Եգիպտոսում իշխող Զինված ուժերի գերագույն խորհրդի ղեկավար, մարշալ Հուսեյն Տանտավին երկրի նախկին վարչապետ Քամալ ալ-Գանզուրին հանձնարարել է նոր կառավարություն ձեւավորել: Այդ մասին հաղորդում է Al-Jazeera-ն:
Քամալ ալ-Գանզուրին, որը ծնվել է 1933 թ.-ին, 1996-1999թթ.-երը գլխավորել է Եգիպտոսի կառավարությունը եւ բավականին մեծ ժողովրդականություն ու հեղինակություն է վայելել: Վարչապետ Իսամ Շարաֆի կառավարությունը ժողովրդական հուզումների ճնշման տակ անցած կիրակի օրը հրաժարական էր ներկայացրել: Երեքաշաբթի օրը, եգիպտացիներին ուղղած իր ուղերձում Ռազմական խորհրդի ղեկավարը հայտարարել էր, թե ընդունել է եգիպտացիների մեծամասնության վստահությունը կորցրած Շարաֆի կառավարության հրաժարականը եւ նախարարներին հանձնարարել էր շարունակել իրականցնել իրենց լիազորությունները՝ մինչեւ նոր կառավարության ձեւավորումը:
Կահիրեի Թահրիր հրապարակում հավաքված ցուցարարները, որոնք պատրաստվում էին ուրբաթ օրը զանգվածային բողոքի նոր ալիք բարձրացնել երկրում՝ «Վերջին հնարավորություն կամ ընկածների իրավունքը» կարգախոսով, ողջունել են նոր վարչապետի նշանակումը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Եգիպտոսում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: