Այսօր «Հայելի» ակումբում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանի եւ ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանի մասնակցությամբ հրավիրված բանավեճի ժամանակ, անդրադառնալով սփյուռքահայ հայտնի գործարար Լեւոն Հայրապետյանի՝ նախօրեին արած բավականին կոշտ հայտարարություններին՝
կապված մեր երկրում ահռելի չափերի հասնող կոռուպցիայի, պետական համակարգում առկա անգրագիտության եւ ձեւավորված օլիգարխիայի հետ, ինչը գործարարը համարել էր Հայաստանի գլխավոր չարիքները, Արտակ Զաքարյանն ասաց. «Այս օրերին բոլոր անհատ կառույցներ ներկայացնող քաղաքացիներ, կազմակերպված շահեր ներկայացնող քաղաքական գործիչներ ու առանցքային դեմքեր փորձելու են ինչ- որ կերպ մասնակցություն ունենալ եւ իրենց դիտարկումներն անել Հայաստանի ներսում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: Չի կարելի ասել, որ Լեւոն Հայրապետյանի հարցազրույցում չկան օբյեկտիվ իրականություններ եւ չի կարելի ասել, որ ամեն ինչ վերցված է պարզ իրողություններից: Այնտեղ կան բազմաթիվ վիճելի դրույթներ, որոշակի առումով չափազանցված մոտեցումներ: Մենք, փառք Աստծո, նորմալ, բաց հրապարակային քաղաքական համակարգ ունենք, եւ դրա համար էլ բոլորի ձայնը լսելի է»:
Տիկին Գալստյանի կարծիքով էլ. «Այսօր մամուլը ողողված է Լեւոն Հայրապետյանի մատնանշած գործարարության եւ քաղաքականության սերտաճման մասին: Սակայն հարցն այն է՝ ով է ասում եւ երբ է ասում: Առաջին նախագահն ուժի մեջ չէ եւ հեշտ է նրա անունը տալ: Ինձ ոչ զարմացնում, ոչ էլ առանձնապես հետաքրքրում են պարոն Հայրապետյանի ասածները, ես հակված էլ չեմ վերլուծել նրա մոտեցումները:
Սակայն ես գնահատում եմ, որ մարդը, որը գործարար է եւ լավ ճանաչում է Հայաստանն ու ներդրումներ ունի Արցախում, համարձակություն ունեցավ այդ ճշմարտությունն ասելու, վաղուց են, որ Հայաստանում քաղաքական եւ տնտեսական ռեպրեսիաներն իրար հետ են աշխատում»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ