ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի Facebook-ում անձնական էջն այս օրերին ողողված է Սյունիքում ուրանի հանքերի հնարավոր շահագործման դեմ քաղաքացի-օգտատերերի գրառումներով: «Ուրանի հանքի շահագործումը Հայաստանում ցեղասպանություն է խաղաղ պայմաններում: Մենք դեմ ենք Հայաստանում ուրանի հանքի հնարավոր շահագործմանը» եւ այս բնույթի հայտարարությունները բազմաթիվ են: Նախաձեռնությունը «Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամինն է, որը այս ձեւով մի նոր ակցիա է սկսել Սյունիքի մարզում ուրանի որոնողական աշխատանքների դեմ: Երկու օրում 70-ից ավելի քաղաքացի է միացել նախաձեռնությանը, նրանց թիվը դեռ շարունակվում է աճել: «Քանի որ Լեռնաձոր համայնքում վերսկսվել են ուրանի հանքի որոնողահետախուզական աշխատանքները, իսկ անցած տարի կառավարությունը, ի պատասխան մեր մտահոգությունների, բողոքի ակցիաների՝ պատասխանել էր, որ դադարեցնում են որոնողահետախուզական աշխատանքները, քանի որ բավարար քանակությամբ պաշարներ չեն հայտնաբերվել, իսկ վերջին մեկ շաբաթն արդեն տեխնիկա են բերել Լեռնաձոր, եւ կրկին լարված մթնոլորտ է տիրում, ակցիայի այս նոր եղանակով փորձում ենք կառավարության ուշադրությունը հրավիրել հանրությանը մտահոգող խնդրին: Ակցիան դեռ շարունակվում է, մասնակիցները պահանջում ու սպասում են, որ վարչապետն արձագանքի բոլորիս մտահոգությանը», – պարզաբանում է հիմնադրամի նախագահ Արմեն Փարսադանյանը:
Այս կոչին զուգահեռ ավելացել է նաեւ «Stop uranium mining in Armenia» («Դադարեցրեք ուրանի հանքահանումը Հայաստանում») ֆեյսբուքյան խմբի օգտատերերի թիվը:
Արմեն Փարսադանյանի խոսքով, առաջիկայում հանդիպումներ կկազմակերպվեն Կապանի եւ Գորիսի տարածաշրջանի եւ հ/կ ներկայացուցիչների հետ, իսկ հորատման աշխատանքները չդադարեցնելու դեպքում շատ հավանական է կրկին հանրահավաք անցկացվի մարզկենտրոնում:
Կարդացեք նաև
ՄԵՐԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ