Դեկտեմբերի 5-ին եւ 6-ին տեղի կունենան «Սեռասարսափ»բեմադրության հրաժեշտի ներկայացումները: «Բայց դա իմ հրաժեշտը չէ բեմից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց հեղինակ Վարդան Պետրոսյանը: Նա հավելեց, որ ներկայացումը սկսել էր խաղալ օգոստոսին, երբ շոգ էր ու քաղաքում մարդ չկար. «Բայց դահլիճները լիքն էին: Անթալիայի փոխարեն առաջարկել եմ մատչելի եւ զով դահլիճներով տարբերակ»: Դերասանի խոսքերով` հանդիսատեսը հասկացել է «Սեռասարսափը»` չնայած մարմնավաճառների եւ կայ կնոջը ծաղրելու վերաբերյալ հնչած քննադատությանը. «Յուրաքանչյուր հասարակություն ունի իր մարմնավաճառները: Եթե չունի` դա է խնդիրը»:
Վ. Պետրոսյանը նույնիսկ մարմնավաճառների մասին է ջերմությամբ խոսում. «Ներկայացման մեջ շատ հուզից դրվագ կա. հաճախորդը մոտենում է մարմնավաճառին եւ ճանաչում իր առաջին սիրուն`դասընկերուհուն»,-ասաց դերասանը, որի կարծիքով` մարմնավաճառներին էլ պետք է շքանշան շնորհել. «Նրանք պակաս օգտակար գործ չեն անում»:
Վ. Պետրոսյանի կարծիքով` պետությունը կոչված է կառավարել նաեւ արվեստը. «Այն պետք է ֆինանսավորվի, իսկ ստեղծագործողն ազատ է իր կտավի առաջ»: Ինչպես հավաստիացրեց արվեստագետը, իրեն երբեւէ չեն վախեցրել եւ չեն պարտադրել անդրադառնալ որեւէ թեմայի. «Բեմի վրա պետք է կանգնել բեմի օրենքներով: Ես քննադատության համար մարդկանց չեմ անպատվում»: Արվեստագետը հավելեց, որ իշխանությունների շրջանակներում ծանոթ մարդ չունի` չնայած այն հանգամանքին, որ փոքր ազգ ենք:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ