Այսօր «Միասին» երիտասարդական շարժումը կազմակերպել էր երթ՝ Թամանյանի արձանի մոտից մինչեւ Հանրապետության հրապարակ: Երթի կարգախոսն էր. «Հայ երիտասարդը ուզում է տեսնել հայերեն տառեր: Մեր լեզուն հայերենն է»:
Առցանց «Առավոտի» հետ զրույցում «Միասին» շարժման ղեկավար Հակոբ Հակոբյանն ասաց. «Երթը նվիրված է հայերեն լեզվի անաղարտության պահպանմանը: Արդեն երկրորդ տարին անընդմեջ մենք հետեւողական պայքար ենք մղում օտարալեզու գրառումներով պաստառների, ցուցանակների եւ վահանակների վերացման ուղղությամբ»:
Երթի ընթացքում մի քանի կազմակերպությունների բաժանվեցին ծրարներ, որտեղ նշված էր, թե ցուցանակում կամ վահանակում որն է իրենց սխալը, եւ ինչպես պետք է շտկեն:
Ավելի ուշ երթի մասնակիցները կանգ առան Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի առաջ, որպեսզի հանձնեն վարչապետին հասցեագրված նամակը: «Մենք այս նամակով դիմում ենք վարչապետ Տիգրան Սարգսյանին, որպեսզի ավելի լուրջ զբաղվեն լեզվապահպանության խնդրով»,-ասաց Հակոբ Հակոբյանը:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ