Նոյեմբերի 22-29-ը Բալի կղզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հերթական նստաշրջանի ժամանակ որոշվելու է, թե 84 ազգային ավանդություններից որոնք են ընդգրկվելու «Ոչ նյութական ժառանգության» ցանկում: Հայաստանը 2 հայտ էր ներկայացրել՝ Վարդավառը եւ Հայ աշուղական սիրավեպը: Բալիում Հայաստանը ներկայացրել է ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը, նրա հետ Ինդոնեզիա են մեկնել Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային կոմիտեի քարտուղար Քրիստինա Մեհրաբեկյանը եւ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող Լիլիթ Երնջակյանը: «Առավոտի» տեղեկություններով, Արեւ Սամուելյանի թռիչքից օրեր առաջ արդեն մերժված են եղել Հայաստանի հայտերը, անգամ պատասխան է ստացվել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի քննելու դրանք, բայց տիկին Սամուելյանն այդ մասին էլեկտրոնային գրագրությամբ նախարարության Ոչ նյութական մշակութային ժառանգության վարչությանը տեղեկացրել է իր թռիչքից ժամեր առաջ:
Մշակույթի նախարարությունում սկզբում ձեռնպահ մնացին մեկնաբանել, թե ինչու են մերժվել Հայաստանի հայտերը. հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գայանե Դուրգարյանը սկզբում ասաց, թե մեր հարցերին կպատասխանեն, երբ Երեւան կվերադառնա Արեւ Սամուելյանը, այնուհետեւ հավելեց, որ Հայաստանի հայտը վերադարձվել է լրամշակվելու համար, որովհետեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ֆինանսավորման խնդիր ուներ:
Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, ադրբեջանցիները մեծ ներդրում են ունեցել ի վնաս Հայաստանի հայտերի. նրանք պնդել են, թե աշուղական արվեստն ադրբեջանական է:
Դառնալով Բալիի դեպքերին՝ հավելենք, որ նոյեմբերի 23-ին, Հայաստանի ժամանակով 12:30-ի սահմաններում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքում հնարավոր էր ուղիղ հեռարձակմամբ հետեւել իրադարձություններին: Տիկին Սամուելյանն իրեն ընձեռված 2 րոպեանոց հնարավորությունը ամբողջովին ծախսեց Բալիի ժողովրդին ողջունելու եւ ոչ թե Հայաստանի հայտերը հիմնավորելու համար:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ