Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդ են մորթում ոչխարի պես

Նոյեմբեր 25,2011 10:55

Նոյեմբերի 23-ին Բաքվի առաջին կլինիկական հիվանդանոցում մահացել է լրագրող, հրապարակախոս Ռաֆիկ Թաղին (Թաղիեւ): Ըստ բժիշկների` մահը վրա է հասել «շնչահեղձության պատճառով»: Այս տեղեկատվությունը որեւէ հետաքրքրություն չէր հարուցի, եթե Ռաֆիկ Թաղին մինչ այդ ենթարկված չլիներ հարձակման:

Նոյեմբերի 19-ի ուշ երեկոյան աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին լրագրողն անհայտ անձի կողմից հարձակման էր ենթարկվել եւ ստացել դանակի 6-7 հարված: Դեպքը տեղի է ունեցել կանգառում: Տուժածն ինքն է տուն հասել, հարազատները շտապ օգնություն են կանչել եւ նրան տեղափոխել հիվանդանոց: Թաղին վիրահատվել է: Բժիշկները հեռացրել են փայծախը:

Մեկ-երկու օր անց հիվանդը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: Հարազատներն այցելել են նրան: Ռաֆիկ Թաղին նույնիսկ հարցազրույց է տվել եւ իր վրա հարձակման պատճառ համարել «մասնագիտական գործունեությունը»: Նա, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ենթադրել է, թե իր վրա հարձակվել են «Իրանը եւ գլոբալացման անխուսափելիությունը» հոդվածի պատճառով, որտեղ սուր քննադատության է ենթարկված «իրանական կրոնապետությունը»:

Նույն աղբյուրների տեղեկացմամբՙ Ռաֆիկ Թաղին նախկինում «անհարգալի վերաբերմունք է դրսեւորել Մուհամմեդ մարգարեի նկատմամբ, որի պատճառով Բաքվում իսլամականները ցույց են կազմակերպել եւ նրան դատապարտել մահապատժի` սպառնալով գլխատել»: Իրենց հերթին իշխանություններն էլ Ռաֆիկ Թաղիին մեղադրել են «միջկրոնական թշնամանք հրահրելու մեջ եւ դատապարտել եռամյա ազատազրկման»: Կալանքից լրագրողն ազատվել էր վերջերս` Իլհամ Ալիեւի կողմից ներման արժանանալու հիմքով:

Բաքվում Իրանի դեսպանատունը, ինչպես գրում է «Զերկալո» պարբերականը, արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ եւ ասել, որ «Ռաֆիկ Թաղիի դեմ հարձակման հետ իրանական կողմը կապ չունի»: Այդ կերպ, փաստորեն, Իրանը կանխել է ադրբեջանական իշխանություններին, որոնք, ամենայն հավանականությամբ, լրագրողի նկատմամբ Բաքվի կենտրոնում գործադրված բռնությունը կարող էին «բացատրել իսլամական արմատականության վրեժխնդրությամբ»:

Ամեն դեպքում, սակայն, լրագրողը մահացել է հիվանդանոցում` բժիշկների աչքի առաջ, որոնք «անզոր են եղել փրկելու նրա կյանքը, քանի որ մահը վրա է հասել վայրկենապես»: Ծանր վիրահատություն տարած հիվանդն, իհարկե, հետագա բարդացումներից ապահովագրված չէ նույնիսկ ամենաառաջնակարգ կլինիկայում: Բայց «շնչահեղձության» վարկածը, որ Թաղիի մահվան պարագայում ներկայացրել են բժիշկները, մեղմ ասած, անհամոզիչ է թվում:

Այդ առթիվ «Զերկալո»-ն զգուշավոր ակնարկել է, որ «Ռաֆիկ Թաղիի մահն իշխանությունները կարող են դարձնել հակաիրանական քարոզչության նոր առիթ»: Սա նշանակում է, որ իրավապահներին տրվելու է «արմատական իսլամականության» դեմ արշավ սկսելու հրահանգ: Ուստի պետք է ենթադրել, որ կատարվածն ավելի շատ ձեռնտու է հենց իշխանություններին:

Դժվար է, իհարկե, միանշանակորեն պնդել, թե Ռաֆիկ Թաղիի դեմ հարձակումը, ապա եւ նրա «շնչահեղձությունից» մահն իշխանությունների ձեռքի գործն են: Բայց նաեւ ակնհայտ է, որ Ադրբեջանի մայրաքաղաքում այս էլ երկրորդ անգամ լրագրող է ենթարկվում ավազակային հարձակման: Թաղիի դեմ բռնարարքի պատկերը հետաքրքրական է հատկապես այն առումով, որ նա դանակահարվել է կանգառում` փոխադրամիջոցի սպասելիս: Այդ ժամին, ամենայն հավանականությամբ, նա մենակ չի եղել, բայց «ինքն է տուն հասել»: Այսինքն տուժածին ոչ ոք չի օգնել:

Ահա այդպես. մայրաքաղաքում հայտնի լրագրող է դանակահարվում, «ոչխարի պես մորթվում», մնում իր հույսին, հետո հիվանդանոցում «շնչահեղձությունից» մեռնում, իսկ իշխանությունները տարփողում են, թե «ադրբեջանական հանրությունը հանդուրժողականության օրինակ է աշխարհի շատ երկրների համար»: Լավ «հանդուրժողականություն» է: Ոչինչ չես ասի:

Վահրամ Աթանեսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930