող, ոլորտի համար աղետալի հետեւանքներով հղի, փոփոխությունների վերաբերյալ։ Եվ ի՞նչ։ Կառավարությունից, որ խնդրահարույց նախագծի հեղինակն է, ոչ մի ձեն-ձուն չի լսվում։ Սսկվել են ֆինանսների նախարարությունն ու ճյուղային մյուս գերատեսչությունները։ Դա դեռ մի կողմ։ Պարտիզանական լռության մեջ է ընկղմվել մշակույթի նախարարությունը։
Ոչինչ չի լսվում նաեւ խորհրդարանից, որին ներկայացվել է այդ նախագիծը, եւ որը առնվազն համապատասխան հանձնաժողովների մակարդակով պետք է որ քննարկած լինի առաջարկվող փոփոխությունները։ Այնպիսի տպավորություն է, որ նրանք առաջնորդվում են «լռությունը ոսկի է» սկզբունքով կամ էլ «լռության ուխտ» են ընդունել։
Ու, գիտեք, խորհրդանշական է, որ գրքի վրա հարկային բեռի ավելացման այդ մոտեցումը դրսեւորվում է հենց 2012 թվականին՝ Հայ գրատպության 500-ամյակին ու Երեւանը գրքի միջազգային մայրաքաղաք հռչակելուն ընդառաջ։ Խորհրդանշական է, որովհետեւ կարելի է գեղեցիկ ճառեր արտասանել հոբելյանի կապակցությամբ, հպարտանալ, որ Երեւանն է եկող տարի Բուենոս Այրեսից վերցնելու գրքի միջազգային մայրաքաղաք լինելու էստաֆետը, բայց այդ ամենը շղարշ է, մինչդեռ իրակա՛ն, բո՛ւն վերաբերմունքը գիրքը հարկային բեռան տակ թաղելու հիշյալ ցանկությունն է։
Օրենսդրական այդ փոփոխության հեղինակներն ու նախաձեռնողները երեւի թե հաշվարկներ կունենան, թե յուրաքանչյուր տարի պետական գանձարանը որքան գումար է կորցնում՝ գրքից մաքսատուրք չգանձելով։ Բայց այն, թե նման մոտեցման հետեւանքով գրահրատարակչության եւ գրավաճառության ոլորտը, ընդհանրապես մշակույթը եւ երկրի վարկանիշը որքա՞ն կտուժեն, նրանց երեւի չի էլ հետաքրքրել։ Ըստ որում, այս վերջինն այնպիսի կորուստներ են, որոնք շատ ավելի դժվար, երբեմն էլ՝ անհնար է արտացոլել կոնկրետ գումարային համարժեքով։
Սկզբունքորեն հարցը մի քանի շերտ ունի՝ տնտեսական, հասարակական-քաղաքական, կրթամշակութային։
ՏՆՏԵՍԱԿԱՆԸ։ Գրահրատարակչական գործը, մասնավորապես՝ գրական, գեղարվեստական արժեքավոր ստեղծագործությունների հրատարակումն ու իրացումը, գրավաճառությունը առանձնապես եկամտաբեր բիզնես դժվար է համարել։ Չնայած հրատարակվում են հարյուրավոր անուն գեղեցիկ, որակյալ գրքեր, բայց դրանք զգալիորեն թանկ են։ Առավել ցավալի է, որ խիստ թանկ են մանուկների եւ դպրոցական տարիքի ընթերցողների համար նախատեսված գրքերը։
Դրա պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում գրահրատարակչական գործունեությունը եւս 20 տոկոս ավելացված արժեքի հարկման տիրույթում է։ Դա բնականաբար անդրադառնում է տվյալ մշակութային «ապրանքի» ինքնարժեքի վրա։ Չհաշված արդեն, որ խիստ թանկ է նաեւ ներմուծվող տպագրական թուղթը։
Կառավարությունը ոլորտի ներկայացուցիչների հարցադրումներին համաձայնել է, որ ԱԱՀ-ն պիտի հանվի, բայց… չի հանել։ Ավելին՝ ներմուծվող գրքերի վրա մաքսատուրք կիրառելու նախաձեռնություն է դրսեւորել։ Արտաքուստ կարող է թվալ, թե այդպիսով տեղական արտադրող-հրատարակիչներին աջակցելու հարց են լուծում, բայց իրականում դա էլ այդպես չէ, քանզի նույն տեղական հրատարակիչները նաեւ դրսում են գրքեր տպագրում եւ ներմուծում, հետեւաբար…
Հասկանալի է նաեւ, որ մաքսատուրքի բարձրացման հետեւանքներից մեկը լինելու է առնվազն ներկրվող գրքերի թանկացումը։ Ինչը ենթադրում է, որ կնվազեն նաեւ գրքերի վաճառքի ծավալները, որ առանց այն էլ մեծ չեն։ Համաչափորեն կնվազի նաեւ գրքի բիզնեսով զբաղվող ընկերությունների եկամուտը։ Այսինքն՝ ոլորտն էլ ավելի կխարխլվի։
Այսինքն՝ տնտեսական առումով, նախատեսվող նորամուծության հետեւանքները աներկբա բացասական կլինեն։
ՔԱՂԱՔԱԿԱՆԸ։ Եկող տարի նախատեսվում է Երեւանում գրքի միջազգային ցուցահանդես կազմակերպել։ Դրան մասնակցել ցանկացող օտարերկրյա հրատարակիչներին, վստահաբար, մի լավ կզարմացնենք այդ մաքսատուրքով։ Կզարմացնենք բացասական առումով։ Եվ ի՞նչ կմտածեն նրանք Հայաստանի մասին։ Եվ ո՞վ է ասում, թե դա նաեւ քաղաքական հարց չէ։
Բացի դրանից` կարելի է չկասկածել, թե հատկապես ինչպիսի վերաբերմունք կունենան գրքասերները այն կառավարության նկատմամբ, որը նույնիսկ գրքերն է անուղղակիորեն կամ՝ լավ էլ ուղղակիորեն թանկացնում։ Եվ դա՝ խորհրդարանական ընտրությունների տարում։
Ընդհանրապես մշակույթը եւ կրթությունը ամենամեծ քաղաքականությունն են, որ կան։ Եվ եթե զարգացումը խթանելու, գրքերի տարածմանն աջակցելու փոխարեն զուտ հարկահանության մոտեցում է դրսեւորվում, ապա նման քաղաքականությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։
ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆԸ։ Մի ահռելի գաղտնիք բացահայտած չենք լինի, եթե նշենք, որ ընդհանրապես մեր երկրում կտրուկ նվազել ու մարում է հետաքրքրությունը գրքի, ընթերցանության հանդեպ։ Դա տխուր իրողություն է, հատկապես մի քանի հազարամյա քաղաքակրթություն, մշակութային հզոր ժառանգություն եւ ավելի քան 1605 տարի գիրք ու 500 տարի էլ՝ տպագիր գիրք ունեցող մեր ժողովրդի համար։ Եվ նման իրավիճակում այս յուրատիպ ոլորտի նկատմամբ նման տնտեսական խիստ քաղաքականություն որդեգրելը անկասկած էլ ավելի է խորացնելու գրքի նկատմամբ անտարբերությունը։
Բայց չէ՞ որ գիրքը պարզապես ապրանք չէ։ Դա գիտելիք է, մշակույթ, քաղաքակրթություն։
Կարելի է երկար-բարակ նկարագրել ու վերլուծել, թե ինչպես է կառավարությունը գիրքը թաղում հարկային բեռի տակ։ Բայց, միեւնույն է, անհասկանալի է, թե ինչո՞ւ եւ ո՞ւմ է դա պետք։
Կցանկանայինք հավատալ, որ այնուհանդերձ, ողջամտությունը կգերակայի, եւ կառավարությունը, խորհրդարանը, պետական պաշտոնյաները կվերանայեն գրքի նկատմամբ դրսեւորած մաքսատուրքային նախաձեռնությունը։
Սակայն նման վերանայումը բավարար համարել չի՛ կարելի։ Իրականում, եթե կուզեք, ամենից ողջամիտն այն կլինի, եթե հստակ արտոնություններ սահմանվեն այս ոլորտի համար։ Նախ՝ լիովին արդարացված կլինի, եթե առնվազն մանկական գրականության հրատարակումն ու իրացումը ազատվեն ԱԱՀ-ից։
Ավելին՝ եթե իսկապես ցանկանում ենք ուսյալ, կարդացած ու գրագետ սերունդ ունենալ, ապա նրանց հասցեագրված գրականությունը ոչ միայն պետք է հարկումից ազատել, այլեւ խթանել, որ այն հնարավորինս մատչելի լինի, առավել խոշոր տպաքանակներով, արագորեն հասնի նրանց։ Այսինքն՝ հոբելյաններ նշելուց առաջ վատ չէր լինի նախ դեմքով շրջվել դեպի գիրքը, ապա նաեւ՝ համապատասխան տնտեսական լծակներ գործադրել, որ այդ ոլորտը ոչ թե խորտակվի, այլ զարգանա։
Ի վերջո, հրատարակիչներն էլ են տեղական արտադրողներ, եւ եթե չեն ուզում նրանց օգնել, ապա միգուցե հնարավոր է գոնե չխանգարե՞լ։

Արմեն Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930