Այսօր Aravot.am-ը «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից հետաքրքրվեց՝ համաձա՞յն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի՝ նախօրեին արված կանխատեսմանը, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն հնարավոր է հայտնվեն ապագա խորհրդարանում, իսկ «Ժառանգությունը» մնում է օդում: Ըստ տիկին Բիշարյանի՝ «Ինձ համար դժվար է որեւէ քաղաքական կանխատեսում անել, դժվար է որեւէ քաղաքական թիմի համար գուշակել ապագան, բայց գտնում եմ, որ քաղաքական ուժերը կարող են ունենալ ակնկալիքներ, եթե տարիների ընթացքում շատ լավ են աշխատել: Քաղաքական ուժերի համար ընտրությունները դժվար պայքար են, դա տարիների աշխատանք եւ ջանք է պահանջում, որպեսզի հետո հավաքեն այդ աշխատանքի արդյունքները: Ես կդժվարանամ ասել «Ժառանգության» մասին, քանի որ չգիտեմ, թե նրանց ներկուսակցական կազմակերպչական աշխատանքներն ինչ վիճակում են գտնվում»:
Լրագրողները Հեղինե Բիշարյանից փորձեցին ճշտել՝ թե ՕԵԿ-ի հին անդամների վերադարձը, որի մասին լուրեր կան, հնարավո՞ր է: Պատգամավորը զայրացավ հատկապես, երբ Գագիկ Մխեյանի անունը լսեց. «Նա մեր կուսակցության անդամը չէ, ինչպե՞ս կարող է վերադառնալ: Այդ հարցը փակեցինք, չկա նման բան: Նրանք, ովքեր այլեւս ՕԵԿ անդամ չեն 5 կամ ավելի տարիներ, նրանց հետ ես էլ թեմա չունեմ խոսելու, նրանք այլեւս մեզ հետ առնչության որեւէ եզրեր չունեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ