Վաղը` նոյեմբերի 25-ին, Բելառուսի մարդու իրավունքների իրավիճակի միջազգային վերահսկողության կոմիտեն (Հայաստանում կոմիտեի ներկայացուցիչն է Հելսինկյան ասոցիացիան) կազմակերպում է ակցիա` ի պաշտպանություն «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի ղեկավար, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) փոխնախագահ Ալես Բելյացկու: Երևանում Բելառուսի դեսպանատան դիմաց նրան ազատ արձակելու և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով Երևանում Բելառուսի դեսպանատան դիմաց պիկետ կկազմակերպի` «Ազատություն Ալես Բելյացկուն», «Մեր և ձեր ազատությունների համար», «Ազատություն քաղբանտարկյալներին կարգախոսներով: Այս մասին Aravot.am-ին տեղեկացնում են Հելսինկյան ասոցիացիայից: Ի պաշտպանություն Ալես Բելյացկու` ակցիաները միաժամանակ կկազմակերպվեն մի շարք երկրներում՝ Ուկրաինայում, Ռուսաստանում և Ղրղզստանում:
Հավելենք, որ այսօր` նոյեմբերի 24-ին, Ալես Բելյացկուն դատապարտեցին 4,5 տարվա ազատազրկման: Բելառուսի իշխանությունները նրան ձերբակալել էին ակնհայտ քաղաքական շարժառիթներով՝ հարկերից խուսափելու մեղադրանքով: ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատարը, միջազգային կազմակերպությունները, հասարակական կազմակերպությունները և առաջատար երկրների կառավարությունները իրենց մտահոգությունն են հայտնել Ալես Բելյացկու նկատմամբ իրականացվող հետապնդումների վերաբերյալ, այդ քայլը գնահատել են իբրև իշխանությունների վրեժը Բելյացկու իրավապաշտպան գործունեության համար և քաղաքացիական հասարակությանը վախեցնելու փորձ, և պահանջել են անհապաղ ազատ արձակել իրավապաշտպանին: Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը Բելյացկուն ճանաչել է խղճի գերի: