Արամի 30 հասցեում տեղակայված շենքի քանդման դեմ հասարակական նախաձեռնության անդամների նոյեմբերի 23-ին կազմակերպած ակցիայի մասնակիցներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ տեղում հանդիպել են մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը և Երևանի ավագանու քաղաքաշինության հանձնաժողովի նախագահ Հրաչիկ Պողոսյանը: Վերջիններս մասնավորապես նշել են, որ տվյալ տարածքը ՀՀ կառավարության 2008 թ. նոյեմբերի 20-ի որոշմամբ ճանաչվել է որպես բացառիկ գերակա հանրային շահ և հայտարարվել է իրացման գոտի:
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նոյեմբերի 24-ին կողմերը հանդիպել են Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում,որին մասնակցել է նաև տվյալ հատվածում կառուցապատման նախագծի հեղինակ, ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանը: Լսելով հասարակական նախաձեռնությունների անդամների կարծիքները, Աշոտ Ալեքսանյանը նշել է, որ խնդրո առարկա շինությունը ընդգրկված չէ Ճարտարապետական բացառիկ արժեք ներկայացնող կառույցների ցանկում: Եվս մեկ անգամ ընդգծվել է, որ տարածքի իրացման վերաբերյալ կա կառավարության որոշում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն