Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը Հայաստանի համար քաղաքական օրակարգի հարց է: Այսօր ասուլիսում Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ միությանն անդամակցելու հնարավորությունը կնպաստի նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորմանը:
Պարոն Սաֆարյանի կարծիքով, 2016-ին Եվրասիական միության միասնական արժույթը ռուբլին է լինելու. «Ռուբլին երաշխավորված է ու այն նույնիսկ կարելի է էներգետիկ ռուբլի համարել, նրա թիկունքում Ռուսաստանի էներգառեսուրսներն են»: Ինչ վերաբերում է եվրոյին ու դոլարին, Վ. Սաֆարյանը նկատեց, որ դոլարն արդեն կորցրել է համաշխարհային փող լինելու գաղափարը, եվրոն էլ փլուզման ճանապարհին է:
Նշենք որ, նոյեմբերի 18-ին Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի նախագահները ստորագրեցին Եվրասիական միություն ստեղծելու հռչակագիրը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ