Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թող ստեղծվի վատ արձանների պուրակ

Նոյեմբեր 24,2011 13:41

Առաջարկում է ՀՀ վաստակավոր նկարիչ Դավիթ Մինասյանը

«Առավոտի» զրուցակիցը՝ քանդակագործ, բեմանկարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ Դավիթ Մինասյանը, առավել հայտնի դարձավ 2007 թ. Երեւանում տեղադրված «Տղամարդիկ» ֆիլմի հերոսների արձանախմբով։ Երեւանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի արտաքին ձեւավորումը՝ դիրիժորի, ստեղնաշարի, նոտաների համադրությամբ, նույնպես հեղինակի աշխատանքն է, որի բացման արարողությունը կկայանա դեկտեմբերի 2-ին։

Վերջին շրջանում Երեւանում տեղադրված դասական եւ ժամանակակից աշխատանքները միանշանակ չեն ընդունվում թե մասնագետների, թե արվեստասերների կողմից: Ասվածի «փայլուն» օրինակ է Դավիթ Բեջանյանի «Առնո Բաբաջանյան» հուշարձանը։ Ինչի առիթով էլ Դ. Մինասյանը ունի հստակ պատասխան. «Դասական կամ ժամանակակից աշխատանքները արվեստագետի համապատասխան մտածելակերպի հետեւանք են։ Եթե հեղինակը թեմայի, ձեւի ու բովանդակության ճիշտ բացահայտումներ է արել, ապա արդյունքը գերազանց է լինում»։ Հավելեց նաեւ, որ կոնկրետ այն, ինչ որ ընդունված է ասել դասականից դուրս, մեզ մոտ բացակայում է։ Մեր զրուցակիցը զուգահեռներ անցկացրեց Ա. Բաբաջանյանի եւ Ա. Խաչատրյանի արձանների միջեւ, ասելով. «Գուցե իմ կարծիքը սուբյեկտիվ է, բայց Առնոյին նայելիս տեսնում ես հենց նրա երաժշտական աշխարհը, որտեղ կան հույզեր, դրամատիզմ: Ինչպես ասում են՝ անտարբեր չես անցնի այդ աշխատանքի կողքով, մի բան, որ չեմ կարող ասել Խաչատրյանի մասին…»։

Դ. Մինասյանի համոզմամբ՝ պետք է ուշադիր ընտրել քաղաքում տեղադրվող հուշարձանները, որպեսզի դրանք բավարարեն ոչ միայն տեղացիներիս, այլեւ եկվորներին. «Արդյո՞ք այդ աշխատանքները մեկ դար հետո էլ արդիական կթվան»։

Դիտարկմանը, թե մեզանում արձանները տեղադրվում են նախապես հայտարարված մրցույթների արդյունքում, արվեստագետը կարեւորելով դրանց դերը, նախ նշեց, թե ինքը կողմ է մրցույթներին, առավել եւս ցենզուրային, հետո էլ հայտնեց հետեւյալը. «Կան աշխատանքներ, որոնք պարզապես վատն են, սակայն ցավ եմ ապրում, երբ լավ աշխատանքն է հանվում։ Օրինակ՝ Մերկուրովի լավագույն գործերից մեկը՝ Լենինի արձանը։ Այն գուցե տեղափոխեին այլ վայր: Իսկ ինչո՞ւ, այդ դեպքում Շահումյանի հուշարձանը, ով նույն ժամանակաշրջանի, ռեժիմի «մարմնացում» էր, չտեղաշարժեցին… Կառաջարկեի հետեւյալը. եթե կան իսկապես վատ արձաններ, որոնք հարիր չեն ոչ միայն մեր քաղաքին, այլեւ մեր մշակույթին, ապա առաջարկում եմ ստեղծել հենց վատ արձանների պուրակ։ Չստացվածներն ու չհաջողվածները պետք չէ տեղափոխել մարզեր, ինչը հաճախ է արվում»։

Հարցին՝ կողմնակի՞ց է եվրոպական քաղաքների փողոցներում տեղադրված էրոտիկ քանդակներին, Դ. Մինասյանը պատասխանեց. «Միանշանակ դեմ եմ։ Օրինակ՝ Վեներայի մերկ մարմնի բարձրարվեստ ցուցադրումը չես համեմատի բռնաբարություն կամ համասեռամոլություն պատկերող արձանների հետ»։

Դ. Մինասյանը հեղինակ է նաեւ շուրջ 40 թատերական աշխատանքների. այդ թվում «Մուսա լեռան 40 օրը», «Մեղրը» եւ այլն:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930